Անկախ հետընտրական հետագա զարգացումներից, արդեն հանգիստ խղճով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի նախագահական վերջին ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի վաստակած քվեների քանակությունն անկանխատեսելի ու մեծ հաջողություն էին Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության » համար: Ընդ որում, ԿԸՀ- ի հրապակած պաշտոնական արդյունքները նկատի ունենք:
Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ ամենաանկախ ու ամենաընդդիմադիր սոցիոլոգները չէին կանխատեսում, որ նախագահական այս ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն այսքան պատկառելի քանակությամբ ձայներ կվաստակի: Քաղաքագետների, քաղտեխնոլոգների ու քաղսոցիոլոգների այսպիսի առատության պայմաններում որևէ մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների թվին գոնե փոքր-ինչ մոտիկ թիվ չգուշակեց: Լրագրողներն ու քաղաքական մեկնաբանները` ներառյալ:
Ավելին. բոլորը և առաջին հերթին լրատվամիջոցներն ու լրագրողները միաբերան ծաղրուծանակի էին ենթարկում Րաֆֆիի շռայլած բարևները, որոնք, ըստ իս, Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության ամենևին էլ ոչ երկրորդական գրավականն էին: Նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը երևի տասնյակ հազարավոր մարդկանց ձեռքով բարևեց, և կասկած չունեմ, որ ձեռքով բարևվածներից գրեթե բոլորը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, որովհետև ցանկացած քաղաքացի, ում ձեռքով բարևում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, միանգամայն մարդկայնորեն կերազեր, որ իրեն ձեռքով բարևածը դառնա Հայաստանի նախագահ: Եվ շատ հնարավոր է, որ նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքով բարևին արժանացած ընտրողները քանակով ավելի շատ լինեն, քան` Բագրատյանի կամ Հայրիկյանի օգտին քվեարկածները: Եվ միանգամայն տրամաբանական է, որ Րաֆֆիի համակիրներն իրենց սկսած շարժումն անվանում են «բարևի հեղափոխություն»:
Այսուհանդերձ, ինչքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրողներին ինտենսիվ բարևեր, ֆիզիկապես անգամ ի վիճակի չէր ընտրողների երեսունհինգ տոկոսից ավելիին բարևել: Դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեխնոլոգիաների զինանոցում այլ բարեմասնություններ էլ են եղել, որոնք պարտավոր ենք հասկանալ և քննության առնել:
Կարդացեք նաև
Անկարելի էր չնկատել, որ նախընտրական շրջանում` գրեթե ողջ քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանից լույս ու բարություն էր ճառագում: Երբեմն-երբեմն բարկացած ու անհանդուրժողական ելույթներ էլ էր ունենում, բայց հիմնականում խաղաղ ու հանդուրժող էր: Սա միանգամայն նորություն էր մեր հասարակության ու մեր ընտրողների համար, որովհետև, 96 թվականից սկսած, մեր ընդդիմադիրներն աչքի են ընկել ագրեսիվությամբ և անհանդուրժողականությամբ, ժողովրդին ու ընտրողներին երկու թշնամի հատվածների, սևի ու սպիտակի բաժանելու մոլուցքով: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն իր ընտրողներին ու չընտրողներին իրար դեմ չէր հանում, այլև իր հակառակորդների հանդեպ թշնամանք չէր սերմանում, ընդ որում` ժամանակ առ ժամանակ նույնիսկ իր հիմնական հակառակորդի մասին էր ընդգծված հարգանքով արտահայտվում: Եվ գրեթե նույն կերպ է արտահայտվում նաև հետընտրական օրերին` ընտրությունների արդյունքները վիճարկելիս:
Հիմա էս բաները գրում եմ, բայց հընթացս նաև մտածում եմ, որ Րաֆֆու բարևներն ու բարությունը ոչ թե քաղաքական ու նախընտրական տեխնոլոգիաներ էին, այլ Րաֆֆի Հովհաննիսյան անհատի մարդկային էությունն են, և, շատ հնարավոր է, մեր ժողովուրդն իսկապես հոգնել է մեր քաղաքական լիդերների ագրեսիվությունից ու վրեժխնդրությունից և արդեն քաղաքական լիդերների մեջ քրիստոնեական արժեքներն ու արժանիքներն է գնահատում: Մի խոսքով, շուրջ 1700 տարի առաջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած ժողովուրդը վերջապես սկսել է քաղաքական գործիչների մեջ քրիստոնեական հատկանիշներ ու արժանիքներ փնտրել:
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության հաջորդ պատճառն այն էր, որ ընդդիմադիր և այլընտրանքային մյուս ֆավորիտներն իրենց թեկնածությունը չառաջադրելով` կամա թե ակամա իրենց պոտենցիալ ձայների գեռակշիռ մասը գումարեցին Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներին:
Բայց, այս ամենով հանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության հիմնական պատճառը գործող իշխանություններից ժողովրդի դժգոհությունն էր:
Ասվածը չի նշանակում թե` բոլորն են Րաֆֆի Հովհաննիսյանից գոհ: Հատկապես հետընտրական շրջանում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր համակիրները շարունակում էին իրենց պայքարն ու հաղթանակի հույսեր էին փայփայում, տարբեր կողմերից Րաֆֆի Հովհաննիսյանն ու պայքարի իր մեթոդները քննադատության էին արժանանում: Իշխանամետներն ու չափից ավելի զգուշավորները Րաֆֆի Հովհաննիսյանին հեղափոխական համարելով` նրան հորդորում էին հեռու մնալ արաբական ու սիրիական տարբերակներից: Արմատականներն ու հեղափոխականներն, ընդհակառակը, Րաֆֆի Հովհաննիսյանին համարում էին չափից ավելի բարի և գտնում էին, որ նա հետագա գործողությունների կոնկրետ ու լուրջ ծրագիր չունի:
Րաֆֆի Հովհաննիսյանը չէր էլ կարող հետընտրական պայքարի կոնկրետ ծրագիր ունենալ, որովհետև գրեթե համոզված եմ, որ այս ընտրությունների արդյունքներն անակնկալ էին ոչ միայն քաղաքագետների, քաղաքական գործիչների, լրագրողների ու գրեթե բոլորի համար, այլև անձամբ Րաֆֆիի և իր «Ժառանգության » համար էլ էին անակնկալ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլն ամեն ինչ գլխիվայր փոխեց ու չափից ավելի կոնկրետացրեց: Այդուհանդերձ, այս պահին էլ է դժվար որևէ կոնկրետ բան կանխագուշակել: Հիմա արդեն իշխանություններից է քրիստոնեական մոտեցում ու վերաբերմունք ակնկալվում: