Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ մայնինգի» հանքի աշխատակազմը երեկ մեկ ժամից ավելի հրաժարվում էր գիշերային հերթափոխի մտնել

Մարտ 15,2013 13:44

Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հանքի աշխատակազմը գիշերային հերթափոխի չէր մտնում` այդպիսով իր դժոգհությունը հայտնելով տնօրինությանը՝ հանքի աշխատակից, մեքենավար Արմեն Խուրշուդյանին անհիմն աշխատանքից ազատելու համար:

Աշխատանքից ազատված մեքենավարի խոսքով` երեկոյան աշխատանքի գնալիս տեղում պատահական պարզել է, որ իր մուտքի քարտն արգելափակված է, իսկ ինքը` աշխատանքից ազատված: Երեկ հանքի անձնակազմը մոտ մեկ ժամից ավելի հանք չի մտել, աշխատակիցները պահանջել են գործընկերոջը նույնպես  թույլ տալ հանք մտնել եւ աշխատանքից անօրինական չազատել:

Արմեն Խուրշուդյանը հավաստիացնում է, որ իրեն առանց որեւէ օրինական հիմքի են ազատել, դիմելու է դատարան` իր իրավունքները պաշտպանելու համար: «Լրիվ անօրինական  են ինձ աշխատանքից ազատել, պատճառ չկար: Դաժե շոկի մեջ ենք, թե խի պիտի տենց բան անեին: Միակ պատճառն էն ա երեւի, որ ասում ենք՝ մեր աշխատած փողը խի՞ չեք տալիս, դրա համար բռնել  են ազատել, ֆսյո..: Անշուշտ ես դիմելու եմ դատարան, ազատման թղթին եմ սպասում, տեսնեմ ինչով են հիմնավորում: Ինձ ասել են, իբրեւ գողության կասկածանքով, ու ես շատ վիրավորված եմ, իրենք պիտի հիմնավորեն իրենց ասածները: Երեկ իրկունը հանքի ամբողջ անձնակազմը կանգնած էր հանքի դեմը, ես  խնդրեցի բոլորին, որ գնան աշխատանքի, իմաստ չկար կանգնեն, քանի որ կոպիտ ասած ժողովրդին շան տեղ դնող չկար, երեկ ոչ մի ղեկավար չմոտեցավ հավաքվածներին», – ասաց Արմենը, ով 3 տարի է հանքում էր աշխատում:

Ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանի փոխանցմամբ` նույնիսկ ինքն է միջնորդություն ներկայացրել տնօրինությանը, որպեսզի վերջինիս ազատման հրաման չտրվի, սակայն միջնորդությունը մերժվել է, եւ հենց երեկ ազատման հրաման տրվեց:

Հիշեցնենք, որ հանքի աշխատողները վերջին օրերին իրենց դժգոհությունն էին բարձրացրել  եւ տնօրինությունից պահանջում էին վճարել հավելավճարները: Կոմբինատի աշխատակիցները գտնում են, որ իրենց գործընկերոջը աշխատանքից ազատել են հենց այդ պատճառաբանությամբ: «Ես ուղղակի  ասել եմ ժողովուրդը մեղք ա, 2 կոպեկ  թող ավելացնեն փողերը: Ես մոտեցել եմ արհմիության նախագահին, խնդրել ներկայացնի տնօրինությանը, որ  ընդհանուր ժողով անի եւ սաղ բանվորության ներկայությամբ պարզաբանվի իրավիճակը, պետք չի մի քանի հոգու կանչեն աչքներին թոզ փչեն, թող բոլորի նեկայությամբ ասեն, թե ի՞նչն ա պատճառը, որ նույն աշխատողին արտասահմանից բերում են մեզ մոտ 4 անգամ ավել աշխատավարձ են տալիս, իսկ մեր բանվորին չեն կարողանում տան: Իսկ ինձ դրա փոխարեն կանչել են իրենց մոտ, եւ  կադրերի  բաժնի վարիչն էլ դեմքիս նայելով ասաց, որ հեռացված եմ աշխատանքից` իբրեւ գողության, չաշխատելու եւ լիդերության համար: Ասեցի գոնե մեկը հիմնավորեք, ես ներողություն կխնդրեմ ու կլքեմ հիմնարկը»,- նշեց Արմեն Խուրշուդյանը եւ հավելեց, որ հիմնավորում տալու փոխարեն իրեն խորհուրդ են տվել նեղանալ  ոչ թե ընկերության ղեկավարությունից, այլ` երկրի ղեկավարությունից:  «Ասեցին մեղավորը ձերոնք են, իրենց մեղադրեք: Իսկ էսօր էլ տնօրեն Հրաչ Ջաբրայանը կանգնեց դեմս ու  ասաց՝ դու չես աշխատելու էս հիմնարկում,  տենց եմ ուզում` տենց եմ անում», – ավելացրեց աշխատանքից ազատված հանքի նախկին աշխատակիցը:

Նշենք, որ փետրվար ամսվա հավելավճարների տրամադրման պահանջով հանքի աշխատակիցների եւ տնօրինության միջեւ բանակցություններ էին ընթանում, որի վերաբերյալ ընկերությունը հրաժարվեց պաշտոնական որեւէ ինֆորմացիա տրմադրել, թեեւ մշտապես բարձրաձայնում է բաց եւ թափանցիկ գործունեության մասին, իսկ աշխատողների եւ տնօրինության  հանդիպման ներկա գտնվելու մեր խնդրանքն էլ մերժեց` հիմնավորելով, որ դա ընկերության ներքին հանդիպումներն են, եւ  ներկա գտնվել չենք կարող:

Մեզ միայն տեղեկացրեցին, որ առաջիկայում հանդիպում կունենան լրագրողների եւ հ/կ ներկայացուցիչների հետ եւ մեզ հետաքրքրող հարցերը կարող ենք այդ ժամանակ արծարծել: Իսկ տնօրինության եւ աշխատակիցների հանդիպման վերջնական արդյունքի մասին միակ տեղեկատվությունը հաջողվեց ստանալ Դինո գոլդի արհմիության նախագահից:  «Հանդիպումն ավարտվեց նրանով, որ տնօրինությունը խոստացավ մինչեւ տարեվերջ 45 հազար տոննա հանքաքարից ավելի ապահովելու դեպքում կոմբինատի ամբողջ աշխատակազմին 1 ամսվա աշխատավարձ տրամադրել: Գրությունն ինձ մոտ է: Իսկ աշխատողները բնականաբար մտածում են, թե այս ամիս իրենց կատարած աշխատանքի դիմաց ինչի՞ պիտի այդ գումարը չստանան», -տեղեկացրեց արհմիության նախագահ պարոն Հայրապետյանը:

Այսօր Դինո գոլդը հանդիպում է նախատեսում անցկացնել լրատվամիջոցների եւ հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Հուսով ենք, պաշտոնական որեւէ տեղեկատվություն կհաջողվի ստանալ ընկերությունում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031