Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ժառանգականներին չփորձել վրան տեղադրել այլեւս, մինչեւ ոստիկանապետը չհրամայի ոստիկաններին դա անել
Այսօր Ազատության հրապարակում մինչ կսկսեր Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, ոստիկանները հայտարարեցին, որ քաղաքապետարանը թույլ չի տվել վրան տեղադրել, կկիրառվի վարչական տույժ: Քառոտանի անձրեւանոցն էլ պետք է տեղադրվի միայն անբարենպաստ եղանակների պայմաններում:
«Վերջացրի՞ք, գնդապետ»,- արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես պիտի չխոսեի վրանի մասին, որովհետեւ վրանն իմ խնդիրը չէ»,- ասաց նա եւ հորդորեց Ստյոպա Սաֆարյանին կարդալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը: Ըստ այդ հայտարարության, ՄԻՊ-ը գտնում է, որ քաղաքապետարանի արգելքը վրան տեղադրելու մարդու իրավունքների խախտում է, գործողությունները խոչընդոտելու՝ ոչ իրավաչափ: Կարեն Անդրեասյանը նաեւ կոչ է արել տեղադրել վրանը:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «ինքը երբեք պահանջ չի ներկայացրել վրան տեղադրել, դա համապատասխան մարմինների գործն է, առաջին հերթին ոստիկանության՝ ապահովելու իր քաղաքացիների, այդ թվում՝ իմ առողջությունը: Ողջունում եմ սրտացավ քաղաքացիների մոտեցումը, որ ուզում են իմ հացադուլի 5-րդ օրը ծածկ տեղադրել իմ գլխի վերեւ: Դա պիտի աներ ոստիկանությունը՝ չարեց: Որեւէ պետք չկար դիմել այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետ գեներալ Գասպարյանն իր հրամանով, դիտելով իմ առողջությունը, սահմանելով իմ անվտանգությունը, ինքը չորոշի այդ վրանը չտեղադրի: Միանշանակ անընդունելի էր ոստիկանության պահվածքը՝ քաղաքացիների նկատմամբ: Այս ամիսների ընթացքում մեր պայքարը եղել է համերաշխության պայքար: Ես թույլ չեմ տալու Ազատության հրապարակում, որ քաղաքացին եւ ոստիկանը իրար դեմ կանգնեն: Լսեցինք օմբուդսմենի պահանջը, որ ոստիկանության գործողություններն անիրավաչափ են: Մնում է սպասել, որ երբ խիղճը շարժի, Վլադիմիր Գասպարյանը հորդորի ոստիկաններին տեղադրել այդ վրանը: Հիմա հարցը փակված է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ