Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոգետը՝ «Գարեգին Նժդեհը» Կանն տանելու մասին. Մեր գավառական ճաշակն ենք ի ցույց դնելու

Մարտ 14,2013 15:40

Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ի թիվս այլ ֆիլմերի, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի Կաննում: Հայաստանն այս տարի եւս կմասնակցի մայիսի 15-26-ը կայանալիք Կաննի կինոփառատոնին եւ դրա շրջանակներում անցկացվող կինոշուկային:

Aravot.am-ը կինոգետ, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ընկերակցության փոխնախագահ Արծվի Բախչինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է այն մասին, որ Հայաստանը Կաննում ներկայացվելու է նաեւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմով, որի մասին անգամ Հայաստանում առանձնապես բարձր կարծիքի չեն, չնայած ֆիլմի մեծ բյուջեին:

«Երբ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը տանում-ցուցադրում են, օրինակ, Սյունիքում, կարմիր գորգ են փռում եւ ժողովրդին լաց լինող Նժդեհ են ցույց տալիս ու լացացնում նման էժանագին էֆեկտների շնորհիվ, էլի ասում ես՝ ոչինչ, գավառացի ենք, գավառական մեր ճաշակն ու մտածողությունն ենք ցույց տալիս գավառներում: Բայց նման աշխատանքով ոչ ավել, ոչ պակաս Կաննի կինոփառատոնում ներկայանալ, նշանակում է՝ չափից ավելի գերագնահատել սեփական հնարավորությունները: Ուղղակի ամոթ է, շատ էլ որ 7 միլիոնանոց բյուջե ունի, աշխատանք է արված, բայց հայ կինոյի դեմքը չի կարող լինել մի ֆիլմ, որը գեղարվեստական եւ պատմական առումով, մեղծ ասած, խայտառակություն է»,- ասաց Բախչինյանը:

Մեր զրուցակիցը չի զարմանա, եթե այդ ֆիլմը առաջիկայում տեղական որեւէ մրցանակ ստանա, ասում է. «Հայաստանի սահմաններում գլուխը քարը, փաստը կատարվել է, հիմա պիտի փորձեն ուռճացնել, գովել, մի քանի մտավորական ու արվեստագետ էլ պիտի բարձր կարծիք հայտնեն ֆիլմը ֆինանսավորող հարուստներին հաճոյանալու համար, բայց դրանից ֆիլմի արժեքը չի բարձրանում: Կարծում եմ՝ պարզապես պետք է այնքան խելք ունենալ, որ նման աշխատանքներով չներկայանալ աշխարհին: Նույնիսկ հայաստանյան շարքային հանդիսատեսը, որ մեծ կինոյի չափանիշներին տեղյակ չէ, մեծ մասամբ չբավարարվեց այդ ֆիլմից: Դա են վկայում բազմաթիվ լաց եղած աչքերը, բայց չեն վկայում բազմաթիվ քնած հանդիսատեսները՝ դալիճում: Է՞լ ուր մնաց բարձր չափանիշներով առաջնորդվող Ա կարգի կինոփառատոնը: Միայն Չուլպան Խամատովայի անունը երաշխիք չէ, որ այդ ֆիլմն իրավունք ունենա ներկայանալ միջազգային փառատոնի: Ի դեպ, այն գումարով, որ ծախսվել է «Գարեգին Նժդեհի» համար եւ ստացվել է նման ֆիլմ, պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում կարելի էր մեր հայաստանյան պայմաններում հասնել գոհացուցիչ արդյունքի, ինչը թույլ կտար պարզ ճակատով աշխարհին ներկայանալ: Իսկ այն, ինչ ունենք, պարզապես թյուրիմացություն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031