Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ծավ գյուղում բնակիչները շարունակում են փայտե տնակներում ապրել

Մարտ 14,2013 22:58

 

Կապանի տարածաշրջանի սահմանամերձ, Արցախյան գոյամարտի տարիներին պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած Ծավ համայնքում բնակիչները շարունակում են ապրել փայտե տնակներում:

Ծավ գյուղի վարչական տարածքում 2 բնակավայր է ընդգրկված` Շիշկերտ եւ Ծավ գյուղերը: 1968թ.-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած Շիշկերտ գյուղի բնակիչներին ժամանակավոր  տեղափոխել են Ծավ գյուղում կառուցված փայտե տնակներ, սակայն մինչեւ օրս նրանք  դեռ  շարունակում են ապրել այստեղ` տարիներ շարունակ նոր տուն տեղափոխվելու մեծ հույսով:

Ինչպես գյուղացիներն են ասում, «դոմիկների» ժամկետը վաղուց լրացել է, 20 տարվա համար նախատեսված փայտե այս շինություններն արդեն 45 տարուց ավելի է  ծառայում են գյուղացիներին:

Այս պահին Ծավի փայտե տնակներում 50 ընտանիք է ապրում, որոնք տասնյակ տարիներ շարունակ մնացել են նոր տան մասին երազելով եւ բնակվելու համար արդեն վաղուց ոչ պիտանի փայտե կառույցնեում տարիներ ճանապարհելով:

Շողեր տատը փայտե տնակներից մեկի «մշտական» բնակիչն է դարձել: Ասում է` գործող եւ նախկին նախագահները Ծավ այցելելիս ծանոթացել են իրենց խնդրին, խոստացել են աջակցել եւ լուծում տալ հարցին, սակայն մի քանի տարի է անցել, եւ ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվել: Փայտե տան մեջ ապրելը հատկապես շատ դժվար է ձմռան ցուրտ ամիսներին, երբ բնակիչները տան պատերի անցքերից ներս թափանցող ցրտի ու քամու դեմ  դժվարությունների են հանդիպում: «Պիտի ավելի շատ փայտ վառենք, որ տունը տաք մնա, բայց փայտ էլ չունենք վառենք, մրսում ենք…: Անտառից արգելում են փայտ բերենք, քանի որ գյուղի շրջակայքը Շիկահողի արգելոցն ա», – ասում է փայտե տնակի երկարամյա բնակչուհին:

Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանի փոխանցմամբ` փայտե տների խնդրի մասին միշտ բարձրաձայնել են, եւ կառավարությունն այդ հարցի լուծման ուղղությամբ նախապատրաստական քայլեր արդեն արել էր մի քանի տարի առաջ:

«2007թ.-ին Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհի բացման ժամանակ այդ հարցը բարձրացվեց եւ այն ժամանակ արդեն պետք է լուծում ստանար: Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը, ով ճանապարհի բացման ժամանակ խոստացավ լուծել հարցը: Քաղաքաշինության համապատասխան կառույցից մասնագետներ ուղարկեցին գյուղ, ուսումնասիրություններ արեցին, հետո ճգնաժամ եղավ, թե ինչ, այդպես էլ գործընթացը չշարունակվեց: Գոնե ժողովրդին ֆինանսական օգնություն տրվի, ովքեր իվիճակի են  մեկ կամ երկու սենյականոց քարե տներ սարքեն իրենց համար», -ասաց գյուղապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և ռոբիկա, շեռժիկա, շաշիկա, լֆիկա, թոխմախաբարո Դեպի Ապահով Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031