Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսության զարգացման համար այն նախարարները, որոնք տարիներով չեն իջնում իրենց աթոռներից` պետք է փոխվեն:
Այսօր «Սլաք» ակումբում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով տնտեսության մարտահրավերներին ասաց, որ նախընտրական փուլում տնտեսությունը սպասումների մեջ է եղել, իսկ այժմ եկել է պահը, որ տնտեսությունը մտնի զարգացման փուլ, ինչի համար անհրաժեշտ է ոչ միայն կայունություն, այլեւ փոփոխություններ, ընդ որում՝ ոչ միայն կառավարության կազմում, այլեւ ինստիտուցիոնալ, սկզբունքային փոփոխություններ: Ինստիտուցիոնալ փոփոխություն ասելով տնտեսագետը նկատի ունի այն մարդկանց, նախարարներին, որոնք իր խոսքով`տարիներ շարունակ չեն իջնում իրենց աթոռներից:
«Այսօր քննարկման փուլում է գտնվում 2012-2025 թվականների ռազմավարական նախագիծը: Այնտեղ լուրջ խնդիրներ կան: Այն նպատակները, որ դրված են Հայաստանի տնտեսության առաջ՝ 5-7% աճ, դա պետք է դիտարկել որպես ներքեւի սահման, որովհետեւ մեր հնարավորությունները կարող են թույլ տալ 10-11% տնտեսական աճ: Գյուղատնտեսության ոլորտում կարելի է ակնկալել զարգացումներ, շինարարության ոլորտում աշխուժացում, եւ պետք է գնահատել ստվերի կրճատմանն ուղված քայլերը: Անշարժ գույքի շուկայում անցյալ տարի ակնկալվում էր գների բարձր մակարդակ` պայմանավորված Սիրիայից Հայաստան տեղափոխվածների հոսքով»:
Կարդացեք նաև
Մանասերյանի խոսքով` Հայաստանում ներդրումներն արվում են այն երկրների կառավարությունների կողմից, որոնք ունեն շահ.«Ժամանակն է, որ մեր կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի ներքին ներդրումներին, ես վերապահումով եմ մոտենում օտարերկրյա ներդրումներին, որովհետեւ դրանք անկանխատեսելի ավարտ կարող են ունենալ»:
Մանասերյանը տեղեկացրեց, որ Հայաստանից ֆինանսական արտահոսք կա, դա ամբողջովին կանխել հնարավոր չէ, բայց արտահոսքը նման չափերի չպետք է հասնի: Ըստ նրա՝ արտահոսքի տեմպերը չափել հնարավոր չէ, բայց օրինակ անցյալ տարի որոշ կրճատում է նկատվել, 2009 թվին է մեծ եղել արտահոսքը, մոտ՝ 2-3 միլիարդ դոլարի չափով:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ