19-ամյա Ռոզան պարտաստ է «վարակվել գարնանային սիրահարվածությամբ». «Մենք նորություն ենք ուզում՝ սիրահարվել, ուրախանալ, թախծել: Ինքս այդպիսի մեծ եռանդ ունեմ: Պատրաստ եմ նվիրվել ու սիրել մեկին»,-ասում է նա:
Գարուն, ծաղիկներ, պայծառ և անձրևոտ եղանակ: Ընդունված կարծիք է ՝ գարունը սիրո եղանակն է, մարդիկ իրենց երկրորդ կեսին գտնում են գարնանը, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք կա սիրո օրացույց: Ռոզան պատասխանում է մեր հարցին. «Ձմռանից հետո ինչպես եղանակն է փոխվում, դրա հետ պայմանավորված նաև մեր տրամադրությունը»: Իսկ 23-ամյա Արթուրը չի հավատում գարանանային սիրո առեղծվածին: «Եղանակներից ամենաաշխույժը երևի գարունն ա, դրա համար էլ մարդիկ իրենց ուրախացնելու համար այդպիսի բան են հորինել: Վնաս չի, եթե իհարկե այն մարդիկ, ովքեր չեն սիրահարվում, սթրես չեն ապրում, թե իրենց ժամկետն անցավ»,-ասում է նա: Արթուրի խոսքով՝ սիրահարվել կարելի է յուրաքանչյուր ժամանակ, պետք չէ սպասել գարնանը:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց ընթերցողներից արդյոք նրանք հասցրեցին սիրահարվել այս ընթացքում: «Այո, մեկ շաբաթ առաջ, երեկոյան տուն էի գալիս պարապունքից, տեսա մի սիրուն աղջիկ, հետևեցի, ծանոթացա»,-ասում է 18-ամյա Արայիկը: Նրա խոսքով՝ աղջիկը դեռևս չի պատասխանում իր զգացմունքներին, բայց տղան հույսը չի կորցնում: Իսկ 21-ամյա Սոնան խոստովանում է՝ գարունն իր համար ճակատարգրական է: Ծնվել է հենց այդ եղանակին, այդ ժամանակ ծանոթացել ու սիրահարվել իր ընկերոջը, սակայն հետաքրքիրն այն է, որ մեկ տարի անց՝ գարնանը, կրկին վերապրել է սերը. «Շատերը կարող են չհասկանալ ինձ, բայց իսկապես դա այդպես էր: Ես նույնպես զարմացած էի: Անընդհատ ուզում էի, որ կողքիս լիներ, սիրուն խոսքեր ասեր, և ինքն էլ իրեն պահեր այնպես, կարծես նոր ենք ծանոթանում. չէ՞ որ սիրահարվածությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ դեռ լավ չես ճանաչում դիմացինիդ, իսկ նրան բացահայտելուն պես հասկանում ես, որ կամ սիրում ես կամ չես սիրում»,-ասում է Սոնան: Նա նաև հավելում է. «Ինչպես ասում է Սևակը ՝չեն սիրում նորից, սիրում են կրկին, սիրում են միայն ու միայն մեկին: Ես էլի նրան էի սիրահարվել, ուրախ եմ, որ սիրո օբյեկտս կրկին նա էր»:
Իզուր չէ, որ շատերն ընդունում են, որ գարունն ամենահարմար ժամանակն է . սիրո, գեղեցկության աստվածուհիներից Վեներան, Աֆրոդիտեն նաև գարնան աստվածուհիներ են եղել:
Ասում են՝ սիրահարվածությունից սեր մի քայլ է, սակայն Անտուան դա Սենտ Էկզյուպերին ասել է, որ սիրել նշանակում է նայել իրար հետ մեկ ուղղությամբ, այլ ոչ թե նայել իրար: Եթե դու սիրահարված ես ինչ որ մեկին, ապա դու նրան ընդհանրապես չես սիրում, իսկ եթե սիրոււմ ես մեկին, ապա այլևս սիրահարված չես:
Նազենի Բաղդասարյան