Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Մարտ 14,2013 15:31

Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

                                                                                                                  Դյուամել

 

 

Ու Լյովան ասաց, բորբոքված ասաց՝ եւ կրկնում եմ, եթե մեկ էլ մեկն ու մեկը՝ հայաստանցիղարաբաղցի արեց, ջոկողություն դրեց ու ջոկողություն արեց՝ պահունակս ճակատին  եմ դատարկելու։ Լյովան ջղայնացած էր, անտրամադիր էր, զենքը քիչ էր, ու գյուղը՝ թուրքի բերանին, ժողովուրդը՝ բարձիթողի-տղերքի պահպանությունից զուրկ ու զերծ դպրոցի ներքնահարկում, «Մեծից» եկած ու անընդհատ կրկնվող՝ «զգույշ մնացեք»՝ խորհուրդ-զգուշացում-հրամանով պայմանավորված վատ բանի կանխազգացումը, եւ ուզում էր ուրախ երեւալ, անբռնազբոս երեւալ, բայց տրամադրություն չուներ, տրամադրություն չկար, եւ ինքն-իրեն նյարդայնանում էր, նյարդայնանում էր ինքն-իրեն, նյարդայնանում էր, որ տղաները նկատում են իր նյարդայնությունն ու ընկճվածությունն ու վատ տրամադրությունը, եւ գիտեր, տեսնում էր, ներքնապես զգում էր, որ հրամանատարի ընկճվածությունը, վատ տրամադրվածությունը  նրանց էր փոխանցվելու եւ նրանք էլ են ընկճվելու, նրանք էլ են  կոտրվելու-ընկճվելու, ու՝ անբնական ոգեւորություն ու ոգեւորվածություն խաղալով՝ ասաց, ասաց՝ էդ Էդգարն ո՞ւր ա, է, ո՞ւր ա կորել, երբ պետք չէ, էն ժամանակ է շատախոսում, երբ պետք է՝ կորած է։ Ու Էդգարը՝ գյուղի նախկին, համայնական տարիների նախագահներից մեկի՝ 5-6 տղաներից միջնեկը, հավասարակշիռ-կազմակերպված-պատրաստված, լուրջ, կրթված ու դաստիարակված, ընտանիքավորված, երեւաններում ու մոսկվաներում լավ տուն-տեղ դրած՝ ինժեներ, դասախոս, գիտնական եղբայրների արանքում՝ անգրագետ-կոշտ մեծացած, ուսումից փախած, գյուղի ստաժավոր վարորդներից, սիրտը բաց, աղքատ, շատ աղքատ, գրպանը ծակ-առատաձեռն, շռայլ ու մեծահոգի, մեծահոգի, անասելի մեծահոգի, ուտող-խմող-ասող-խոսող, անտաշ խոսքուզրույցներով, անտաշ մեջբերումներով ու բառ ու բանով, 45-ամյա իր տղամարդու դերը գազիկի ղեկն ու կանացի փափուկ տեղերը «անընդհատ» բռնելու մեջ է տեսնում, նաեւ լոթի պահվածք ու խոսակցություններ ունի, եւ խոսքի արանքում մեղքն իրենից վանում ու նախկինում նախագահ-հոր վրա է գցում՝ ասա՝ Ստեփան-ապա, ի՞նչ անենք՝ ուսման հետ գլուխ չունեի ու դպրոցում միայն աղջիկների ծամերն էի քաշում-քաշքշում՝ ի՞նչ անենք, իբր մնացած եղբայրներս գլուխ ունեի՞ն, որ բարձրագույն ավարտել տվեցիր։ Ինձ էլ ավարտեցնեիր, էլի՛, ինձ էլ ավարտեցնեիր, հիմա մոսկվաներում կամ երեւաններում փափուկ նստած, ոտքս-ոտքիս գցած՝ թեյ կամ սուրճ էի խմում քարտուղարուհիներիս քամակները չափելով ու չափչփելով, էս անտեր ազատատենչ-չոլերում մեն-մենակ կանգնած, վրաս կատաղած ոչխարի սուրուի նման եկող թուրքի դեմը չէի փակում: Ասա՝ կոլխոզից մի երկու կատաղած ցուլա՝ կռտել տայիր, թթված ձվերը կխորովեինք-կուտեինք, մնացած ջանդաքն էլ կհանձնեինք էդ սոված դասախոսներին ու թող ինձ էլ  ընդունեին ու ավարտեցնեին, ինձ էլ  ընդունեին-ավարտեցնեին,  բա էն մնացածին՝ ո՞նց արեցին: Գոնե, ասա՝ էն խաղաղ տարիները հեչ, բայց էս կռվի տարիներին՝ տեղդ, ղադրդ գիտե՞ն, ասո՞ւմ են՝ մեր հերը տեսնես՝ ո՞նց է, էլի թուրքը, որ գալիս է, ես չե՞մ երեխաներիս թողած, քեզ շալակած էս ծակուծուկը, էն ծակուծուկն ընկնում, որ ասկոլկա չկպնի՝ կոլխոզի կերած փորդ թափի։ Ասա՝ մենք քեզանից՝ գինեկոլո՞գ, թե՞ սեքսապոթոլոգ էինք ուզում, պահանջում դառնայինք, չէ՞, անասնաբո՞ւյժ էլ չէինք կարող դառնալ, դժվա՞ր է կովի ջերմաստիճանը չափել, էդ էլ հո իմ մասնագիտությունն է, չափելուց հետո էլ, աղբյուրի ջրի տակ մի լա՜վ լվացվիր։ Մի լա՜վ լվացվիր աղբյուրի ջրի տակ մանրամասն չափելուց-ստուգելուց հետո: Էդգարը՝ ասող-խոսող, լոթի պահվածքով, անտաշ քռքռոցներով, անասելի երեւակայությամբ եւ իր երեւակայություններում ինքն-իրեն ու ուրիշներին ձեռ առնող, ինքն-իրեն եւ ուրիշների վրա «թքած ունեցած», տղերքի-ուրախություն-Էդգարն իր դերը գիտի՝ Լյովան ու տղաներն անտրամադիր են, ու հիմա հանպատրաստի խաղի մեջ մտավ, խաղի մեջ մտավ հանպատրաստի եւ հետն էլ անտաշ քռքռում է, անտաշ քռքռում է հանպատրաստի խաղի մեջ մտած։  Ու «նախ՝ վախում է», «մի քիչ» վախում է՝ տղաները խրամատը գյուղի տակ-Աղդամին «ավելի» մոտ-Աղդամին նայող գերեզմանոցի թմբի վրա են կտրել, որ բարձր լինի ու դեմը, կողքերը երեւա-տեսանելի լինի, որ մթության մեջ ու մթության տակ կուզեկուզ-սողեսող-փորսող տվող թուրքը, իրենց վրա ու գյուղի վրա,  խաղաղ-վախվորած-բեզարած-քնած գյուղի եւ  գյուղացիների վրա գիշերով եկող թուրքը երեւա ու տեսանելի լինի՝ եւ Էդգարը սա էլ չհավանեց, ձեռքը հետ, գյուղից վերեւ ու գյուղից կողք ընկած,  չերեւացող ու թիկունքում պատսպարված, ապահով մի տեղ մեկնեց՝ ա՜յ, էնտեղ կտրեիք՝ ասաց՝ հեռո՜ւ-հեռո՛ւ, թուրքի մե՛րը, հենց եկավ ու մինչեւ գա՝ մենք խրամատից կողքի գյուղը կպոկվեինք ու թե տղա է, թող հետեւներիցս հասնի, ու տեսնեմ՝ կարա՞ հասնի: Եւ Ալյոն նոր էր եկել պոստից, ասաց՝ մի նայե՜ք՝ ի՜նչ ֆոկոս եմ ցույց տալիս, ու սառած մատները ինքնաձիգի երկաթոտ մասից զոռով պոկեց, մատները դեպի ափը ծռեց-բռունցք արեց եւ ուռած-ճաքած  մատներից վահըրը հողին-ոտերի տակ կաթկթեց, ու ծույլ-ծույլ, ինքնաձիգը շեքամիջում պահած, խրամատում վառվող կրակի կողքը նստեց, հոգնած «օ՜ֆ» արեց, եւ Էդգարի վերջին խոսքերին էր հասել ու վերջին խոսքերը լսել էր ու խեթ-խեթ Էդգարին  նայեց ու խեթ-խեթ նայելով ասաց՝ քեզանից տարիքով փոքր երեխեք են կողքերդ-շուրջդ նստոտած-կանգնած՝ փոխանակ հույս տաս… Էդգարը «վախում» էր, նաեւ հոգնած էր, նաեւ զզված էր, նաեւ կատակել էր ուզում, բայց հոգնած ու զզված էր «էս-չորս տարի» տեւող ամենօրյա  ռմբակոծություն-հարձակումներից եւ մինչեւ վերջ չլսեց ու «չուզեց էլ լսի» Ալյոյին. ծույլ կողքի  թեքվեց, «մրսում» էր, ու ոտքը տարավ-բերեց եւ կոշիկի կրունկը ուղիղ կրակի մեջտեղը կոխեց-շրմփացրեց, շրմփացրեց ու չէր քաշում՝ ռեզինի, վառվածի հոտը մխում էր, բայց Էդգարը ոտքը չէր քաշում, եւ ծույլ-ծույլ ծռվեց, այնպես, որ ձեռքը հասնի  կրակին ու «պահած կես պրիման» վառի։ Ու «պահած կես պրիման» վառեց, վառեց եւ հետն էլ, թե՝ հա՛, Ալյո,  հա՛,  ճիշտ եմ ասում, նե՜նց փախնեմ, նե՜նց տափերը-թումբերը-քոլերը պճռպոկելով փախնեմ, էս քյորփեքն էլ հետեւիցս չհասնեն: Ի՛մ արեւ՝ քոլի, թփերի վրայով նե՜նց թռնելով փախնեմ, թուրքի գյուլլեն էլ հետեւիցս չհասնի։ Կրակի շուրջը, խրամատի ծերում խռնված տղաները հռհռացին ու Լյովան՝ բորբոքվե՜ց,  այլայլվե՜ց, ու բորբոքված ասաց. «Բա կի՞նդ, վեց երեխա՜դ, թողնում ես թուրքին ու ծլկե՞ս»։ Եւ Էդգարի հեչ վեջը չէր ու հեչ պետքը չէր Լյովայի հանդիմանանքը, ու վառվող «պրիման» արդեն բերանի մեջն էր՝ մի հատ էլ ծուխը  խոր ներս քաշեց ու լեզվի վրայով մնացորդը բերեց-թքեց. «Ուխա՜յ,- ասաց,- համ լավ  ծխեցինք, համ էլ լավ տաքացանք. ո՞ւր ա թուրքը՝ աչքերս չի տեսնում, ասա՛, Ալյո, ասա՛, թող սաղ Աղդամն էլ վրաս գա՝ ծխած-տաքացած եմ, տաքացած-ծխած եմ արդեն՝ նե՜նց մի ջարդ տամ՝ մենա՛կ»,- հետո, թե՝ ա՛, երեխեքն էլ, երեխեքի մերն էլ։ Ասում եմ՝ վերցրու-գնա Երեւան՝ եղբորս տանը ապրիր, ասում է՝ եղբորդ կնկա հետ չեմ կարող յոլա  գնալ. ամեն հաց ուտելուց ամանները օճառով լվանում ու իմ արածին չի  հավանում, ասում է՝ մի ամգամ էլ ասել է՝ էդ, դու  բրիլյանտ չունե՞ս , որ չգիտես՝ ի՞նչ ձեւի է, բա մարդուդ ո՞նց ես քեզ մոտ թողնում, որ քեզ բրիլյանտ չի տվել։ Համ էլ ասում է՝ մեր երեխեքը գիշեր-ցերեկ ուտող են, Երեւանում էլ ամբողջ օրը սուրճ են խմում, ու Երեւանում ամբողջ օրը սուրճ խմելուց մեր երեխեքը ստամոքսի խոց կստանան։ Եւ Լյովան  խոժոռվեց, այլայլվեց, շրջվեց Էդգարին, ու Էդգարը աչքի տակով տեսավ-հասկացավ Լյովայից գլխին գալիքը,  ու անմեղ-անհասկացողի դեմք ընդունած դիվանագիտորեն շուռ տվեց ու անմեղ-անհասկացող ասաց՝ էդ ոնց ա՛,  է՞, թուրքի չոբանի երեխեքը ձմեռ-ամառ՝ տկլոր, ձյան, ջրերի մեջ չեն հիվանդանում, իսկ մերոնց… եւ «մերոնցը» հատուկ շեշտեց Լյովային ակնդիտ նայելով ու Լյովային ակնդիտ նայելով ու «մերոնցը» հատուկ շեշտելով ասաց՝ իսկ մերոնց՝ հայաստանցիներիս ու ղարաբաղցիներիս էրեխեքին         հենց քամին խփում է՝ խլինքները կախում են։ Հետո մի քիչ դադար տվեց, կամուկացի մեջ ընկավ՝ ասի՝ չասի՞։ Ասաց, ասաց՝ ճիշտն  ասած, չեմ էլ ուզում քաղաք գնա։ Հիշո՞ւմ եք, որ էն-անընդհատ-հարձակումների օրերին մի երեք ամսով երեխեքի հետ  ուղարկեցի… Շան տղու քածը գալուց հետո մի՜ փոխվել էր, մի՜ փոխվել էր։ Մի՜ փոխվել էր-փոխվել շան տղու քածը գալուց հետո։ Մի գիշեր էլ երեխեքը քնեցրել ենք, պառկել եմ, պառկած-պատրաստ սպասում եմ, լրի՜վ պատրաստ սպասում եմ, մեկ էլ դեմս կիսատկլոր կանգնել ու դանդա՜ղ ինքն-իրեն հարդարո՜ւմ-ուշանում է, ինքն-իրեն  հարդարո՜ւմ-ուշանում է, չդիմացա՝ խոխեքն էլ հազիվ քնել են, գոռացի, ասացի՝ աղջի՛, կըլոխըդ խարաբա՞ քո՛, հնդկական կինո ե՞ս եկել՝ տկլոր ռեւմատիզմ եմ ստանալու-իմպոտենտիզմից մեռնեմ՝ դե արի՛-ռադդ քաշի՛, արի՛-ռադդ քաշի՛՝ քեզ ասում եմ:

Շարունակելի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031