Այսօր Մարդու իրավունքների պատշպանի 116 թեժ գիծ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից ահազանգ էր ստացվել, որ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգից անմիջապես հետո այցելել էին քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Հայկ Գալստյանին: Արդեն հանդիպման ժամանակ դատապարտյալը ժամանակավորապես քանդել էր կարերը, քանի որ աչքերի կոպերը թարախակալվել էին:
Հայկ Գալստյանը աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել էր, որ բողոքներ ունի Քրեակատարողական վարչությունից, քանի որ իր խնդրին լուծում չի տրվում: Դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին:
Դիմումի մեջ մասնավորապես ասվում է, որ մարտի 13-ին դատապարտյալը կարել է աչքերը, և կուլ է տվել մետաղյա քանի իրեր: Նրա խոսքով, հացադուլը չի դադարեցնելու մինչև իրեն չտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ , որտեղ կստանա համապատասխան բուժում, այնուհետև տեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:
Կարդացեք նաև
«Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու և ստացիոնար բուժում ստանալու խնդրով Հայկ Գասլտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալին խնդրել էր դեռևս փետրվարի 18-ին, ով իրեն չէր մերժել, սակայն, ըստ դատապարտյալի, իրեն խաբել են և տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ:
Դատապարտյալ Հայկ Գալստյանի դիմումը ընդունվել է վարույթ:
ՄԻՊ մամուլի հաղորդագրություն