Շարունակվում են Orange Արմենիա ընկերության, «Մեդիակրթության կենտրոնի» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների համատեղ «Ապահով համացանց Հայաստան 2013» լայնածավալ ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Այսօր մեկնարկում է ծնողական ժողովների փուլը, որոնց նպատակն է բարձրացնել դպրոցական աշակերտների ծնողների տեղեկացվածությունն ինտերնետային անվտանգության մասին, տալ գիտելիքներ ու գործիքներ՝ վերահսկելու իրենց անչափահաս երեխաների կողմից սպառված առցանց բովանդակությունը, պաշտպանել վերջիններիս հնարավոր վիրտուալ վտանգներից:
«Որպես Հայաստանում շարժական ինտերնետի առաջատար՝ մենք հոգ ենք տանում այն մասին, որ մեր բաժանորդներն ունենան ինտերնետի ապահով օգտագործման բանալիները: Այսօր հաճախ երեխաներն ավելի արագ են յուրացնում համակարգչից օգտվելու ձևերը, և ծնողների համար երբեմն դժվար է լինում վերահսկել իրենց երեխաների գործունեությունն ինտերնետում: Orange-ի բաժանորդները կարող են ձեռք բերել անհրաժեշտ ծրագրային լուծումներ: Որպես պատասխանատու ընկերություն՝ ուրախությամբ ենք նաև միացել այս լայնամասշտաբ կրթական ծրագրին, որը կոնկրետ ու գործնական խորհուրդներով կօգնի բազմաթիվ ծնողների», ասաց Orange-ի կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի ղեկավար Նազարեթ Սեֆերյանը:
Կարևորելով համացանցի ապահով օգտագործումը՝ անցյալ տարվանից ի վեր Orange-ը ոչ միայն աջակցում է վերապատրաստման և տեղեկացման դասընթացներին, որոնց նպատակն է բոլորին իրազեկել խնդիրների մասին և տրամադրել պրակտիկ տեղեկություններ, այլև համագործակցելով Kaspersky Labs ընկերության հետ՝ արդեն անցյալ տարվանից իր բաժանորդներին է առաջարկում Kaspersky Internet Security ծրագիրը, որը համակարգչից օգտվող երեխաների համար ապահովում է պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից: Ծրագիրը կարելի է ձեռք բերել ինչպես Orange-ի խանութներում, այնպես էլ հենց Ինտերնետ Հիմա մոդեմի ինտերֆեյսից: Արդեն բազմաթիվ Orange բաժանորդներ օգտվում են այս ծառայությունից:
«Համացանցը կարող է հզոր կրթական ու ստեղծագործական միջոց դառնալ ընտանիքի կրտսեր անդամների համար: Տեղադրելով համակարգիչը բոլորին հասանելի եւ հարմար տեղում և մշակելով համընդհանուր օգտագործման կանոններ մենք երեխաներին կօգնեք շատ ավելի ապահով լինել համացանցում», նշեց Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:
«Ապահով ինտերնետ» ծրագրի շրջանակներում այս տարի կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի: Ծնողական ժամերին նախատեսված է ներգրավել 3000 ծնողների:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նույն ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են Երևանի և մարզերի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 12 000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան 7 000 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան 4000 անգամ: