Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական միջադեպը՝ Ազատության հրապարակում

Մարտ 15,2013 13:17

Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթական միջադեպը եղավ: Մի բաքվեցի կին, մոտենալով Րաֆֆի Հովհաննիսյանին, նյարդային սկսեց բղավել, թե ինչի՞ ես եկել ստեղ նստել, ուզում ես կռի՞վ լինի:

Ժառանգականները միանգամից սկսեցին հավաքված մարդկանց կոչ անել, որ չտրվեն սադրանքին եւ կնոջը մի թթու խոսք չասեն: Լսելով, որ կինը Բաքվից է եկել, ներկաները նետեցին, թե՝ էդ չե՞ս, թուրք ես, էլի: Կինը սկսեց վիրավորել ներկաներին, միջամտությանը խառնված Արմեն Մարտիրոսյանին անվայելուչ խոսքեր ասել, Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհներին բղավել. «Պաշոլ վոն, այ հիվանդ, պրիդուրոկ»:

Կնոջ խոսքերով՝ ընտրություններն արդեն եղել են, մեր ինչի՞ն են պետք կրկնակի ընտրություններ, որ Րաֆֆի Հովհաննսյանը պահանջում է. «Հիմի մենք ուժեղ նախագահ ունենք»:

Կինը չներկայացավ, անուն-ազգանունը չասաց: Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ իրեն չեն ուղարկել, իր կամքով է եկել. «Հեռուստատեսությամբ տեսա, որ Րաֆֆին նստել, հացադուլ է անում: Երկու տղա ունեմ, Բաքվից եմ եկել, չեմ ուզում տղերքս կռվի գնան: Ինչի՞ համար: Եկել եմ ասեմ Րաֆֆիին՝ ստեղ ինչի՞ ես նստել: Ես սկի Սերժին չեմ ճանաչում, որ իրա ասելով գամ»:

Սա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 6-րդ օրն է: Նա նորից մոտենում է մարդկանց, ժպտում, երեխաների ճակատը համբուրում, վստահեցնում մարդկանց, որ չպետք է վհատվեն, քանի որ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան ցանկացած իշխանություն:

Ուշագրավ է, որ Ազատության հրապարակում այլեւս չկար երեկ հացադուլ հայտարարած թոշակառու գյուղացի պապիկը: Հավաքված մարդիկ պատմեցին, որ պապիկը բանակում ծառայող տղա ունի, սպառնալիքներ է ստացել եւ գնացել է Բաղրամյան 26:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031