Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլիգարխներին` ոչ, բայց որսագողերին կչեզոքացնի

Մարտ 14,2013 22:19

 

Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուներից մեկը որսագողերին մեկ առ մեկ ճանաչում է, մյուսը` պարտվելուց հացադուլ չի անի, 3-րդն էլ`գիտությամբ արգելոցը կզարգացնի:

Վաղը կայանալու է վերջերս մեծ աղմուկ հանած «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը: Թե ինչ ծրագրով են պատրաստվում պահպանել, զարգացնել ու ծաղկեցնել արգելոցը, Aravot.am-ը փորձեց ճշտել մրցույթում առաջադրված որոշ  թեկնածուներից:

11 թեկնածուներից միակ կին թեկնածու Լուսինե Կարապետյանը գտնում է, որ ինքը լավ էլ համապատասխանում է տնօրենի պաշտոնին, իսկ որսագողերին էլ մեկ առ մեկ դեմքով ճանաչում է: Մեզ հետ զրույցում տիկին Կարապետյանն ասաց, որ սովորել է գյուղատնտեսական ինստիտուտի այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետում եւ ունի գիտնական-ագրոնոմ որակավորում, սովորել է նաեւ մանկավարժական ինստիտուտի բնապահպանություն եւ քիմիա ֆակուլտետում: Այժմ Գառնի համայնքի դպրոցում դասավանդում է քիմիա եւ բնագիտություն:

Մեր այն հարցին թե ինչպես է պատրաստվում ագրոնոմ մասնագիությամբ աշխատել Խոսրովի արգելոցի տնօրեն, տիկին Կարապետյանը վստահեցրեց, որ 2 մասնագիտություններն էլ այդ պաշտոնին շատ համապատասխան են, բացի այդ արգելոցի զարգացման համար հայեցակարգ է մշակել. «Համագործակցել միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ, չեզոքացնել որսագողությունը, այդպիսի տարրերին թույլ չտալ մուտք գործել արգելոցի տարածք»: Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում չեզոքացնել որսագողերին ու ապօրինի որս անողներին, քանի որ, ըստ տարածված լուրերի, դրանք սովորական մարդիկ չեն, այլ` բարձրաստիճան պաշտոնյաններ, կամ օլիգարխներ, տիկին Կարապետյանն ասաց, «Ոչ, ոչ օլիգարխներին, որսագողն այլ բան է, որսորդությունն` այլ: Արգելոցում որսորդություն չի կարելի անել: Իմ բոլոր ուժերը կներդնեմ, որպեսզի այդպիսի գործողություններ ընդհանրապես տեղի չունենան»:

Մեր այն հարցին էլ, թե ինչ առանցքային կետ կներկայացնի, որով բնապահպանության նախարարի «աչքը կմտնի» եւ գուցե հաղթի մրցույթում, թեկնածուն ասաց. «Իմ բոլոր տվյալներից ինքն արդեն տեղյակ է, ընթացքում կանեմ ամեն ինչ, իմ բոլոր կարողություներն` ինչ ունեմ»: Բացի այս, տիկին Կարապետյանի հայեցակարգում նախատեսված է նաեւ զարգացնել արգելոցում էկոտուրիզմը:

Արգելոցի տնօրենի մեկ այլ թեկնածու էլ՝ Վարանցով  Բարսեղյանը, ասաց, որ այդ ոլորտում 38 տարվա աշխատանքային փորձ ունի`  35 տարի տնօրենի տեղակալ է եղել, 3 տարի էլ`տնօրեն: Պարոն Բարսեղյանը, որը արգելոցում աշխատել է 2010-12 թվականներին, պատրաստվում է, ինչպես ինքն ասաց` հստակեցնել  արգելոցի ընդհանուր պահպանման աշխատանքները, որ չխախտվի կենադանական ու բուսական աշխարհը,  աշխատել գիտահետազոտական հիմնարկների հետ, օրենսդրական նորմերին եւ այսօրվա պահանջներին համահունչ կազմակերպել գիտականորեն հիմնավորված էկոտուրիզմ:

Երբ մենք պարոն Բարսեղյանից հետաքրքրվեցիք, թե ինչպես է պայքարելու որսագողության դեմ, թեկնածուն անմիջապես հիշեց  արգելոցի տարածքում վերջերս աղմուկ բարձրացրած որսագողությանը, որը բացահայտել էին բնապահպան-ակտիվիստները. «Դա իրականությանը չի համապատասխանում, էդպիսի բան չկա, ես 3 տարի տնօրեն եմ եղել, ոչ մի փամփուշտ արգելոցի տարածքում չկրակվեց: Էն որսագողությունը, էն կապիկությունը, որ արեցին՝ այծի գլուխ, տո չգիտեմ` ինչի գլուխ էին բերել, էդ ժամանակ, չեմ իմանում էդ ովքեր են, բերում կապում են իմ հետ: Ես արձակուրդում եմ եղել, հիվանդանոցում պառկած եմ եղել էդ ժամանակ»:

Իսկ եթե հանկարծ մրցույթում պարոն Բարսեղյանը չհաղթի, ապա հաղթողին կողջունի, հացադուլ էլ չի անի.«Խի՞ պիտի անեմ, խի՞ պիտի մտածեմ, թող իրենք իրենց լավ զգան, որ արգելոցը ես եմ պահում, ամբողջ հանրությունը գիտի»:

Մեզ հետ զրուցած մյուս թեկնածուն արգելոցի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանն է. մեր զանգելու ժամանակ, նա ասաց, որ պարապում է եւ պատրաստվում է վաղվա մրցույթին: «Նախարարը ինձ գիտի եւ առաջարկել է պաշտոնավարեմ, բավականին լուրջ աշխատանքներ եմ իրականացրել, հիմա էլ ուզում եմ շարունակել: Բազմաթիվ առաջնային հարցեր կան: Օրինակ` պահպանությունը, որը շատ թույլ է եղել, իսկ հիմա 24-ժամյա հսկողություն է իրականացվում իմ շնորհիվ, ստեղծել եմ հատուկ ջոկատներ հերթապահություն են անում, պահանջել եմ, որ ձիեր բերեն ու ամբողջ տարածքը ձիերով հսկեն»,-ասաց թեկնածուն:

Պարոն Հովակիմյանի խոսքերով` գիտության հենքի վրա է արգելոցի պահպանումն ու զարգացումն իրականացնելու: Ինչ վերաբերում է որսագողության դեմ պայքարին, պարոն թեկնածուն վստահեցրեց, որ մարդիկ արդեն վախեցած են, եւ իր իսկ խոսքերով ասած` գիտեն, որ օրենքի ուժ կա, իսկ որսագողությունը մինիմալի է հասցրել. «24 հազար հեկտար բաց տարածք է, գայթակղությունը մարդկանց կողմից շատ է, Խոսրովի կողմից էլ ձգող ուժը շատ է, դե արգելված պտուղը քաղցր է լինում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031