Վահե Հակոբյանը 16 տարեկանից զբաղվում է գեղանկարչությամբ: Իր մեջ ունեցած նկարչական ձիրքը նա շատ պատահական է բացահայտել՝ 2006թ.-ին: Ասում է` մինչեւ այդ չի նկարել, բայց ունեցել է փոքրիկ հոբբի. «Զբաղվում էի փայտամշակմամբ: Լուցկու եւ պաղպաղակի փայտիկներից տարբեր մակետներ, նավակներ եւ նմանատիպ այլ բաներ էի պատրաստում»:
Վահեն հիշում է իր առաջին նատյուրմորդ նկարը: Հիշում է, թե ինչպես է այն այրել վառարանում: Դրա համար երկու պատճառ է ունեցել. չի հավանել իր աշխատանքը եւ հետո` պետք էր վառարանը տաքացնել. «Այդ պահին չէի ափսոսում, բայց հիմա զղջում եմ, որ նման բան եմ արել»,- ասում է նա:
Երիտասարդ նկարիչը տարբեր ցուցահանդեսների է մասնակցել եւ արժանացել մրցանակաների: Հիմա նա պատրաստվում է ապագայում կայանալիք երկու ցուցահանդեսներին: Մեկը կլինի Մարտունի քաղաքի պատկերասրահում, որտեղ Վահեն կներկայացնի 5 աշխատանք` տարվա եղանակների թեմայով: Մյուս ցուցահանդեսը լինելու է Երեւանում: Այնտեղ էլ նա հանդես է գալու երկու ինքնադիմանկարով. «Առաջին ցուցահանդեսը եղել է նախագահի երիտասարդական մրցանակը, որի ժամանակ հաղթել եմ ինքնադիմանկարներիս համար, 2011թ. էր»:
Նկարելու համար Վահեին անհրաժեշտ է այն, ինչ մնացած բոլոր նկարիչներին` ներկ, կտավ, վրձին: Սակայն ասում է` դրանց բացակայության դեպքում էլ կարող է նկարել, ուղղակի մտովի: Տարբերվող է նրա աշխատանքային ոճը. միանգամից է մի քանի նկար է նկարում: Հիմա աշխատում է չորս ստեղծագործության վրա: Ասում է` այդպես է անում, քանի որ չի ցանկանում հոգնել իր գործից: Նկարներ կան, որոնք վաճառում է, բայց կան նաեւ այնպիսինները, որ իր մոտ է պահում, որովհետեւ դրանք նկարի դիմաց տրված գնից էլ շատ թանկ են իր համար:
Գեղանկարչությունը Վահեի համար ոչ մասնագիտություն է, ոչ զբաղմունք, ասում է` ուղղակի ապրում է դրանով եւ չի կարող չնկարել: «Ներքին պահանջմունք է»,-նշում է նա:
Արամ Արարատյան