Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջաներենի թարգմանիչ Դավիդովը զինվորին «Դավիդովի» փող է տվել

Մարտ 14,2013 13:45

Դանակահարած զինվորը դատապարտվեց չորսուկես տարվա ազատազրկման

 Ժամկետային զինծառայող, Երեւան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Հովհաննես Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով զորամասի կապի հանգույցում որպես ռադիոհաղորդավար, 2012թ. հոկտեմբերի 15-ին ռադիորսման կետում այդ կետի ավագ, պայմանագրային զինծառայող Արմեն Դավիդովի հետ հացկերույթի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործելուց հետո, փաստացի ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝  իր երդմանը չհավատալու պատճառով 2-3 անգամ հարվածել է Դավիդովի դեմքին, ապա դանակով հարվածել նրա ձախ կրծքավանդակին եւ ձախ ոտքին, ինչը ծանր հետեւանքներ է առաջացրել: Պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Դավիդովին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով զորամասի ռադիորսման կետի թարգմանիչ, այդ կետի ավագ, խախտել է մարտական ծառայության կրման  կանոնները, պարբերաբար թողել է ռադիորսման կետի տարածքը, գնացել մոտակա Արծվաբերդ գյուղ: Ա. Դավիդովի պարբերական եւ  տեւական ինքնակամ բացակայությունների պատճառով ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել:  Ա. Դավիդովի  նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Հ. Մելիքսեթյանը կալանավորված է: Մարտի 13-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում գործով մեղադրողը՝ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մարտուն Հախվերդյանը պահանջեց  Հ. Մելիքսեթյանին դատապարտել 5 տարի 3 ամսվա ազատազրկման, իսկ Ա. Դավիդովին՝ 1 տարի պահել կարգապահական գումարտակում: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռեց Հ.  Մելիքսեթյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում») դատապարտել 4 տարի եւ 6 ամսվա ազատազրկման, իսկ Ա. Դավիդովին ՀՀ քրեական օրենսգրքի  365 հոդվածի 1-ին մասով («Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»)  դատապարտել մեկ տարվա պայմանական ազատազրկման: Ծագումով Ադրբեջանի  Վարդաշենի շրջանից Ա. Դավիդովը  «Առավոտի» թղթակցին ներկայացրեց դեպքի հանգամանքները: Հրամանատարությանը հայտնի է  դարձել, որ  ռադիորսման կետում ադրբեջաներենի թարգմանիչ աշխատող Ա. Դավիդովն օգտագործում է զինվոր  Հ. Մելիքսեթյանի ծխախոտները: Վերջինս էլ որպեսզի ամոթով չմնա, զինվոր  Մելիքսեթյանին առաջարկել է  նրա համար «Դավիդով» տեսակի ծխախոտ գնել, ապա  դրա համար  գումար է տվել նրան: Տրված գումարի չափի (1000, թե՞ 2000 դրամ)  մասին  Հ. Մելիքսեթյանի  երդումին չհավատալու համար  վերջինս հացկերույթի ժամանակ  դանակահարել է Ա. Դավիդովին:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031