Սահմանադրական դատարանը երեկ ՀՀ նախագահի թեկանածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա կայացրեց որոշում. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա փետրվարի 25-ի 62-Ա որոշումը թողեց ուժի մեջ:
Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ ՍԴ-ի որոշումից հետո պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իրավական ճանապարհով հաղթանակի հասնելն արդեն անհնար է, այդ դեպքում ուրիշ ի՞նչ ճանապարհ է մատնանշվում նրա ղեկավարած շարժման հաղթանակի համար:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն հարցին այսպես պատասխանեց. «Սահմանադրական դատարանի որոշումը կանխատեսելի էր: Միակ տարբերակը, որ դատարանը դրական որոշում կկայացներ, այն էր, որ լինեին հասարակական լայն ճնշումներ դատարանի վրա: Սակայն նման բան չկազմակերպվեց, ինչպես դա եղավ 2008-ին: Այն ժամանակ իրավական ապացուցողական բազան լայն էր, այս անգամ չկա ոչ առաջինը, ոչ երկրորդը»:
Պարոն Բոզոյանը նշեց, որ Ր. Հովհաննիսյանն այս պարագայում ուներ երեք ճանապարհ ու մանրամասնեց. «Դա բռնությունների ճանապարհն է, կամ հեղափոխության ճանապարհը, մյուսը տուն գնալն ու չայ խմելը: Այս երկու ճանապարհները մերժելով՝ նա ավտոմատ հայտնվում է հացադուլի՝ երրորդ տարբերակի մեջ: Հացադուլով նա այդ խնդիրը քաղաքական դաշտից բարոյական դաշտ է տեղափոխում և փորձում է բարոյական կռիվ տալ: Մեծ հաշվով այս դաշտում ինքը ակամայից է հայտնվել, քանի որ մնացած երկու տարբերակները մերժում է: Իսկ քանի որ այս տարբերակը քաղաքական տրամաբանությունից դուրս է, հանգուցալուծումը մի շարք գործոններից է կախված: Աստված չտա, եթե նրա առողջական վիճակի հետ վատ բան տեղի ունենա, ապա դա իշխանության վրա ծանր կնստի: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանը չհաջողեց, նա կհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվեց Ստեփան Դեմիրճյանը: Ուստի եթե ընդդիմությունն ուզում էր հաջողության հասնել, ապա կոնսոլիդացված պիտի գործեր: Դա չեղավ, բնականաբար արդյունքը պիտի այդպիսին լիներ: Միայն մեծ համախմբման արդյունքում հնարավոր կլինի հաղթել պետական մեքենային: Այն հսկայական մեքենա է, որը երկրի ողջ վարչական համակարգն է ընդգրկում: Ամբողջ այդ բանակը ողջ ՀՀ-ով մեկ բուրգաձև համակարգով աշխատում է: Ուստի այդ համակարգին հաղթել միայն կարելի է մեծ կոնսենսուսի ճանապարհով»:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Մինասյանի կարծիքով՝ այս իրավիճակում ռացիոնալ ելք գոյություն չունի: Նա նաև նշեց, որ ելքի կանխատեսման համար լուրջ փաստեր են պետք, որոնց մեծ մասը չունեն: Այնուհետև հավելեց. «Առաջիկայում Երևանի ավագանու թեկնածուների ընտրության առաջադրման շրջանն է, և մարդիկ քաղաքական իմաստով այլ ռիթմով են սկսելու ապրել: Ր. Հովհաննիսյանն իր ներուժը պետք է փորձեր օգտագործել և հարաբերությունների մեջ մտներ մյուս ուժերի հետ: Բայց ժամանակը ցույց տվեց, որ դրա հնարավորությունը բաց է թողնված: Եթե չկա իրավական ճանապարհը, չկա նաև քաղաքականը: Իսկ հացադուլը քաղաքականության մեջ իռացիոնալ ճանապարհն է: Մանավանդ, երբ պահանջները սեփական, ոչ թե այլ անձի համար են դրվում: Դրա համար հացադուլը իր անձնական գործն է, ես դա չեմ մեկնաբանում, բայց այդ պահանջները, որ ինքն է ներկայացնում, քաղաքականության մեջ արդյունք չեն տա»:
Կանխատեսումներ անելով՝ պարոն Մինասյանն ասաց. «Արդեն մի քանի շաբաթ հետո իր գլխավորած շարժումը կբախվի հասարակական ակնկալիքների ճգնաժամի հետ, մարդիկ կտեսնեն, որ իրենց պահանջները չեն իրականանում և փոխաբերական իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում կմնա միայնակ: Այս պահին Ր. Հովհաննիսյանը պիտի ձգտի քաղաքական դաշտում դաշնակիցներ գտնել, քանի որ իր ռեսուրսները բավարար չեն: Ավելի խոշոր խաղացողների հետ դաշնակցության որևէ բանաձև է պետք գտնել, բայց փորձը ցույց տվեց, որ չկա նման բանաձև, քանի որ ոչ մեկ պատրաստ չէ լիդերությունը զիջել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սուտ է: Այս մարդիկ ԷԼԻ փորձում են սա պիտակավորել ‘Րաֆֆու պայքար’: Սա համաժողովրդական ԶԱՐԹՈՆՔ է: Ժողովուրդը բավականին իմաստուն ու կարող է: Հորդառատ գետը միշտ էլ ուղի է գտնում ծով հասնելու: