Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ազարյան. «Հայաստանը մթամների երկիր է»

Մարտ 14,2013 13:25

Հատվածներ հրապարակախոս Արթուր Ազարյանի հետ հարցազրույցից:

Ր. Հովհաննիսյանը ծայրահեղ քայլի է դիմել՝ հացադուլ հայտարարելով։ Արդյոք նրա այս քայլը կնպաստի՞, որպեսզի նրա պահանջը բավարարվի, թե՞ կկրկնվի Ձեր նշած նախադեպը։

– Ներկայացնեմ իմ ընկալումը։ Ասում են, թե իբր սա հեղափոխություն է։ Ըստ իս, հեղափոխությունն անարյուն չի լինում։ Սա հեղափոխություն չէ։ Հեղափոխության փորձ էր 2008թ. Մարտի 1-ը։ Այո՛, դա հեղափոխության փորձ էր։ Իսկ հացադուլի առնչությամբ ասեմ հետևյալը։ Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ իշխանությունները տեղի տված լինեն այդ կարգի մանկամիտ խաղերի։

Հացադուլը համարում եք մանկամիտ խա՞ղ։

– Այո՛, հանրային ընկալման վրա ներազդելու կոչված, ինչ-որ տեղ՝ արտիստիկ, բայց, այնուամենայնիվ, մանկամիտ խաղ։ Դա կոչվում է ցուցք, իսկ թե դա ինչի՞ համար է, միանգամայն այլ խնդիր է։ Եթե Ր. Հովհաննիսյանը գնացել է

այդ քայլին՝ կարծելով, թե իշխանություններն իրեն ընդառաջ քայլ կանեն, ուրեմն ես իրեն քաղաքական գործիչ չեմ կարող համարել։ Այսինքն՝ ես չեմ կարող վստահել պարզունակ ըմբռնումներով առաջնորդվող նմանատիպ

անհեռատես գործչին։ Ոչ մի հացադուլ ցանկալի արդյունքի չի կարող հանգեցնել։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամբողջ հասարակությունն ապրում է տոտալ շանտաժի պայմաններում։ Մենք ունենք Արցախի խնդիր, դրանից զատ՝ մենք ունենք նաև՝ սոցիալական արդարության, ինչպես նաև մարդու իրավունքների հետ կապված մի շարք չլուծված խնդիրներ։

Շարքային քաղաքացին իր հայրենիքում նվաստացվում է, նրա իրավունքները շարունակաբար ոտնահարվում են։ Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտի շահարկմամբ, ըստ էության, շանտաժի է ենթարկվում

արդարամտության ձգտող քաղաքացին։ Վերջինս պետք է հանդուրժի բոլոր ապօրինություններն ու մեքենայությունները՝ հանուն այն բանի, որ չունենանք խնդիր Ադրբեջանի հետ։ Հարց եմ տալիս՝ իսկ դա ինչքա՞ն կարող է շարունակվել։ Արտագաղթը հասել է ավելի մեծ չափերի, ընտրություններից հետո այն ավելի է արագացել, որովհետև մարդիկ, ովքեր տեսնում են, որ առաջիկայում ևս ոչինչ չի փոխվելու, բախտ են որոնում օտար ափերում։

Ձեր կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանի հացադուլի քայլը պայմանավորված էր քաղաքական կոնցեպտի բացակայությա՞մբ, կամ չգիտեի՞ն իրենց հետագա քայլերը։

– Իմ խորին համոզմամբ՝ այո։ Ր. Հովհաննիսյանն այնքան էլ հստակ չի պատկերացնում հաջորդական քայլերի վերջնարդյունքը։ Հրապարակում խմբվող մարդիկ՝ լիդերի, խարիզմատիկ, հստակ կոնցեպտով, քայլերի հաջորդականությունը գիտեցող առաջնորդի պահանջ ունեն։ Եթե Ր. Հովհաննիսյանն էլ չլիներ, այլ լիներ փոքրիշատե մաքուր մնացած մեկը,

նույն մարդիկ նրան էին ապավինելու։ Եթե դու հրապարակային պայքարի ես գնում, ուրեմն՝ պարտավոր ես ունենալ հստակ նպատակ՝ նույնքան հստակ հրապարակային քայլերի հերթագայությամբ։

Այսինքն՝ իրենք չունե՞ն։

– Կարծում եմ՝ չունեն։ Կամ՝ եթե ունեն, ուրեմն այնքան էլ հստակ ու ընկալելի չեն։ Հետաքրքիր է, չէ՞։ Բարետես, բարի, ընկալելի Ր. Հովհաննիսյանի գործոնն անգամ այդքան էլ որոշիչ չէ, քանի որ Հայաստանը հայտնվել է մի հանգրվանում, որտեղ բարությունը, ցավոք սրտի, հարց չի կարող լուծել։ Շատ հակափաստարկներ են բերում, թե 2008-ի համեմատ՝ այսօր չկա կոնֆրոնտացիա, չկա ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ։ Այ հենց դա էլ խիստ անբնական է թվում։ Եթե դա չկա, ուրեմն՝ ոչինչ չկա:

– «Բարևի» կամ ընտրական հեղափոխությունն այլընտրանքային ճանապարհ չե՞ք համարում։

– Անկեղծ ասած, դրա վերջնարդյունքին չեմ հավատում։

Իսկ ինչի՞ն եք հավատում։ Ի՞նչ կլինի։

– Չգիտեմ, ուղղակի ակնառու է մի բան՝ իշխանություններին դեռևս չի հաջողվում գտնել հետքայլի անցավ ու ընկալելի ձևը։ Այլ կերպ՝ իրենց անվտանգության երաշխիքները։ Իրենք ահռելի միջոցների տեր են, իսկ հակառակ բևեռում՝ թշվառ, արտագաղթող, օրավուր աղքատացող ժողովուրդն է։ Նույն իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր նույնպես ճամպրուկավոր են։

– Հայն այսպիսի՞ն էր։ Ի՞նչ կորցրեցինք, ինչո՞ւ արժեքները փոխվեցին։

– Մի մոռացեք, որ հայը երկար տարիներ սոված է եղել։ Հային երկիր կառուցելու հնարավորություն տվեցին, ու նա անմիջապես լծվեց 18 պորտի ապագան ապահովելու գործին։ Հասարակություն կրթելու և պետության ամուր հիմքերը գցելու փոխարեն։ Հաշվի առեք այն, որ Հայաստանը մի կոլխոզաչափ տարածք է։ Ընդամենը։ Կոլխոզաչափ տարածք, որտեղ

բնությունն ամեն ինչ պարգևել է, բայց մենք շարունակում ենք մեր թշվառ գոյությունը, չլինելով քրիստոնյա՝ խոսում ենք քրիստոնեական

արժեհամակարգից, որից, աթեիստ լինելու պատճառով՝ հեռու ենք պարսեկներով։ Սա դեռևս «ախպերությանը» գերի գնացած տարածք է, ոչ ավելին։

Այսինքն՝ իմիտացիայո՞վ ենք ապրում։

– Հայաստանն իմիտացիաների երկիր է։ Ավելի ճիշտ՝ Հայաստանը մթամների երկիր է։ Մթամ ուզում ենք ազնիվ ապրել, մթամ ուզում ենք օրինապահ երկիր ունենալ, մթամ իշխող կուսակցությունն ուզում է, որ ժողովրդի վիճակը լավանա, մթամ ուզում է, որ առողջ մրցակցային պայմաններ լինեն… Ինչ ուզում ենք՝ տեղավորվում է «մթամի» հոլովույթում։ Այսինքն՝ պետք է կարողանալ ապահովել ազատ մրցակցային պայմաններ, մինչդեռ իրականում Հայաստանը մենաշնորհների երկիր է, ինչը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Այդ դեպքում փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին այլ բան, քան բախտն օտար ափերում որոնելը՝ չի մնում։ Իսկ ամեն ինչ պետք է հստակորեն տարանջատվի։ Չի կարող մեծ բիզնեսի տերը միաժամանակ նաև պատգամավոր լինել… Ու այդպես շարունակ։ Եթե այս ամեն ինչը նույն օղակում է, դու ուղղակի տեղ չես հասնի։

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031