Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սուրենյան փողոցում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական նիստը: Դատական նիստին ներկա էր հայցվոր կողմը՝ ներկայացուցիչը՝ Ղազարյան, պատասխանող կողմերը՝ «Մեծ մահակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը և քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պետրոսյանը:
Շուրջ 1 տարի է Սուրենյան փողոցի բնակիչները համառորեն պայքարում են «Մեծ մահակ» ՍՊԸ-ի դեմ` ապօրինի ցանկապատը քանդելու, ծառահատումներն արգելելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրույթները վերականգնելու և շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով:
Փաստացի այժմ դադարեցվել են շինարարական և ծառահատման աշխատանքները:
Դատական նիստի սկզբում հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը ողջամիտ ժամկետներում հետաձգել, քանի որ դատական գործընթացը գտնվում է ապացույցների ներկայացման փուլում, իսկ պատասխանող կողմը «Մեծ մահակ» ՍՊԸ-ի լիցենզիան դեռ չի ներկայացրել:
Կարդացեք նաև
Պատասխանող կողմը, առարկելով նշեց, որ գործի քննության հետաձգումը անհիմն կլինի:
Դատարանի այն հարցին, թե արդյոք իրենք չե՞ն ընդունում, որ գործը հանրային հնչեղություն է ստացել, քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պետրոսյանը առարկեց, որից հետո դատարանը որպես ապացույց ներկայացրեց գրեթե բոլոր լրատվամիջոցներով քաղաքապետարանի աշխատակցի ելույթը, որում ասվում էր շինարարական աշխատանքներ այդ տարածքում չեն իրականացվի: Քաղաքապետարանի ներկայացուցիչը ոչ միայն լրատվամիջոցներից չէր տեղեկացել, այլև ընդհանրապես չէր լսել այդ որոշման մասին:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց մարտի 22-ին ժամը 14:00:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ