Հացադուլի 5-րդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը ժպտում է, զրուցում, երգում:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 5-րդ օրն է: Նա ժպտում է, մոտենում մարդկանց ձեռքով բարեւում՝ իր բարեկրթությամբ:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացօթյա ասուլիսն անցկացրեց նստարանին նստած, մարդիկ խոսում էին, որ արդեն էներգիան չի բավարարում, երեւի գլուխը պտտվում է: Իսկ այսօր նա նորից խոսեց եւ հարցերին պատասխանեց կանգնած: Ավելին՝ ասուլիսից հետո նստացույց անող երիտասարդների հետ երգում էր, ուրախանում:
Կարդացեք նաև
Առաջին օրից շտապօգնության մեքենան կանգնած է Ազատության հրապարակում: Aravot.am-ը շտապօգնության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե այս օրերին բուժզննման ենթարկե՞լ են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հարցրե՞լ են՝ ինչպես է նա իրեն զգում: Նրանք հայտնեցին, որ կոնկրետ Րաֆֆի Հովհանիսյանի ճնշումն էլ չեն չափել: Ավելի շատ մոտենում են Ազատության հրապարակում հավաքվածները, որոնք կոնսուլտացիա են անում բժշկի հետ եւ խնդրում բուժօգնություն տրամադրել:
Երեկ մի կին մոտեցավ եւ արցունքակալած աչքերով Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունը հարցրեց: «Աչքերիդ այլեւս արցունքներ չտեսնեմ»,- հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կինն էլ անկեղծացավ, թե «չէ՜, մեռնեմ քեզ, արեւից ա ըտենց եղել: Ես խի՞լացեմ, թող իրանք լացեն, թող «սերժիկները» լացեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ