Ով կլինի երկրորդը՝ «Ժառանգությո՞ւնը», թե՞ ԲՀԿ-ն
«Մեր նախնական ցուցակը ինձ դուր է գալիս, այնտեղ մարդիկ են, ովքեր սրտացավ են քաղաքի, պետության եւ պետականության նկատմամբ եւ արժանի են մեր համաքաղաքցիների ձայնը ստանալու»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում խոսելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության նախնական ցուցակի մասին, կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խորհրդակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Թեեւ մյուս կուսակցությունները դեռեւս իրենց ցուցակները չեն հրապարակել եւ առայժմ վաղ է համեմատական զուգահեռներ անցկացնելը, այնուհանդերձ, հանրապետական պատգամավորը գտնում է, որ Հանրապետականը վստահորեն ավագանու ընտություններում նույնպես առաջին տեղն է ունենալու: Նման վստահություն Համլետ Հարությունյանին տալիս է գործող Հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա թիմի անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները:
Համլետ Հարությունյանը մատնանշում է հատկապես Երեւանի կանաչապատման եւ ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները. «Եթե ուշադրություն դարձրել եք, Տարոն Մարգարյանը մեծ ջանք է թափում Երեւանի պլանաչափ զարգացման համար, ուշադրության կենտրոնում չի պահում միայն Կենտրոնը: Եղե՞լ եք Դավիշաթենում, Մալաթիա-Սեբաստիայում, ի՜նչ գեղեցիկ այգիներ են հիմնում»:
Կարդացեք նաև
Համլետ Հարությունյանն, իհարկե, այն կարծիքին չէ, որ Երեւանում խնդիրներ չկան, բայց կարծում է, որ նկատի ունենալով նախորդ աշխատանքները, երեւանցիները եւս մեկ անգամ կվստահեն Հանրապետականին եւ Տարոն Մարգարյանին:
Aravot.am-ի հարցին՝ ավագանու ընտրությունները կարծես ակտիվություն են մտցնում ընդդիմադիր դաշտում լիդեռության հավակնող ուժերի մեջ. Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ Երեւանում իր երկրորդ հորիզոնականը, թե՞ նախագահական ընտրություններում «Ժառանգության» աննախադեպ հաղթանակը իր ազդեցությունը կունենա, հանրապետական պատգամավորն ասաց. «Ես ուզում եմ օբյեկտիվ լինել. ԲՀԿ-ն որպես կուսակցություն, որպես մոնոլիտ կառույց ավելի մեծ հնարավորություններ ունի հավակնություններ ցուցաբերելու: Ինչ մնում է այն հարցին, թե ով կլինի երկրորդ տեղում, դա ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք: Դա որոշում է ընտրողը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ