«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի համոզմամբ, ներքաղաքական այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանի հացադուլը ճիշտ չէր:
«Երեկ այցելել եմ նրան, ասել, որ ինքս չէի նախընտրի հացադուլի մարտավարությունը: Իրեն էլ եմ ասել, որ 20 օր հետո իր առողջական վիճակը կարող է այնքան լավ չլինել, իսկ առաջնորդը ամենաառույգը պետք է լինի ու էներգիայով լեցունը: Պատերազմի ժամանակ առաջնորդը, զորավարը հացադուլ չի անում, որովհետեւ առաջնորդը առջեւից գնում է ` վարակելով իր էներգիայով, հավատով: Այս իրավիճակում հացադուլը լավագույն լուծումը չէր», -այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հարությունյանը եւ նկատելով, որ ասուլիսին ընդամենը երկու լրատվամիջոցից են եկել, ասաց. «Ասել էի` իշխանությունները կփորձեն փակել լրատվական դաշտն իմ նկատմամբ, այդ կանխատեսումներն էլ, ցավոք, իրականանում են»:
Պարոն Հարությունյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը Ր. Հովհաննիսյանի դիակի վրայով է լինելու, ինչպես հայտարարել էր պարոն Հովհաննիսյանը. «Չեմ կարծում, որ բժիշկները կթողնեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ինչ-որ բան պատահի: Եթե վիճակը վատացավ, ով է կառավարելու շարժումը…պետք է հիմնականում տոնայնությունը փոխվի, հրաժարականի պահանջը հստակեցվի: Շատ կարեւոր է քայլերի հստակությունը»:
Պարոն Հարությունյանը դժվարացավ ասել, թե Ր. Հովհաննիսյանի համար քաղաքական մնացած ռեսուրսները սպառվե՞լ են, որ հացադուլի է դիմել. «Ոչ նպաստավոր բաներ չեմ ցանկանում ասել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ