Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն. Ր. Հովհաննիսյանի կողմի ներկայացրած փաստերը հիմնավո՞ր են

Մարտ 14,2013 12:52

Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությունը: ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: ՍԴ-ն որոշումը կհրապարակի այսօր:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը մասնակցել է ՍԴ երկու նիստերին, հետևել դատաքննության ընթացքին, պատասխանելով Aravot.am-ի հարցին` արդյոք հիմնավո՞ր էին հայց ներկայացնող կողմի փաստարկները, այսպես պատասխանեց. «Իմ տպավորությունն այն էր, որ այդ դիմումները փաստերից զուրկ էին և կառուցված զուտ գնահատականների, էմոցիաների և ինչ-որ մեջբերումների հիման վրա: Ես չտեսա փաստարկված ապացույցներ առա այն, որ տեղի են ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կարող էին ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դատարանի անդամների հարցուպատասխանի արդյունքում էլ էր դա ակնհայտ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչները 16 էջանոց դիմում են ներկայացրել, որտեղ մեծ մասը զուտ գնահատականներ են, մի մեծ հատված մեջբերումներ են այս կամ այն փաստաթղթից և միայն վերջին մի քանի էջն է, որ ինչ որ փաստեր են ներկայացված: Սակայն դրանք այն փաստերը չեն, որ կարող են դատարանի համար հիմք հանդիսանալ վճիռ կայացելու հօգուտ դիմումատուների»:

Տիկին Եսայանը նշեց, որ շարունակում է պնդել այն գնահատականը, որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ նրա համակիրները և կողմնակիցները երբևէ չեն պատկերացրել, որ պարոն Հովհաննիսյանն այդքան մեծ տոկոս ձայներ կստանա, հետևաբար չեն պատրաստվել հետագա գործողություններին:

Այնուհետև Մ. Եսայանը մանրամասնեց. «Չկա որևէ դիմում կոնկրետ ընտրություններից հետո: Ր. Հովհաննիսյանի կողմնակիցները պնդում են, որ գիշերով միջադեպեր են եղել, այդ պատճառով իրենք ժամանակ չեն ունեցել դա անելու: Բայց ժամկետը մինչև հաջորդ օրը ժամը 18. 00-ն էր, և ցանկության ու բավարար փաստեր ունենալու դեպքում իրենք կարող էին նաև ժամանակի իմաստով հասցնել: Այնինչ դա չեն արել: Տիկին Փոստանջյանը առաջարկեց բացել բոլոր ընտրատեղամասերի տոպրակները, որոնցում քվեաթերթիկներն ու արձանագրություններն են: ՍԴ-ն երեկ օրվա երկրորդ կեսին է այդ առաջարկությունը ստացել: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա տեխնիկապես հնարավոր չէ անել, քանի որ ՍԴ-ի վճռի ժամկետը այսօր մինչև ժամը 18.00-ն է: Կամ 120 տեղամասերի հետ կապված, որ դիմել էին, 3-4-ը բացվել են, և նույնիսկ եթե ընդունեինք , որ օրինակ այդ ձայները հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի էին և դրանք դրվեին նրա ձայների վրա, ապա 58 և 37 տոկոսի տարբերությունն այնքան մեծ է, որ դա չէր կարող ազդել վերջնական արդյունքների վրա»:

Տիկին Եսայանը համեմատության համար հիշեց, թե 2003-ի նախագահական ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները իրավաբանորեն ինչպիսի գրագետ բողոք էին ներկայացրել ՍԴ. «Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, կարծում եմ, ՍԴ-ն չէր կարող բավարարել Րաֆֆի Հովհանիսյանի կամ Անդրիաս Ղուկասյանի պահանջները, քանի որ կողմերը բավարար փաստեր չունեին և չեն ներկայացրել ՍԴ»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ հայցադիմումի` գնահատականների վրա հիմնված լինելու վերաբերյալ ասաց. «Այն մատնանշում է այն բոլոր տեղամասերը, որտեղ ոչ միայն «Ժառանգության», այլև միջազգային դիտորդների ու հասարակության համար ակնհայտ է ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը: Երեկ ՍԴ-ում Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչները միջնորդել են բացել ընտրատեղամասերի տոպրակները: Եթե ՍԴ-ն ուզում է որևէ բան անել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ապա ինքը կարող էր բացել, ինչից հրաժարվել, ինչպես ընտրատեղամասային հանձնաժողովներն արեցին` հինգ օր պարապ նստելով»:

Այն դիտարկմանը, թե դա տեխնիկապես հնարավոր չէ` հաշվի առնելով ՍԴ-ի որոշման ժամկետը, պարոն Սաֆարյանն այսպես պատասխանեց. «ՀՀ ժողովրդավարության ապագան կապ չունի ՍԴ-ի ժամանակ չունենալու հետ: ՀՀ ապագան չափազանց կարևոր է և ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունն ավելի բարձ է, քան որևէ դատավորի ժամանակ ունենալ- չունենալու խնդիրը: ՍԴ-ն հնարավորություն ունի երկարացնելու ժամկետը և ըստ էության քննելու վեճը: Եթե նա դա չի անում, ապա նա իր համար անհեթեթ հինավորում է բերում` իշխանության պատվերը կատարելու համար: Դատաքննության ընթացքն ապացուցեց, որ հասարակությունը ճիշտ է, որ հիմնավոր կասկածները ճիշտ են, որ ընտրությունները կեղծված են: Պետական մարմինները` ի դեմս ՍԴ-ի խուսափում են բացել կեղտը, քանի որ նրանց դա թույլատրված չէ: Ես ՍԴ-ի հետ կապված երբեք հույսեր չեմ փափայել: Իրավիճակի փրկությունը և հանգուցալուծումը ժողովրդի ձեռքին է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Buzand says:

    ախար տիկին Եսայանն ինչա հասկանում, որ օրվա քաղաքական գործիչնա դարձել, որ ինչ ասեց կամ չասեց …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031