Պատճառը, ըստ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի, Ավստրիական մանկական հիվանդանոցում, առանց լուրջ հաշվարկների, մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի ստեղծումն է:
Մի քանի տարի առաջ Շիրակի մարզպետարանի կողմից պարզ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչ նպատակով որոշվեց Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում բացել մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք, որի իրականացման համար շենքային պայմանների տրամադրումն իրենց վրա վերցրին հենց տեղական իշխանությունները, իսկ սարքավորումների եւ կահավորման հարցը հանձնվեց Ավստրիական կողմին: Առանց հարցի մասնագիտական եւ տնտեսագիտական հաշվարկների՝ այն մտցվեց ՀՀ կառավարություն, եւ ստեղծվեց կառավարության որոշումը: Որեւէ հիմնավորում այդ որոշման համար չկար, այնինչ այդպիսի որոշում չկայացնելու համար կային բազմաթիվ լուրջ փաստարկներ: Նախ՝ այսօրվա դրությամբ Շիրակի մարզի մոտ 200.000 ազգաբնակչության համար գործում են ծննդօգնության 7 հիմնարկներ՝ Գյումրի, Ախուրյան, Արթիկ, Մարալիկ, Աշոցք, Ամասիա, Աղին, որոնց տարեկան ծանրաբեռնվածությունը միջին հաշվով հասնում է 45-60%-ի: Մյուս պատճառն այն է, որ Գյումրու ծննդատան եւ նոր բացվող բաժանմունքի շենքերի միջեւ եղած հեռավորությունը ընդամենը 1 կիլոմետր է: Հաջորդը՝ Գյումրու ծննդատունն ունի 75 տարվա պատմություն, կայացած, համապատասխան սարքավորումներով եւ կադրերով համալրված, հարուստ ավանդույթներով ծննդօգնության օջախ է: Գյումրու ծննդատունը հանրապետության մարզերում երեւի միակն է, որին շնորհվել է մասնագիտական 2-րդ մակարդակ: Այս ծննդատանն է գործում Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի մասնաճյուղը, որտեղ հետդիպլոմային ուսուցում են անցնում ինչպես կլինիկական օրդինատորներ, այնպես էլ վերապատրաստվում են մարզի մանկաբարձ-գինեկոլոգները եւ մանկաբարձուհիները: Սակայն, ինչպես ասում են, արդեն կա այն, ինչ ունենք: Ավստրիական մանկական հիվանդանոցում նոր բաժանմունքը գործում է, չնայած որ մինչ նրա գործունեության ծավալումը՝ համապատասխան մարմիններին տեղյակ պահվեց, որ այդ բաժանմունքի բուժանձնակազմը կհամալրվի ծննդատան կադրերի հաշվին, քանի որ առանց այն էլ թերբեռնվածությամբ աշխատող Գյումրու ծննդատունը ավելի կտուժի: Սակայն ստացվեց ձայն բարբառո հանապատի, եւ այնտեղ ընդունվեցին այլ աշխատակիցներ՝ թվով 50 հոգի: Գյումրու գործող ծննդատունն այսօր իր ծանրաբեռնվածությամբ չի կարող ունենալ աշխատակիցների այն քանակը, որն ունի, եւ ստիպված է փոքրացնել հաստիքացուցակը՝ աշխատանքից ազատելով մոտ 40 աշխատակիցների: Փաստորեն՝ ստացվում է, որ մի տեղում բացվել է մոտ 50 աշխատատեղ, իսկ մյուս տեղից կրճատվելու են նույն քանակի, բայց արդեն իսկ կայացած մասնագետներ:
Խնդրեմ վերջնահաշիվը՝ նոր բաժանմունքի ստեղծումը դրական ոչինչ չտվեց ազգաբնակչությանը, սակայն մասնատվեց ծննդօգնության ծառայությունը: Գյումրու ծննդատանը հատկացված ֆինանսավորման մի մասը մասնատվեց եւ տրամադրվեց նոր գործող բաժանմունքին, փաստորեն եղած ֆինանսավորման քանակի մեջ մտցվեցին 50-ի չափ նոր աշխատատեղեր: Այժմ ստեղծվել է փակուղի, որից դուրս գալու ճանապարհը ավելի դժվար է, անմատչելի, քան նրա ստեղծելը: Ինչպես ասում են՝ եթե կարող ես, հանիր ինչ-որ մեկի կողմից ջրհորը գցած քարը:
ՖԵԼԻՔՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Շիրակի մարզի գլխավոր
մանկաբարձ-գինեկոլոգ,
ՀՀ վաստակավոր բժիշկ
«Առավոտ» օրաթերթ
Երկրաշարժից հետո ավելի ակնառու դարձավ լավ մասնագետներին, ժողովուրդի լեզվով ասված, կպնելը: Հիմի էլ Ձեր ետևից են ընկել? Անձամբ ինձ թվում է, որ երբ դուք էիք ղեկավարում ծննդա-տունը, նման դեպքեր և երևույթներ հազվադեպ էին: Կառավարությունը երբ պիտի հասկանա, որ որոշ մասնագետների, հաշվի առնելով նրանց անցած ճանապարհը, գիտական աստիճանը, մասնագիտական ունակությունները և վերջապես մարդկային գործոնը, պետք է թողնեն, որ նա աշխատի այնքան, որքան նրան Տիրոջ կողմից կյանք է տրված: Առանց այդ էլ ՀՀ մասնագետներ քիչ կան, նման երևույթներից հիասթափված շատերը լքեցին ՀՀ: Թողեք գոնե այս մի քանի հոգին մնա:
ԷԷԷԷԷ ինչ եմ կորցրել, ինչ եմ ման գալիս…..