ԱԺ ԱԺ պետա-իրավական հանցերի մշտական հանձնաժողովը սկսեց նոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը
-10 րոպե է տեւելու, տիկին Զոհրաբյան:
-Դուք կձգձգեք, պարոն Հարությունյան, ես Ձեզ լավ եմ ճանաչում:
Այս երկխոսությունն այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից է Հայ Ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի մասին հարցը: Այսօր պարզ կդառնա` ընդգրկվելո՞ւ է հարցը ԱԺ նստաշրջանի օրակարգ, թե՞ ոչ: Բանն այն է, որ նիստը վարող Դավիթ Հարությունյանն առաջարկեց այս հարցը թողնել վերջում`նախ քննարկելով առավել կարճ քննարկումների ենթակա օրակարգային մնացյալ հարցերը, որպեսզի կառավարության ներկայացուցիչներին երկար չզբաղեցնեն: Նաիրա Զոհրաբյանը դուրս եկավ քննարկումից` գործընկեր եւ կուսակից Տիգրան Ուրիխանյանին խնդրելով. «Մարտի մեկի հարցը որ սկսվի`կզանգես»:
Հիշեցնենք, որ այս հարցի քննարկումը ժամանակավորապես դադարեցվել էր ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցության փոխհամաձայնության արդյունքում` սառեցնել հարցը մինչև նախագահի ընտրություններն ավարտվեն՝ քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով:
Կարդացեք նաև
Նախագահական ընտրություններից հետո հարցը դարձյալ օրակարգային է: Հիշեցնենք, որ հարցի զեկուցող, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, առաջարկելով սույն հանձնաժողովի ստեղծումը, հիմնավորել էր, որ հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:
Հիշեցնենք, որ 2008-ի դեպքերից հետո խորհրդարանում նման մի հանձնաժողով գործել է, որի ղեկավարն էր Սամվել Նիկոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ