Լրահոս
Օրվա լրահոսը

Անձեռնմխելիությունը՝ գիտակցված արտոնությո՞ւն, թե՞ անճարակության դրսեւորում

Մարտ 14,2013 14:19

Հանրության մեջ պաշտոնյաների անձեռնմխելիությունն այդպես էլ համարժեք ընդունելության չարժանացավ, հիմնականում շարունակվում է այն ընկալվել, որպես ոչ այնքան անկաշկանդ քաղաքական գործունեության երաշխիք, որքան, նվազագույնը գործարարության յուրահատուկ «տանիք» կամ անպատժելիության այցետոմս: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորումն առաջադրեց նոր հարցեր, որոնց պարզաբանման առնչությամբ դիմեցինք Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին:

– Պարոն Դանիելյան, ինչո՞վ է բացատրվում անձեռնմխելիության երաշխիքներ ձեռք բերելու անհագ ձգտումը տարբեր տրամաչափի պաշտոնյաների մոտ:

– Անձեռնմխելիության պահանջը, ինչ խոսք, թելադրված է որոշակի պաշտոնյաների գործունեությունում հնարավորինս անհրաժեշտ անկախություն երաշխավորելու, մասնավորապես, քաղաքական հետապնդումներից հնարավորինս զերծ պահելու միտումով. սա հանրահայտ է: Սակայն խնդրի նրբությունը միայն սրանով չի սահմանափակվում. վերջին հաշվով, բացի ընդհանուր անձեռնմխելիության իրավունքից, որոշ պաշտոնյաների համար նաեւ պատասխանատվության անձեռնմխելիության լրացուցիչ բաղադրիչներ ամրագրելն ինքնըստինքյան ուղեկցվում է այն առանցքային գաղափարով, ըստ որի՝ արդի պետականությունը դեռեւս չի բացառում քաղաքական նպատակներով պաշտոնյաների հետապնդելու հավանականությունը: Ընդ որում, զարգացած ժողովրդավարական երկրներն անգամ չեն խորշում այս մեկնակետային դիրքորոշումից, հակառակ դեպքում՝ տարվելու ենք դեմագոգիայով:

Մյուս կողմից, եթե չափազանց շատ ենք տարվում պատասխանատվության անձեռնմխելիության ինստիտուտի կիրառմամբ, իսկ դեռեւս 3 տարի առաջ դրանից օգտվողների թիվը մի քանի հազարի էր հասնում, ապա ակամա հանգեցնում է այն եզրակացության, որ քաղաքական հետապնդումների հավանականությունը նույնչափ մեծ է: Հասկանալի է, որ պետական քաղաքականությունը չի կարող համակերպվել այսպիսի եզրահանգման հետ, սակայն, որպեսզի նմանաբնույթ բացասական եզրահանգումները բացառվեն, պետք է բացառվի նաեւ անձեռնմխելիության ինստիտուտի անհարկի չարաշահումը: Վերջին հաշվով, գերխնդիրը ոչ թե անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի ընդլայնումն է, այլ իրավապահ գործունեության ու արդարադատության որակը: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ անձեռնմխելիության իրավունք անխտիր վերապահված է յուրաքանչյուր անձի (16-րդ հոդված), իսկ անհիմն լրացուցիչ պատասխանատվության անձեռնմխելիության բաղադրիչներ ամրագրելն արդեն կարող է ընկալվել, որպես համընդհանուր անձեռնմխելիության իրավունքի խոցելիությունը մատնանշող փաստարկ:

– Անդրադառնալով նախագահի թեկնածուի կալանավորման հարցին, Դուք էլեկտրոնային մամուլում զետեղեցիք մի հակիրճ գրառում այն մասին, որ չպետք է շփոթել թեկնածուի կարգավիճակը՝ վերջինիս իրավունքների ու պարտականությունների հետ: Այդպիսով, կարող ենք համոզվել, որ նշված թեկնածուի կալանավորումն իրավաչա՞փ էր:

– Չեմ կարծում, թե այդ հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Այո, պետական կամ քաղաքական գործչի «կարգավիճակն» ավելի լայն հասկացություն է, քան «իրավունքներն ու պարտականությունները», քանի որ այն ներառում է ոչ միայն այդպիսիք, այլեւ առնվազն պատասխանատվության հիմքերն ու կարգը: Ընդ որում, թեպետ օրենսդրությունը ոչ միշտ է համամասնորեն արտացոլում իրավունքի տեսության համընդհանուր սկզբունքներն ու սահմանումները, դիցուք այս դեպքում հստակ ու համարժեք ամրագրված է այդ երկու հասկացությունների տարանջատումը: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի համաձայն. «Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Uույն oրենuգրքով uահմանված իրավունքները եւ պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչեւ Հանրապետության Նախագահ ընտրվելու մաuին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար uահմանված ժամկետի ավարտը, իuկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը»: Այլ կերպ ասած, ԿՀԸ-ի որոշումից հետո, դադարում է թեկնածուների կարգավիճակը՝ բացառությամբ նրանց իրավունքների եւ պարտականությունների: Հավելենք, որ խոսքը, բնականաբար, այն իրավունքների ու պարտականությունների մասին է, որոնք գործում են ԿԸՀ-ի որոշումից հետո ընկած հատվածում, քանզի թեկնածուների իրավունքներն ու պարտականություններն ընտրական գործընթացի յուրաքանչյուր փուլում տարբեր են:

Ինչ վերաբերում է կալանավորման իրավաչափությանը, ապա այն չի սահմանափակվում միայն անձեռնմխելիության ինստիտուտի համարժեք կիրառմամբ: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիան (5-րդ հոդված) նախատեսում է էլ ավելի սկզբունքային նորմեր, ըստ որոնց կալանավորումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ ոչ միայն առկա է հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկած, այլեւ՝ կան հավաստի տվյալներ առ այն, որ անձը կխուսափի քննությունից, կամ կխոչընդոտի քննությանը կամ առկա է հասարակական վտանգ: Այս հարցադրումներին առնչվել եւ վերացական պատասխաններ տալ չի կարելի: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում առանց ԿԸՀ-ի համաձայնության կալանավորելուն, ապա, իմ համոզմամբ, այն որեւէ աղերս չունի օրենսդրությունը շրջանցելու հետ:

– Այդ դեպքում, չե՞ք գտնում, որ օրենսդիրը նկատելի վաղ շրջանում է դադարեցված համարում թեկնածուի անձեռնմխելիությունը:

– Կարծում եմ՝ ոչ: ԿԸՀ-ի որոշումից հետո թեկնածուին վերապահված իրավունքների ու պարտականությունների բնույթն այնպիսին է, որ այլեւս, ըստ էության, անհիմն է դառնում պատասխանատվության անձեռնմխելիության ինստիտուտի պահպանումը: Իհարկե, իրավունքների իրականացման երաշխիքների անհրաժեշտությունն առկա է մշտապես, սակայն չի կարելի անձեռնմխելիությունը համարել ամենազոր ու ցանկացած իրավիճակին հարմար գործիք: Վերջին հաշվով, թեկնածուի համար շարունակում է գործել մեկ հիմնական իրավունք՝ վիճարկել ընտրության արդյունքները, ինչի համար անձեռնմխելիության իրավունքի պահպանման անհրաժեշտություն չկա:

Կրկնում եմ, ուղիղ ճանապարհն իրավակիրառ գործունեության համընդհանուր ու աննահանջ բարելավումն է:

Բացի այդ, պատասխանատվության անձեռնմխելիությունն ինքնին ոչ միայն չի կարող բացառել հնարավոր հետապնդումները, այլեւ կարող է էլ ավելի խոցելի դարձնել այդ կարգավիճակն ունեցողին: Ասածս կարող է պարադոքս հնչել, սակայն մտաբերենք շուրջ 3 տարի առաջ իմ կողմից Ազգային ժողով ներկայացված այն օրինագծի քննարկումը, որով առաջարկում էի անձեռնմխելիությունից զրկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին, ինչին անհարկի ընդդիմացավ Մարդու իրավունքների պաշտպանը: Ո՞րն էր իմ դիրքորոշման մեկնակետը: Նախ, ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցներին իրավաչափ ու տրամաբանական չէ վերապահել անձեռնմխելիության ավելի լայն շրջանակ, քան հենց ՄԻՊ-ի համար, մինչդեռ՝ գործող օրենսդրությամբ հենց այդպիսի լուծումներ են ամրագրվել: Բացի այդ, նշված աշխատակիցներին ոչ թե պետք է ընկալել, որպես հավանական զոհերի, ինչը նվազեցնում է նրանց նկատմամբ վստահությունը, այլ որպես ծանրակշիռ պաշտոնյաների, որոնց գործունեությանը որեւէ կերպ խոչընդոտելը պետք է անվերապահորեն արգելվի՝ դրանից բխող համարժեք իրավական գնահատականներով հանդերձ: Այսպիսով, առավել շահեկան է ոչ թե նրանց պատասխանատվության անձեռնմխելիությամբ օժտելը, այլ նրանց գործունեությունը հիրավի երաշխավորված դարձնելը՝ կապված նրանց օրինական պահանջների իրավական արժեքի հետ եւ այլն:

Համոզված եմ, որ պատասխանատվության անձեռնխելիության շրջանակների ընդլայնումը լավագույն միջոցը չէ (պատկերացրեք, որ այն շնորհվեր մի 300 հազար պաշտոնյայի). հոգեբանական կտրվածքով այն նույնիսկ չի «խրախուսում», ավելին՝ խոչընդոտում է իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, քանզի արտաքուստ այն տպավորությունն է, թե գտնվել է առավել «դյուրին» լծակ՝ ինչպես խնդիրը լուծելու, այնպես էլ անձեռնմխելիությունն առավել արժեքավոր դարձնելու կտրվածքով:

Այսպիսով, ժողովրդավարության կարեւոր ցուցիչ է ոչ թե պատասխանատվության անձեռնմխելիության վրա շեշտադրում անելը, այլ այնպիսի մթնոլորտ ձեւավորելը, որի դեպքում այդ ինստիտուտի անհրաժեշտությունն էապես նվազում է:

– Անձեռնմխելիության վերաբերյալ օրենսդրությունը վերանայելու ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Ընդհանրապես, օրենսդրական բարեփոխումների ընդունելի մշակույթ կարող է ձեւավորվել, եթե այն զերծ պահենք անհարկի ծայրահեղ բացասական դրսեւորումներից (դիլետանտիզմ, սոսկ էնտուզիազմով պայմանավորելը եւ այլն): Կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ օրենքներով պատասխանատվության լրացուցիչ անձեռնմխելիություն սահմանելու հրապուրանքից, քանզի Սահմանադրությունն արդեն իսկ սպառիչ սահմանագծել է այն անձանց շրջանակը, որոնց համար այդ իրավունքի կիրառումը կարող է իրավաչափ համարվել եւ չխաթարել իրավահավասարության սկզբունքը:

Բացի այդ, ներկա իրողությունները միանշանակ վկայում են, որ բարեփոխման կարիք է զգում ոչ այնքան օրենսդրությունը, որքան իրավական մշակույթը: Վերջին հաշվով, պետական աշխատանքը չի կարող անսխալ ու անթերի լինել: Այս կտրվածքով տեղին է մտաբերել վերջերս ոստիկանապետի այն ուսանելի արտահայտությունը, ըստ որի ոստիկանության համակարգում թերություններն ավելին են, քան արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանը: Ի՞նչ եք կարծում, որեւէ մեկն այդքանից հետո կարող է մտածել, որ նույն ոստիկանության համակարգում թերություններն ավելի շատ են, քան այն գերատեսչություններում, որոնց ղեկավարներն ու ներկայացուցիչները փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով «սխալ հանել» Մարդու իրավունքների պաշտպանին: Հասկանալի է, որ ՄԻՊ-ը եւս անսխալական չէ, սակայն նրա զեկույցների նկատմամբ անվերապահ հակադարձումները չեն կարող նպաստել արժեքավոր իրավական ու քաղաքական մշակույթի ձեւավորմանը, չեն կարող որակվել, որպես պետական գործունեությունը բարելավելու պատրաստակամություն: Վերադառնալով Ձեր նախորդ հարցին, հավելեմ, որ ՄԻՊ-ի զեկույցների նկատմամբ անգամ անհամարժեք արձագանքը պետք է արդեն համապատասխան արձագանքի արժանանա:

Կարծում եմ, պատշաճ իրավական մշակույթի ձեւավորմանը կնպաստեն նաեւ Սահմանադրական դատարանի այն որոշումների համարժեք ընկալումն ու դրանց համապատասխան իրավակիրառ պրակտիկան, որոնք բովանդակում են հիրավի այժմեական ու արժեքավոր սահմանումներ:

Հարցազրույցը վարեց  ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031