Լրահոս
Օրվա լրահոսը

Նորկևորկովները պետք է հասկանան, որ պատմության անիվը ետ տալն անհնարին է

Մարտ 15,2013 12:03

Հայաստանում հանուն ազատության, արդարության և արժանապատվության բարձրացած ժողովրդային ներկա ալիքը համընկեց Հայրենիքի հետ վերամիավորվելու Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին:

Թեև Արցախը համահայկական պայքարի շնորհիվ ազատագրվել և փաստացի միացել է Հայաստանին, այնուամենայնիվ անցնող երկու տասնամյակների ընթացքում այն արհեստական միջոցներով` հոգեբանորեն, իրավականորեն և վարչականորեն պահվել է Հայրենիքից որոշակի հեռավորության վրա և այդ հանգամանքը Հայաստանում տիրող վարչախումբը տևաբար ծառայեցրել է իր շահերին:

Ներկայումս արցախահայությունը` ի դեմս իր ազգային և քաղաքացիական գիտակցության տեր հանդուգն ներկայացուցիչների,  առաջին անգամ միացել է Երևանում և Հայաստանի այլ շրջաններում ծավալվող հայրենակիցների պայքարին, ինչի դրսևորումը եղավ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, քաղաքացիական շարժման ներկայացուցիչ, նախկին հրամանատար Վահան Բադասյանի ելույթը Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքներից մեկում: Արցախահայությունն այսպիսով, ի սարսափ Երևանում նստած վարչախմբի ու նրա Ստեփանակերտյան դրածոների, սկսել է կոտրել արհեստականորեն ստեղծված հոգեբանական պատնեշը և վարչախմբի ձեռքից խլել Արցախյան հարցի շահարկման հաղթաթուղթը :

Վարչախումբը, գիտակցելով, որ սկսել է կորցնել իր զինանոցի ամենակարևոր զենքերից մեկը, Արցախի իր դրածոների միջոցով անցել է բիրտ հակազդեցության: Այն «բարձրացել» է ողորմելիության այնպիսի աստիճանի, որ Արցախի արժանապատիվ հայրենակիցների նկատմամբ ի գործ է դնում հալածանքի այն նույն մեթոդները, որոնք 25 տարի առաջ ազատագրական շարժման ակտիվիստների դեմ կիրառում էր Բաքվի կամակատար հայանուն Բ. Կևորկովը:

Արցախում Բաղրամյան 26-ի փաստացի լիազոր, վերջին երկու տասնամյակներում իր կասկածելի վարքով հայտնի գեներալ Արթուր Աղաբեկյանը Վահան Բադասյանին հրապարակայնորեն ներկայացրեց «հակապետական գործունեություն» վարելու և «կրակի հետ խաղալու» մեղադրանքներ: Իսկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հիշեցրեց, որ  ՀՀ-ն և ԼՂՀ-ն «երկու առանձին սահմանադրություններով», «երկու առանձին պետություններ» են… : Բադասյանի դեմ սկսել են նաև հարկային բնույթի հալածանքներ: Նորկևորկովները նաև խորհրդային մեթոդներով դիմում են «կոլեկտիվների» անունից ակտիվիստներին պախարակելու փտած ոճին` իրենցից նյութական և ծառայողական կախման մեջ գտնվող մարդկանց ստիպելով հանդես գալ պատերազմի հերոսի դեմ: Ոստիկանական ջոկատներն արգելում են ընդդիմադիր պատգամավորների հանդիպումները քաղաքացիների հետ:

Նորկևորկովները պետք է հասկանան, որ պատմության անիվը ետ տալն անհնարին է: Այնպես, ինչպես մոտ անցյալում համազգային պայքարի շնորհիվ Արցախն ազատագրվեց Բաքվի ու նրա դրածո Կևորկովի լծից, նույնպես և ներկայումս Արցախը ներառող միասնական Հայաստանը համահայկական ուժերով ազատվելու է նորգաղութարարության շահերը ներկայացնող և մեր երկիրն ու ժողովուրդն ստրկացնող այս վարչախմբից ու նրա նորկևորկովյան ղեկավարությունից:

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031