Բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ չի հարուցվել:
Մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կկայանա «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության հետ կապված քննարկում, որին, մասնագետներից զատ, կմասնակցեն Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ համայնքի բնակիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին, ով մասնակցելու է այդ քննարկմանը, հարցրինք, թե համայնքի բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում ՓՀԷԿ-ի շինարարությանը: Նա ասաց, որ համայնքում կան շինարարության կողմակիցներ եւ հակառակորդներ: Նաեւ ասաց, որ իրենց համար կարեւոր է այդ հանդիպման ժամանակ մասնագետների կողմից ներկայացվելիք բնապահպանական եզրակացությունը:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Բաժնի պետ Ա. Եգանյանը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին հայտնել է , որ այդ առնչությամբ նյութեր են նախապատրաստվել, իրենք սպասում են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագիտական եզրակացությանը, որից հետո կորոշվի՝ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցել, թե՝ ոչ:
Այս ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել: Նախընտրական այցի ընթացքում հունվարի 26-ին Սերժ Սարգսյանը Իջեւան քաղաքում ունեցած ելույթում խոսեց նաեւ մարզի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտության մասին, ինչից Իջեւան քաղաքի եւ դրա հարակից Գետահովիտ համայնքի բնակիչները ենթադրեցին, որ չնայած բնության պատճառված վնասին, «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը շարունակվելու է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ