Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ դիմեմ, որ կարողանամ ապրել ՀՀ նախագահի նշած ապահով Հայաստանում

Մարտ 14,2013 14:16

Երբ ինձ նշանակեցին Թալինի Մաստարայի դպրոցի տնօրեն, նախկին տնօրենը անկողնային հիվանդ էր: Անցել էր 5-6 ամիս, այդ օրերին ինձ ոչ կաբինետ, ոչ կնիք, ոչ էլ դրոշմանիշ տվեցին: Ստիպված որպես կաբինետ օգտագործեցի պահակատան փոքրիկ սենյակը: Երբ եկան օպտիմալացման դաժան տարիները, Արագածոտնի մարզպետը՝ Հ. Գրիգորյանը, եւ կրթության բաժնի վարիչը՝ Ջ. Սահակյանը, որոշեցին ինձ ազատել թոշակի անվան տակ: Հաշվի չառան իմ հեղինակությունը, կոլեկտիվի 60 ուսուցիչների ստորագրությունները, մանկխորհրդում ուսուցիչների ելույթները, որոնք պահանջում էին ինձ թողնել իմ աշխատանքում, թեկուզ մեկ տարի պայմանագրային կարգով: Հաշվի չառան նաեւ աշակերտի շահը եւ ինձ 5.11.1997թ. ազատեցին տնօրենի պաշտոնից, ֆիզիկայի ժամերը վերցրին եւ այլն: Հաջորդ օրը սպառնալով ինձ դատով ու դատախազությամբ՝ վերցրին կաբինետի բանալին, կնիքն ու դրոշմակնիքը: Ինչ արած՝ օրենք է:

Փաստորեն իմ եռանդուն աշխատանքը խանգարեցին: Վատացավ հոգեկան վիճակս: 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ եմ, իբրեւ թե այդ քիչ էր, վրա հասավ ինսուլտ չարաբաստիկ հիվանդությունը, եւ իմ ձախակողմյան թուլացման պատճառով գամվեցի անկողնուն:

Բոլորին պարզ է, թե այժմ նման պայմաններում որքան դրամ է անհրաժեշտ բուժման, դեղեր գնելու, խնամելու համար: 85 տարեկան մանկավարժ եմ, կինս եւս մանկավարժ էր, այժմ մահացել է, եւ ես մնացել եմ միայնակ: Մեր հետագա օրերին պետք գալու համար ԽՍՀՄ խնայդրամարկղում ունեինք ներդրած որոշ գումար: Դիմեցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ նկարագրելով իմ ներկա անապահով վիճակը, որպեսզի օգնեն ինձ վերադարձնելու իմ եւ կնոջս ներդրած ավանդները: Պատասխան ստացա, որ փոխհատուցման որեւէ գործընթաց չկա կամ որեւէ բացառություն՝ բացի ընտանեկան նպաստ ստացողներից:

Ստիպված դիմեցի Թալինի ընտանեկան նպաստի համապատասխան բաժին, պատասխանեցին, որ՝ ձեզ չի հասնում, քանի որ համակարգչում ձեզ վրա կա գրանցված 1965թ. «01» մակնիշի «Ժիգուլի» ավտոմեքենա:

Լավ, ես էլ ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ… որ արժանանամ ՀՀ նախագահի խոսքերին՝ ապրեմ բարգավաճ, ապահով Հայաստանում:

Չէ՞ որ 66 տարի անընդմեջ կրթել եւ դաստիարակել եմ իրար հաջորդող 3 սերունդների, նրանց շարքերում կան շատ նշանավոր մարդիկ: Հիմա չկա մի մարդ, որ մտահոգվի մեր նման տարեց, անապահով մարդկանցով, օրենքի մեջ կատարի փոփոխություն՝ հօգուտ մեզ նման տարեց ու անապահով մարդկանց:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վաստակաշատ մանկավարժ

Արագածոտնի մարզ,

գյուղ Մաստարա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031