Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենսդրական նոր նախաձեռնությունը կկանխի՞ «ուղեւորաորսը» (Տեսանյութ)

Մարտ 14,2013 13:49

Դեղին, թե սպիտակ՝ ի՞նչ տարբերություն

Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ դեղին համարանիշներով մեքենաները նախեւառաջ վստահություն ու ապահովություն են ներշնչում տվյալ փոխադրամիջոցից օգտվողներին:

«Դեղին համարանիշներին ժողովուրդն արդեն սովորել է: Դեղին համարանիշների մեջ մենք ապահովություն ենք տեսնում: Որպես քաղաքացի՝ իմանում ես՝ ում հետո բողոքես»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց Վարորդների միության նախագահը՝ նշելով, որ իրենց միության անդամ տաքսու վարորդները դեմ են կառավարության կողմից մշակված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է բոլոր մարդատար տաքսիների դեղին համարանիշները փոխարինել հատուկ պաշտպանվածություն ունեցող կպչուն կտրոնով:

Թեեւ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է, որ նախկինում ամեն տաքսու համար վճարվող 17 հազար դրամը (12 հազար դրամ համարանիշների հատկացման պետական տուրք և 5 հազար դրամ հաշվառման գործողության համար վճար) կվերանա, ինչպես նաեւ բավականին կնվազի լիցենզավորման գործընթացի ժամկետը, բայց, այնուամենայնիվ, ինչպես նշեց բանախոսը, շատ տաքսու վարորդներ դեմ են այդ նախաձեռնությանը եւ հանդես կգան բողոքի ցույցով:

«Ես գտնում եմ, որ մենք էսօր ոչ մի միջոց չպետք է ձեռնարկենք դեղին համարանիշները հանելու վերաբերյալ: Ո՞ւր են մեր տաքսու ու ավտոբուսի պարկերը, բոլորն աննպատակ վաճառված են: Այսօրվա մեր գծի տերերը պետք է միավորվեն մեկ բաժնետիրական կազմակերպության մեջ: Նրանք չպիտի ունենան գիծ»,-իր մտահոգությունը հայտնեց Տ. Հովհաննիսյանը՝ առաջարկելով, որ բոլոր  «գծի տերերը» իրենց վերահսկողության տակ գտնվող փոխադրամիջոցները տրամադրեն ավտոկայաններին, որոնք էլ իրենց հերթին կկատարեն դիսպետչերական պատշաճ հսկողություն:

Վարորդների միության նախագահի կարծիքով՝ դիսպետչերական հսկողությունը  «գծի տերերին» տրամադրելն է, որ հանգեցրել է փոխադրամիջոցների մատուցած ծառայությունների ցածր որակին:

«Այսօր երթուղիներ կան՝ մեկը մյուսի հետեւից  ընկած: Վարորդը աշխատում ա շուտ հասնի, ինքը ուղեւորին փախցնի: Մարդը պլան ունի, էդ պլանը պիտի վերանա: Հարկային բեռը պիտի իջեցվի, մարդիկ պիտի գան աշխատավարձ ստանան, որ էլ դուրս չգան որսի»,- հավելեց տաքսու վարորդների իրավունքների պաշտպանը՝ ընգծելով, որ ամբողջ ոլորտում պետք է բարեփոխումներ կատարվեն, այլ ոչ թե միայն փոխեն տաքսիների համարանիշների գույնը՝ նկատի ունենալով, որ նոր նախաձեռնությամբ նաեւ վերանալու է վարորդների բուժզննման եւ մեքենաների տեխզննման գործընթացները, որոնք, ինչպես նշեց բանախոսը, հիմա գործում են, ուղղակի՝ ձեւական:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք նոր փոփոխության դեպքում էլի կգտնվեն վարորդներ, ովքեր կհրաժարվեն կտրոնից, բայց կշարունակեն ծառայություն մատուցել՝ այդպիսով դուրս մնալով հարկային դաշտից, Վարորդների միության նախագահը պատասխանեց.

«100% կլինեն: Ասենք՝ մեքենան խափանվեց, պետք է վարորդը կտրոնը հետ տա, հետո մեքենան վերանորոգելուց հետո գա, վերցնի: Էլ հե՞տ կգա: Հարկային դաշտի տեսանկյունից այս նախաձեռնությամբ որեւէ էական փոփոխություն չի լինելու, դրա համար ասում եմ՝ պետք չէ վռազել»:

Հիշեցնենք, որ տաքսու վարորդների բողոքի ցույցը կկայանա վաղը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031