Այսօր «Հայելի» ակումբում ԽՍՀՄ քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, ասաց, որ համարում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լավ քաղաքական գործիչ է, եւ նրա դրական կերպարի տեսակետից, կոշտ քայլեր անելը կվնասի իր այդ կերպարը. «Ես համարել եմ, որ նրա ձեռքը միշտ բռնող կլինի, բայց ինձ համար նրա կերպարը վնասվում է, որովհետեւ մի անգամ նա հացադուլ արեց, իսկ ես դա օրիգինալ քայլ համարեցի, իսկ երկրորդ անգամ, արդեն նա դառնում է մեզ հայտնի կոշտ քաղաքական գործիչների ցանկից մեկը: Հացադուլի ժամանակ ճիշտ եւ սթափ վճիռներ հնարավոր չէ կայացնել, բայց հիմա շատ լուրջ վճռական քայլեր կատարելու ժամանակն է, եւ հարմարավետություն է անհրաժեշտ, իսկ հրապարակում նստարանի վրա, հնարավոր չէ», -ասաց Արշակյանը, հավելելով, որ ինքն իրեն հայտարարում է «Ժառանգության» կուսակցության համակիր:
Արշակյանի ձեւակերպմամբ` այժմ ստեղծված իրավիճակը տագնապալի չէ, պարզապես շփոթություն է.«Նախագահական ընտրություններից հետո առաջացած իրավիճակը ճգնաժամ չէ, խառնակ է, եւ ես վտանգ չեմ տեսնում Հայաստանի համար:
Ժամանակները փոխվել են, խնդիրները՝ նույնպես: Րաֆֆի Հովհաննիսյանը եւս եղել է իշխանություն, երբ արտգործնախարար էր, բացի այդ` ընդդիմությունը եւս իշխանություն է»:
Արշակյանի խոսքով`Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստի իրավիճակ է ստացել, դա նա չէր բերել իր հետ, պարզապես ասպարեզից հետ էին քաշվել բավականին լուրջ շարժումներ, կուսակցություններ եւ նա շատ լավ օգտագործեց պահը, ինչի հետ կապված`ինքը ուրախ է: «Կարծում եմ վերջը լավ է լինելու, այն ծրագրերը, որ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը լավատեսական է: Կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ կհամագործակցի իշխանության հետ, որովհետեւ դա կարող է օգտակար լինել, կամ էլ` Սերժ Սարգսյանը պիտի ուրիշ դաշնակից գտնի, որ կարողանա իր հայտարարած բարեփոխումներն իրականացնել: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չհամագործակցի, «Ժառանգությունը» կթուլանա»,-ավելացրեց Ազատ Արշակյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ