Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի պատասխանը իր տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին

Մարտ 15,2013 13:05

 

Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլև քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով: 

Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ  և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ Օմբուդսմենի բարձրացված համակարգային խնդիրների վերաբերյալ:  Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող Փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության և օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաև վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից և ոչ մեկում  ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով:

Նորից կրկնում ենք ոչ տեղյակ հանրության և առանձին պաշտոնյաների համար: Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած և չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտ նույն աղբյուրներից են օգտվում աշխարհի բոլոր օմբուդսմեններըև ճիշտ նույն ինդուկցիոն մեթոդով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուր խնդիրներ:

Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում Օմբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին: Փոխվելու է այդ ոլորտի վիճակը, եթե ոլորտը ղեկավարում է լայնախոհ և բանիմաց առաջնորդ: Այլապես,հուսանք,փոխվելու են մարդիկ, որոնք ոչ միայն դեռևս արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները, այլև ի վիճակի չեն քննադատությունը  ընկալել ողջամտորեն և բարելավել իրենց աշխատանքը:

Եվ վերջում,իրենց ոլորտներում կոռուպցիոն և ապօրինի դրսևորումների մասին այդքան անտեղյակ պաշտոնյաներին հուսանք շուտով կօգնեն Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծառայությունները: Զուգահեռաբար այդ պաշտոնյաները մեր կողմից բարձրացված խնդիրների մասին բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ իրենց ոլորտների հետ թեկուզ հպանցիկ ծանոթություն ունեցած գրեթե յուրաքանչյուր քաղաքացուց, եթե այդ քաղաքացիները իրենց էլ վստահեն և չվախենան այդպաշտոնյաների վրեժխնդրությունից:

Հարգանքով, համբերությամբ, բոլոր հարձակումներին դիմագրավելու պատրաստակամությամբ՝

 

Կարեն Անդրեասյան 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031