Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ չինովնիկների «սեւ փողերը»՝ ամերիկյան բանկերում

Մարտ 14,2013 13:39

Ի՞նչ են արել Վարդան Այվազյանը եւ Արամ Հարությունյանը Հայաստանի մոլիբդենը, ոսկին եւ թանկարժեք փայտանյութը

Նախագահական քարոզարշավի ընթացքում ընտրական Հայաստանում բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. նախագահի յոթ թեկնածուներից մեկը շուրջ երեսուն օր հացադուլ էր անում, մյուսի վրա մահափորձ կատարվեց, երրորդը, արդեն հետընտրական շրջանում, հայտնվեց ազատազրկման վայրում՝ այդ մահափորձը կազմակերպելու կասկածանքով, հիմա էլ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն է հացադուլ հայտարարել ու պնդում է, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով: Եթե այս ամենին գումարում ենք առկա համընդհանուր դժգոհությունը, սոցիալական ծանր վիճակը եւ որպես այս ամենի հետեւանք՝ արտագաղթը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս խնդիրները լուծելու փոխարեն Սերժ Սարգսյանը որոշեց գնալ Մոսկվա եւ հանդիպել ռուսաց թագավորին: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա  դեռ երդման պաշտոնական արարողությունը չկայացած: Կարող էր, չէ՞, մի քիչ համբերել: Չհամբերեց: Ո՞րն էր շտապողականության նպատակը: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց. «Այդ այցի առիթով իմ համոզմունքն ու սուբյեկտիվ մոտեցումը հետեւյալն է՝ իր թիմակիցներին ցույց տալ, որ Ռուսաստանը մեր թիկունքին է», ինչը անգամ իր հայացքներով ռուսամետ Գառնիկ Մարգարյանը համարում է «սխալ մոտեցում», մեր «չինովնիկների չարիքը»: «Մենք չպետք է ունենանք թիկունքում կանգնած, մենք պետք է ունենանք հավասար պարտնյորներ: Սա է վերջին 15 տարիներին բերել այսպիսի ահավոր տնտեսական, քաղաքական անկման, մարդկային կորուստների: Դա էր պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանն առեւտրի առարկա էր դարձրել Մեղրին ու Լաչինը, ինչի արդյունքում պարտքի դիմաց գույքը կորցրինք: Առնվազն կարճատես պետք էր լինել՝ այս պարագայում Մոսկվա այցելելու համար: Եթե կար նման պաշտոնական հրավեր, պետք է ցուցաբերվեր ողջամտություն եւ ասվեր, որ երդմնակալության արարողությունից հետո կպայմանավորվենք: Բայց պետական լծակներն օգտագործել՝ ցույց տալու համար, որ մեծ եղբայրն իր թիկունքին կանգնած է, սխալ մոտեցում է: Քանի դեռ այսպիսի կարգավիճակում ենք, մենք լրջագույն կորուստներ ենք ունենալու»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ռուսաստանին ձեռնտու է, որ հայ մարդը գնա ՌԴ: Ի դեպ, վերջերս ՌԴ Պետդումայում հրապարակված պաշտոնական մի տվյալի համաձայն՝ մեր հայրենակիցներից 2,5 միլիոն մարդ ապրում է ՌԴ-ում: Ոչ պաշտոնական տվյալը մոտենում է չորս միլիոնի:

Ինչ մնում է ՀՀ նախագահի՝ ՌԴ մայրաքաղաք այցելությանը, հայաստանյան քաղաքական դաշտում հիմնական պատճառ համարվող ընդհանուր Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցերին, մեր զրուցակիցն ասում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ երկու նախագահների առանձնազրույցի ժամանակ երկու հարցերից եւ որեւէ մեկը «սեղանին չի դրվել»: Թե ինչ պատճառով՝ առայժմ պարզ չէ: Ըստ Գառնիկ Մարգարյանի՝ այս պահին կարծես ՌԴ-ի համար առաջնային է ոչ թե ընդհանուր Մաքսային միությանը Հայաստանի միանալը, այլ հենց Եվրասիական միությանը: Ի դեպ, նախագահների հանդիպումների մասին հաղորդագրություններում էլ որեւէ հիշատակում չկար այդ մասին: «Սերժ Սարգսյանը շատ ծանրագույն վիճակում է՝ հզորների ճնշման տակ, մի կողմից՝ Արեւմուտքի, մյուս կողմից՝ ՌԴ-ի ճնշման տակ է: Մի կողմից՝ ներկա է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իրականում ստացել է ձայների առավելագույնը, եւ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, քանի որ ժողովուրդը բարձրացել է եւ ուզում է իշխանությունը, որը կորցրել էր 15 տարի առաջ, վերցնել իր ձեռքը: Դժվար է լինելու Սերժ Սարգսյանի համար կողմնորոշվելը: Կարծում եմ՝ քաղաքական զարգացումները դեռ կարող են շատ հեռուն տանել: Ավելի խելամիտ քաղաքական գործիչը Րաֆֆիի հետ պետք է գնար որոշակի լուծումների: Իրենց հայտարարությամբ մարդը երկրորդ տեղում է: Դե ֆակտո՝ առաջին: Իրար հետ պետք է նստեին սեղանի շուրջ եւ մտածեին Հայաստանի ապագայի մասին, ձեւավորեին մոտեցումներ եւ համատեղ քայլեր ձեռնարկեին: Կարեւոր չէր, որ Րաֆֆիին պաշտոն հանձներ: Պետք էր մտածել եւ պառլամենտի, եւ գործադիր մարմնի, եւ փլուզված դատաիրավական համակարգի մասին»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:

«Առավոտի» դիտարկմանը, որ 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ավելի հզոր էր, այն ժամանակ հանրության ցասումն ավելի մեծ էր, Տեր-Պետրոսյանի ասելիքը՝ ավելի հստակ, քաղաքական ուժերն էլ՝ ավելի շահագրգիռ. եթե այն ժամանակ հաջողություն չգրանցվեց՝ ի՞նչ հույսեր ունենալ հիմա, առավել եւս, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի տրամաբանությունն անընկալելի է հանրության մեծամասնության համար, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Հարցը բազմաշերտ է, ես կանդրադառնամ մեկ հարցի. 2008-ի այն մեծ զանգվածը, ցասումը, կազմակերպվածությունը եւ իշխանափոխության գնալու ժողովրդի պահանջը չկայացավ մեկ պարզ պատճառով՝ չկար վերջնական քաղաքական կամք, որոշում, եւ դա պայմանավորված էր լիդերով: Այստեղ, կարծես, քիչ թե շատ ներկա է այդ ֆակտորը. երբ գնում է հացադուլի, պահանջները դնում եւ շարունակում է՝ կա, երեւում է: Այո, այն ժամանակ մասշտաբները մեծ էին, 400-500 հազար մարդ էր գալիս հանրահավաքի, բայց հիմա իրավիճակն ավելի բարդ է, հայ մարդն ավելի հանդուգն եւ վճռական է: Դա չի երեւում հրապարակում, քանակի մեջ, բայց մարդկանց էության մեջ է երեւում, գյուղերում հանդիպումների ժամանակ: Այդ ցասումը վտանգ է պարունակում: Եթե գործող ռեժիմը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը վճռականություն չցուցաբերեն եւ քայլեր չձեռնարկեն՝ սա դառնալու է հեղեղ եւ բոլորին քշելու է: Իսկ դա լուրջ վտանգ է պարունակում մեր թշնամիների առումով: Մեր երկրում քաոսային վիճակ պետք չէ: 2008-ին համբերության բաժակում դեռ տեղ կար, հիմա չկա»:

2012-ի դեկտեմբերի 6-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հիմնադրեց «Հակակրիմինալ» շարժումը, որի նպատակն է բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային: Կազմակերպությունն արդեն որոշակի գործունեություն ծավալել է, ինչի արդյունքում Գառնիկ Մարգարյանը հավաստիացնում է, որ ամենաբարձր չինովնիկներից մտահոգության «ազդանշաններ են» ստացել: Ազդանշանները կազմակերպության կատարած ուսումնասիրությունների հիման վրա իրավիճակը շտկելուն չեն ուղղված, այլ «սեփական մաշկը փրկելուն»: Հիշեցնենք, որ այդ ցուցակում նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը կա: Սակայն գործի նախաձեռնողները վճռական են եւ չեն ընկրկելու, մանավանդ, որ շուտով կազմակերպությունը կհամալրի համանման եվրոպական կառույցների ընտանիքը:

Գառնիկ Մարգարյանն ահազանգում է, որ իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ ՀՀ-ում բնապահպանական ոլորտը բացարձակ անտերության է մատնված, ավելի շուտ՝ ինչ-որ մեկի ենթակայության տակ է. «Խոսքը մոլիբդենի, ոսկու, ոսկու հանքանյութի արդյունաբերության, անտառի արտահանման մասին է: Մեր թանկարժեք փայտանյութը դուրս է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններ՝ կարծես դա մեզ ու մեր երկրին պետք չէ»: Այդ «գործի գլխին» բնապահպանության նախկին եւ ներկա նախարարներն են՝ Վարդան Այվազյանը եւ Արամ Հարությունյանը՝ իրենց ենթակա չինովնիկների հետ. «Բաժնի, վարչության պետն ինքնագլուխ երբեւէ չի գնա էդպիսի քայլի»: Կազմակերպության անդամներն առաջիկայում ակնկալում են հանդիպում Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ, որի ժամանակ խոսելու են այն մասին, թե ինչպես են Իրանից Հայաստան ներմուծվող էներգակիրները վերածվում «սեւ փողի» եւ տեղափոխվում ամերիկյան բանկեր:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գավառական մտածողությունը թույլ չի տա երկրի անկախության ապահովումը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031