Լրահոս
Օրվա լրահոսը

Խեչոյանական արձակի հզոր ուժը

Մարտ 14,2013 14:24

0002Ահա արդեն երրորդ օրն է, ինչ ժամանակակից հայ արձակագիր, էսսեների հեղինակ Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի «Ամբոխը» պատմվածքի տպավորության տակ եմ: (Վերջերս Լվովի «Արծաթե խոսք» հրատարակչությունը լույս է ընծայել «Խնկի ծառեր» գիրքը, որում տեղ գտած պատմվածքներն ու վիպակն ուկրաիներեն է թարգմանել Անուշավան Մեսրոպյանը. նա մեկ անգամ չէ, որ հայ գրականությունը հայտնի է դարձնում Ուկրաինայում, իսկ ուկրաինականը՝ Հայաստանում):

Եվ պատճառը Մորիկ անունով շան ճակատագիրը չէ անգամ, շուն, որի մասին այդ պատմվածքում հեղինակը գրում է, թե նրան գյուղի շների հետ հետապնդում եւ հետո խեղդամահ է անում ամբոխը, թեեւ նրանից միայն բարություն էր տեսել ու միշտ ասում էր. «Քամին գրքի նման կարդացող շուն է»: Եվ պատճառն անգամ այն չէ, որ երբ Մորիկը սատկեց, դեպի գյուղ փչող փոթորկոտ քամիներից հետո գարնանը ոչ մի սպիտակաթերթ բալենի չծաղկեց: Իսկ «Քոռ կամուրջը» լքած ջրահարսերն այլեւս չվերադարձան եղեգնուտ»: Այսինքն՝ պատճառը նաեւ այն էլ չէ, որ, ըստ սյուժեի, այդ վայրենի սպանությամբ հայկական անծանոթ գյուղից ընդմիշտ անհետացան մաքրությունն ու հեքիաթը, այլ հույզերի ու զգացմունքների այն ուժգնությունն ու անընդգրկելիությունը, որոնք հեղինակը թաքցնում է կարճ, սեղմ նախադասությունների մեջ, այն «ժլատ» նամակում, որը, դիպչելով հոգուդ խորունկ լարերին, միաժամանակ հսկայական տարածք է թողնում սեփական երեւակայության համար: «Այս արձակը «երեխաների համար չէ»,- գրված է գրքի առաջաբանում,- այս գիրը շանթահարում է. մարդկային պարադոքսի ողջ խորությունը խտացված է ժլատ, ճիշտ ընտրված բառերի մեջ՝ ցույց տալու, թե ինչպես պետք է «անցնել երկրային դժոխքի ոլորաններով ու անեղծ մնալ»: Խեչոյանի հերոսները կյանքի սահմանաբաժանին հայտնված մարդիկ են՝ հիշողության ճնշումից վիրավոր, նետված պատմության մութ ստվերների մեջ: Մարդիկ, որոնք ողբերգական 20-րդ դարի երջանիկ ու դժբախտ ճակատագրի որոգայթներում են՝ հանուն սիրո, հանուն կորուսյալ երազանքների: Այս գրքում փշուր առ փշուր վերակենդանացող հիշողություններով լի պատմություններ են:

Պատերազմի բովով անցած մարդը կարող է մտածել եւ՛ սեփական ես-ի, եւ՛ համընդհանուրի տեսանկյունից: Լեւոն Խեչոյանը, որ մասնակցել է Արցախյան պատերազմին, լավ գիտե այն, ինչի մասին գրում է. «Ես թույլի կողմից եմ,- ասում է «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար Հայաստանի «Ոսկե եղեգն» գրական ամենաբարձր մրցանակի արժանացած գրողը իր սակավաթիվ հարցազրույցներից մեկում (թեեւ նրա ստեղծագործությունները թարգմանվել են ոչ միայն ուկրաիներեն, այլեւ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ իսպաներեն):- Երբ փողոցում ծեծում են շանը, ես շան կողմից եմ, ոչ՝ մարդկանց: Երբ ժողովուրդը թույլ է, նրա կողմից եմ, ոչ՝ պետության»:

Կարողանալ թափանցել մարդկային էության խորքն ու որսալ նրա հոգու տարուբերումները, նշմարել անտեսանելին եւ դարձնել տեսանելի, կարողանալ հերոսների հետ վերապրել նրանց փոքր ու մեծ ուրախությունները եւ ողբերգությունները՝ միաժամանակ ամենաչնչին դեպքերի մեջ անգամ գտնելով կարեւորը. ահա այս ամենը Լեւոն Խեչոյանի արձակը դարձնում են անհավատալիորեն ձգող, իսկ բառին տիրապետելու վարպետությունն ու ասես թելի վրա շարված կերպարները առանձնահատուկ, ինչպես նաեւ բավական ինքնատիպ՝ արագ ստեղծվող ժամանակակից (հաճախ ոչ այնքան բովանդակալից) ծով գրականության մեջ: Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր»-ն այն գրքերից է, որը, խորը թափանցելով մարդկային հոգու մեջ, այնտեղ մնում է ոչ միայն մեկ ամիս ու մեկ տարի: Դա երջանիկ հանդիպում է, որին իսկապես սպասում ես…

ՅԱՐԻՆԱ ԿՈՎԱԼ

«Լվովսկայա գազետա»

(2013թ. հունվար)

Հայ գրատպության 500-ամյակի առթիվ 2012 թվականին Լվովի «Սրիբնե սլովո» հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության «Համատեղ ծրագրեր» շրջանակում տպագրել է արձակագիր Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գիրքը, որտեղ ընդգրկված են համանուն վիպակն ու 14 պատմվածք: Գիրքը հայերենից ուկրաիներեն է թարգմանել Անուշավան Մեսրոպյանը, խմբագրել են Իրինա Ստառավոյտը եւ Իրինա Լոնկեւիչը, ձեւավորել է Լեսյա Կվիկը: Սա գրողի երկրորդ ժողովածուն է, որ տպագրվում է Լվովում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031