Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիքի գործիքները

Մարտ 15,2013 11:58

Կեղծիքի գործիքները նույնն են՝ ԿԸՀ եւ ԸԸՀ-ներ, Սահմանադրական դատարան, տարբեր սոցիոլոգներ ու սոցիոլոգիական հարցումներ անող կազմակերպություններ:

Երեկ այս փնջից մի քանիսը միաժամանակ հանդես եկան. ՍԴ-ն հրապարակեց իր միանգամայն կանխատեսելի վճիռը, իսկ Gallup կոչվող կազմակերպությունը հրապարակեց հերթական ուսումնասիրության արդյունքները՝ այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ: Դրանք ավելի քան «տպավորիչ» էին. երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետ է տեսնում Տարոն Մարգարյանին, 17 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 3 տոկոսը՝ Կարեն Կարապետյանին եւ ընդամենը 1 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մի կողմից, հասկանալի է իշխանությունների ցանկությունը, որն այսպիսի անմաքուր եղանակներով փորձում է ներշնչել հանրությանը: Մյուս կողմից՝ թերեւս հույսները մարդկային կարճ հիշողության վրա է:

 

Այս չարաբաստիկ կազմակերպությունը չէ՞ր, որ նախագահի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացիների 69 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին եւ ընդամենը 11 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Եվ անգամ համատարած խախտումների ու մեծ ցանկության արդյունքում իշխանություններին չհաջողվեց այս տոկոսները նկարել: Հիմա ի՞նչ երեսով են այս վայ-սոցիոլոգները նոր թվեր հրապարակում, իսկ իշխանական լրատվամիջոցներն էլ ծանր ու մեծ լուսաբանում ինչ-որ անհայտ մարդկանց կասկածելի ասուլիսն ու ավելի քան կասկածելի ուսումնասիրությունների արդյունքները: Մարդիկ, ի վերջո, ուշադիր հետեւում են այս ամենին, եւ սա, զայրույթից բացի, որեւէ այլ զգացում չի կարող առաջացնել: Արդյո՞ք այս մանիպուլյացիաները չեն պատճառը, որ մարդիկ դուրս են գալիս փողոց, գնում հանրահավաքի, քվեարկում իշխանական թեկնածուների դեմ եւ ընդդիմության օգտին:

Արմինե Օհանյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031