Լրահոս
Օրվա լրահոսը

Անսարք բիոզուգարանով՝ զբոսաշրջություն

Մարտ 15,2013 12:33

Պարզվում է՝ 2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տեւական ժամանակ է, ինչ չեն շահագործվում։ Նշենք, որ դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու հարակից տարածքում։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Զուգարանը տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից։ Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին։ Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատել, միացրած թողեցին ու գնացին։ Երեկ էլ երկու պարսիկ մոտեցան, մի կերպ հասկացա, որ զուգարանի կարիք են զգում։ Ասացի, որ չի աշխատում, խեղճերը մոտեցան, մի քանի կոճակ սեղմեցին ու փոշմանած գնացին։ Էս վերջերս էլ մի աղջիկ եկավ, ես էլ նրանից հետաքրքրվեցի, թե երբ է աշխատելու, պատասխանեց, որ հանձնելու են եկեղեցուն»։

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանը անսարքության պատճառով չի աշխատում. «Ինչ տեղադրվել է, երբեւէ չի աշխատել։ Դե պետք է ազգային մրցունակության հիմնադրամից գան, ինչ-որ անսարքություն կա, վերացնեն, որ շահագործման հանձնեն։ Պետք է համապատասխան մասնագետ գա, որ այդ անսարքությունը վերացնի։ Բայց ապրիլին են գալու վերանորոգեն, ոչ հիմա։ Ասել եմ՝ մասնագետնե՛ր, փորձարկեք, նո՛ր հանձնեք համայնքներին»։

Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարանևերը Հայաստան բերելու համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր զուգարանն արժե ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար։ Պետական պաշտոնյաների համոզմամբ՝ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար։ Հավելենք, որ բիոզուգարաններ ձեռք բերելու մտադրության մասին կառավարությունը բարձրաձայնել էր դեռ 2010թ., սակայն այդ ժամանակ 2 բիոզուգարանի համար պետբյուջեից 100 մլն դրամ էր հատկացվել։ Իսկ թե ինչու 100 մլն-ն դարձավ 124 մլն, հայտնի չէ։

Նշենք, որ զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով՝ 200 դրամ վճարով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի՝ ժամանակակից հասարակական զուգարանների շահագործումը Հայաստանում կարող է դառնալ բիզնեսի նոր ոլորտ։ Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում գերատեսչության կողմից իրականացված պիլոտային (փորձնական) հետազոտությունները, որոնց շրջանակներում կառավարության կողմից 2010թ. տրամադրված միջոցներով շահագործման է հանձնվել 124 մլն դրամ արժողությամբ 2 հասարակական զուգարան՝ Երեւանում եւ Տաթեւի վանքի տարածքում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արա Պետրոսյանն ընդամենը 2 զուգարանի համար ահռելի գումարներ տրամադրելու քայլն արդարացնելու նպատակով լրագրողներին համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, եւ 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե։ Թե որքանով է իրատեսական այս ծրագիրը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ հասարակ թվաբանական հաշվարկ կատարելով. 124 մլն դրամը հետ բերելու համար հարկավոր է 635 հազար այցելու։ Եթե ընդունենք, որ օրական այդ զուգարաններից կարող է օգտվել 50 այցելու, կստացվի՝ հարկավոր է մոտ 35 տարի, որպեսզի 124 մլն-ն վերադառնա պետբյուջե։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031