Նա խոստացավ քաղաքացիներին, որ այս օրերին իրենց սրտակցությունն ու փոխանցած էներգիան տասնապատկված վերադարձնելու է:
Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում լրագրողները հիշեցրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ սրանից հետո բոլոր կուսակցությունները պիտի սպասարկեն ժողովրդի հաղթանակը, քաղաքացու շահը եւ իրավունքը, որ պետք է վայր դնել բոլոր կուսակցական դրոշները: Լրագրողը դա կապեց ԲՀԿ-ի հետ, որը հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, բայց չի միանում այս պայքարին: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Թող ոչ մեկը չփորձի ինձ կամ մեզ լարել ուրիշերի հետ: Փետրվարի 18-ին իրավիճակ է փոխվել: Հաղթել է քաղաքացին, եւ կուսակցությունները երկրորդական են դառնում: Առանցքը ցանկացած հաղթանակի՝ դա ոչ թե կուսակցություն է առանձին վերցրած, այլ հայ ժողովուրդն է»:
Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ջերմ չընդունեց երեկ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, որովհետեւ այդպիսի տպավորություն էր: Նա պատասխանեց. «Ինքը եկավ, դուք նաեւ տեղյակ եք իր հետագծին, երկու տարի առաջ ազատության ծոմի ժամանակ եկել էր ինձ զորակցելու: Դրանից առաջ իր քաղաքական կենսագրությունը ձեր առջեւ բաց էր: Ինքը եկավ զորակցելու, ես ալ շնորհակալություն հայտնեցի»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց իրեն զորակցողներին եւ ասաց, որ այն սրտացավությունը, էներգիան, որ փոխանցում են մարդիկ իրեն, ինքը տասնապատիկ վերադարձնելու է:
Երբ փոխանցեցին, թե այսօր ինչ են ասել հացադուլի մասին ՀՀԿ պատգամավորները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Ինձ չեն հետաքրքրում ՀՀԿ-ականների կարծիքները, հատկապես նրանց, ովքեր նժդեհականության մասին են խոսում, դատաքննում են ուրիշներին, բայց չեն տիրապիտում հանրապետության իրական վիճակը եւ ժողովրդի իրական վիճակը: Ես հետայսու կմեկնաբանեմ միմիայն ՀՀԿ-ի ղեկավարի կարծիքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ