Արդեն մի քանի օր է՝ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ մեր թղթակիցների հետ զրույցում ավելի քան անվստահությամբ են խոսում՝ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իրենց հնարավոր հաղթանակի մասին։ Նույն թեմայի շուրջ որոշակի անվստահ շեշտադրումներով, նրանցից ոմանք խոսեցին նաեւ հրապարակայնորեն՝ անցած շաբաթվա ընթացքում իրենց ասուլիսների ժամանակ։ «Մենք միակ հաղթող ուժն ենք, ժողովրդի վստահությունը վայելող մեծամասնությունը, մյուս բոլորը պետք է մրցեն պատվավոր երկրորդ տեղի համար» ոչ վաղ անցյալում, ցինիկ տոնայնությամբ անընդհատ կրկնվող նախադասությունների հետքն անգամ չի մնացել։ Իսկ ահա անհատական զրույցներում նույնիսկ հնչում են կարծիքներ, որ Երեւանն այս ընտրությունների արդյունքում հանձնվելու է բոլորովին այլ ուժի, այսինքն ընտրություններում հաղթելու է այդ ուժը, եւ Երեւանի քաղաքապետն ու ավագանու անդամների մեծամասնությունը լինելու են հենց դրա ներկայացուցիչները։ Այս տրամաբանությունը որքան էլ բնական է, հաշվի առնելով նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի տապալումը, միեւնույն ժամանակ տարօրինակ՝ այդ երբ են նրանք ընդունել իրենց թույլ դիրքերը, եւ ուր կորավ իրենց այդքան բնորոշ ցինիզմը։ Բոլոր հիմքերը կան, սակայն, եզրակացնելու, որ հռետորաբանության այս կտրուկ փոփոխությունը բնական եւ բարոյական պատճառներ չունի, այլ հերթական քաղաքական տրյուկ է։ Այն ուժը, որի հաղթանակը ավագանու ընտրություններում, իրենց զրույցներում կանխագուշակում են ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ն է։ ԲՀԿ-ականները նույնպես մասնավոր զրույցներում վստահություն են հայտնում, որ Երեւանը իրենցն է լինելու։ Մինչդեռ ԲՀԿ-ի հաղթանակը ավագանու ընտրություններում այսօր այնքան թեական է, որքան երկու ամիս առաջ ստեղծված որեւէ կուսակցության դեպքում կլիներ։ Խոսքն, իհարկե իրական հաղթանակի մասին է։ Նախագահական ընտրություններից առաջ այս կուսակցության անհասկանալի պահվածքը, եւ ընտրություններին չմասնակցելու որոշումը նրա համար ճակատագրական եղան՝ փոշիացնելով խորհրդարանական ընտրություններում, կարեւոր էլ չէ, թե ինչ գնով, ստացած ձայները։ Եւ այդպիսի դիրքերով հավակնել հաղթանակի Երեւանում, մեղմ ասած, տարօրինակ է։ ԲՀԿ-ի այսօրվա, առավել քան երբեւէ ցածր վարկանիշի փաստը, հանրապետականների համար բնականաբար գաղտնիք չէ։ Այդ դեպքում ինչու են նրանք շրջանառում «Երեւանն այդ ուժին հանձնելու» մասին խոսակցությունը։ Այս հարցի պատասխանը իր ոտքով հասավ մեզ։ Երկու օր առաջ, առաջին ձեռքից տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ-ականները արդեն սկսել են տնետուն մտնել եւ մայիսի 5-ի ընտրության համար քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքել, որպես երաշխիք, որ այդ անձը ընտրություններում ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու։ Իսկ ահա ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար բերվում է շատ լուրջ փաստարկ. «Եթե Տարոնը չդառնա քաղաքապեւո, քաղաքապետ կդառնա Ռոբերւո Քոչարյանի տղան՝ Սեդրակը» (սա բառացի ասվել է, մեզ հայտնի քաղաքացուն): ԶԼՄ-ներում արդեն տեղեկատվություն եղել է այն մասին, որ ԲՀԿ ցուցակը հնարավոր է գլխավորի Սեդրակ Քոչարյանը։ Իհարկե հետո հերքվել է, հետո հայտարարվել, որ Վարդան Օսկանյանն է գլխավորելու այն, սակայն Քոչարյանների անունն այս իմաստով «զորեղ» է, մեկ անգամ շրջանառեցիր, արդեն կարելի է քաղաքացիներին շանտաժի ենթարկել։ Վերջին նախագահական ընտրությունները ստիպել են՝ փաստորեն նոր բան մտածել՝ ձայներ առնելը, «կառուսելները», այլեւս արդյունք չեն ապահովում։ Բանը հասել է շանտաժին։
Աննա Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ժամանակ»