Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումները մի տեսակ անշուք անցան։
Այցի եւ հանդիպման մասին թե ռուսական եւ թե հայկական պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունները, մեղմ ասած, ձանձրալի էին։ Ըստ դրանց բովանդակության, ստացվում է, որ Սարգսյանն ուՊուտինը հանդիպել եւ զրուցել են տունուտեղից, հարեւաններից, եղանակից…: Հանդիպման ու քննարկման մասին պաշտոնական հաղորդագրությունների այսպիսի բովանդակությունը համադրելով այն խնդիրների հետ, որոնք ներկայումս կան հայ-ռուսական հարաբերություններում, կարելի է վստահաբար պնդել, որ այդ քննարկումների բովանդակությունը դիտավորյալ է թաքցվում հանրությունից։ Դժվար չէ կռահել, թե ինչի մասին են զրուցել Սարգսյանն ու Պուտինը։ Եւ դրա համար ընդամենը պետք է նայել, թե վերջին շրջանում ինչ է քննարկում Պուտինը՝ ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ։ Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ, Պուտինը ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Այդ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում՝ Պուտինը շատ պարզ ու մատչելի նախադասություններով բացատրում էր, թե ինչ կլինի այն երկրների հետ, որոնք չեն անդամակցի Ռուսաստանի նախաձեռնած «Մաքսային միություն» կոչվող կառույցին։ Այս կառույցը արեւմուտքում գնահատվում է որպես Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ։ Ըստ Պուտինի, 2015 թվականից սկսած սահմանափակվելու է «աշխատուժի ազատ տեղաշարժը» բոլոր այն երկրների հետ, որոնք Մաքսային միության անդամ չեն։ Այսինքն, այդ միության անդամ չհանդիսացող երկրներից մարդիկ չեն կարող ազատորեն գնալ Ռուսաստան՝ աշխատելու։ Նաեւ հստակ ասվել է, որ Մաքսային միության անդամ երկրները ավելի էժան գնով գազ գնելու հնարավորություն կստանան։ Տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե Ռուսաստանը իրո՞ք կիրագործի այդ սպառնալիքը, թե ոչ։ Կարեւոր չի նույնիսկ, թե Ուկրաինան այդ սպառնալիքին կտրվի, թե ոչ։ Մեզ համար կարեւորն այն է, թե արդյոք նույն սպառնալիքը Պուտինը չի հնչեցրել նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը՝ զուտ տնտեսական առումով, իհարկե ոչինչ չի տալիս Ռուսաստանին։ Այստեղ խնդիրը՝ Հայաստանին Ռուսական ազդեցության գոտում պահելու մեջ է։ Եւ այս առումով Ոուսաստանի համար՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, ապա նաեւ դրա բազայի վրա ստեղծվելիք Եվրասիական միությանը, սկզբունքային նշանակություն ունի։ Եթե Ռուսաստանը ամեն ինչ անում է՝ շատ ավելի հզոր ու մրցունակ տնտեսություն ունեցող Ուկրաինային Մաքսային միություն մտցնելու համար, ապա Հայաստանի դեպքում դա շատ ավելի հեշտ է լինելու։ Ու ենթադրել, որ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ այդ հարցը չի քննարկվել, պարզապես միամտություն կլինի։ Հիմա խնդիրն այն է, թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը։ Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները Սերժ Սարգսյանին ոչ մի ռեսուրս չեն տալիս չեմ ու չում անելու։ Ոչ մի ռեսուրս չի տալիս նաեւ Հայաստանի խղճուկ, անմրցունակ տնտեսությունը։ Ոուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր. «…մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»։ Ի՞նչ օգնության ու աջակցության մասին է խոսքը։ Առաջին տեղում բնականաբար, գազի գինն է։ Արդեն մեկուկես տարի Հայաստանը ավելի թանկ գնով է ներկրում ռուսական գազը, սակայն դա պաշտոնապես չի արձանագրվում, ինչի արդյունքում Հայաստանը նոր պարտք է կուտակում Ռուսաստանի նկատմամբ։ Երկրորդը՝ ռուսական նոր վարկի ակնկալիքն է։ 2009թ. Հայաստանը բավականին կոշտ պայմաններով՝ Ռուսաստանից 500 միլիոն դոլարի վարկ ստացավ՝ ճգնաժամին դիմագրավելու նպատակով։ Այսօր մեր տնտեսությունում վիճակն այնպիսին է, որ կրկին խոշոր ներարկումների կարիք է առաջացել եւ Ռուսական նոր վարկը կարող է անհրաժեշտություն լինել։ Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը գնում է 600 միլիոն դոլարի մասին, որի մի զգալի մասը պետք է ուղղվի բանկային համակարգ՝ վիճակը շտկելու համար։ Դրա մեջ չի մտնում «Նաիրիտի» գործարկման համար ակնկալվող վարկը՝ մոտ 500 միլիոն դոլարի չափով։ Որպես դրա աղբյուր, կրկին դիտարկվում է Ռուսաստանը, կամ դրա վերահսկողության տակ գտնվող Միջպետական բանկը։ Դե նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ 4-5 միլիարդ դոլարի մասին արդեն կարելի է չհիշել։ Այդ ծրագիրը կարծես արդեն դուրս է եկել օրակարգից։
Եւ ուրեմն ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը։ Ասել է ո՞չ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»