Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Պետք է պայքարել յուրաքանչյուր գյուղական դպրոցի պահպանման համար» (Տեսանյութ)

Մարտ 15,2013 14:00

Նախարարը ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագիրը

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ներկայացրեց «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» նախագիծը:

Նախարարը փաստեց, որ ԿԳՆ-ն նախորդ երկու տարիների համար ուներ նման ծրագիր, որն ամբողջությամբ իրականացվել է, ներկայացվել են արդյունքները: «Մեր մասնագետների կողմից մշակված 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի նախագիծը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին: Այն հանրային քննարկման է դրվում մինչ ապրիլի 15-ը: Մենք շահագրգիռ անձանց կողմից կսպասենք առաջարկների»,-ասաց նախարարը:

Ամփոփելով  նախորդ տարվա ձեռքբերումները` Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլոր իրավական ակտերն անցնում են հակակոռուպցիոն փորձաքննություն, իսկ կրթության մեկ աստիճանից մյուսին անցնելն ավելի վստահելի է դարձել, ներդրվել են մրցակցային մեխանիզմներ:

2013-2014թթ համար մշակված հակակոռուպցիոն ծրագրի վերաբերյալ Աշոտյանն ասաց, որ այն որպես ռիսկային ուղղություն է դիտում սովորողների գնահատման խնդիրը, պետական միջոցների տրամադրման հասցեականության եւ արդարության սկզբունքի պահպանումը եւ կադրային քաղաքականության մեջ մրցույթների իրականացումը. «Իսկ սովորողների գնահատման ասպարեզում առաջարկում ենք քննարկել ադապտիվ թեստավորման համակարգի ներդրումը»:

Նախարարի դիտարկմամբ. «Տարեկան 5-6 հազար աշակերտ 9-րդ դասարանից հետո  չի շարունակում կրթությունը ոչ մի մակարդակում: Ակնհայտ է, որ այդ երեխաները հետագայում գործազրկության համար ավելի մեծ ռիսկային խումբ են դառնում: Խնդիր է դրվում այդ երեխաների ճակատագրերը ավելի լուսավոր դարձնել: Կրթության նոր ցենզի ներդրումը կապահովի կրթության ավելի բարձր կարողություններ,  ինչը հիմք կհանդիսանա հետագայում աշխատաշուկայում տեղը գտնելու գործում»:

Հակակոռուպցիոն ծրագիրը նախատեսում է նաեւ գյուղական թերհամալրված դպրոցների կրթության կազմակերպման  արդյունավետ համակարգի ներդրում: «400 գյուղական դպրոց այսօր որակի ապահովման տեսանկյունից դժվարանում է կազմակերպել  կրթական գործընթացը`  բազմակոմպլեկտ դասարանների առկայության դեպքում: Իսկ մշակվող մեխանիզմները թույլ կտան այնպես անել, որ դպրոցները չփակվեն: Պետք է պայքարել յուրաքանչյուր գյուղական դպրոցի պահպանման համար»,-փաստեց նախարարը:

Պարոն Աշոտյանը նաեւ նշեց, որ ծրագրի համաձայն` աշխատանքներ կտարվեն ուսումնարանների եւ քոլեջների ցանցի արդիականացման ուղղությամբ:

Նախարարը նաեւ ասաց, որ վերամշակվել է մրցութային կարգը` դպրոցների տնօրեններին չտալու համար այն իրավունքները, որոնք նրանք նախկինում ունեին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031