Փաստորեն հաստատվում են այն կանխատեսումները, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերն այնուամենայնիվ չեն կարողանա միավորվել եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ոչ թե միասնական ցուցակով կմասնակցեն, այլ առանձին-առանձին։ Ինչպես ասվում է՝ ամեն մեկն իր ճամփով։
Մինչդեռ շատ ավելի հավանական ու տրամաբանական, նաեւ քաղաքական առումով խելամիտ էր թվում հակառակը, այսինքն՝ այն, որ ընդդիմադիր ուժերը միասնաբար հանդես գալու ուժ գտնեն իրենց մեջ։ Առավել եւս, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչների միջեւ վերջին օրերին ինտենսիվ շփումներ ու բանակցություններ էին ընթանում այս հարցի շուրջ։
Բայց ունենք այն, ինչ ունենք։ Չնայած միասնաբար հանդես գալու մասին արդեն ավանդական դարձող հայտարարություններին, հանրագումարում ունենք… հանում, այսինքն՝ ընտրություններում տարանջատված հանդես գալու հեռանկարը։
Նախ՝ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու մասին, ճիշտ է, տեսականորեն չբացառելով միավորումը «իր առանցքի շուրջ»։ Փաստորեն բանակցողներին նկատի առնելով, այդ հայտարարությունից հետո ստացվեց 3-ից հանած 1։
Նախօրեին ու երեկ արդեն ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարություններից էլ ակնհայտ դարձավ, որ մայրաքաղաքի տեղական իշխանությունը միասնաբար «վերցնելու» մտահղացումը տապալվում է։
Ճիշտ է, այս պարագայում էլ թե՛ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, թե՛ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ու «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարություններում լսվում է «չի բացառվում» արտահայտությունը։ Սակայն դա ավելի շատ տուրք է քաղաքավարությանն ու միմյանց միջեւ ձգված մազե կամուրջները գոնե չայրելու մոտեցմանը, ինչը հասկանալի է։
Ըստ էության, արդեն իսկ հստակ նշմարվում է, որ չստացվեց ոչ միայն «եռյակ դաշինքը», այլեւ 1+1, կամ ՀՅԴ-«Ժառանգություն» միավորում էլ ավագանու ընտրություններում հազիվ թե լինի։ Ավելին՝ չի դիտարկվում նաեւ Տեր-Պետրոսյանի կուսակցականացող ՀԱԿ-ի հետ միավորվելու տարբերակը, չնայած որ հենց ՀԱԿ-ն էր հանդես եկել միասնաբար մասնակցելու առաջարկությամբ ու հիմնավորել դրա նպատակահարմարությունը։
Ի դեպ, միանգամայն ուշագրավ է, թե հատկապես ի՞նչ պատճառով, ինչո՞ւ անպտուղ ընթացք ունեցան «Ժառանգություն»-ՀՅԴ-«Բարգավաճ Հայաստան» բանակցությունները։ Այս առնչությամբ Արմեն Ռուստամյանի ասածը ոչ միայն հակիրճ է, այլեւ հնչում է որպես էպիկրիզ. «Մենք մեր կողմից ամեն ինչ արեցինք, որպեսզի եռամիասնությունը հաջողվի: Բայց դժբախտաբար դա տեղի չունեցավ: …Եթե կարճ ձեւակերպենք, հիմնական պատճառն այն էր, թե ով պետք է գլխավորի ցուցակը»:
Ահա եւ ամենը. երեք քաղաքական ուժեր, որ աշխարհացունց ծրագրեր են մտմտում, հոգեսարսուռ հայտարարություններ եւ համահայկական խնդիրներ լուծելու հայտ ներկայացնում, պարզվում է, չեն կարողանում… պայմանավորվել իրար հետ, թե ո՞վ գլխավորի ավագանու թեկնածուների համամասնական ցուցակը։
Բուլգակովի հերոսներից Կորովեւի տարբերակով կարելի էր ասել՝ «Պա՛հ, Նյուտոնի երկանդամը», ասել կուզի՝ ի՜նչ մի դժվար բան էր։ Սակայն պարզվեց, որ նշված ուժերի ուժերից վեր էր դա։ Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք՝ ա) չեն կարողանում միասնաբար կոնկրետ որոշման հանգել, բ) նույնիսկ նման հարցերում չեն ցանկանում միմյանց զիջել, գնալ կոմպրոմիսի։
Եվ ուստի առավել հավանական է, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն առանձին-առանձին։ Իսկ դրանից արդեն ուղիղ գծով բխում է, որ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը (եթե որոշեն մասնակցել) եւ, իհարկե, ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում մրցակցելու են միմյանց հետ։ Այսինքն՝ եթե միավորվելու դեպքում նրանք միասնաբար լինելու էին Հանրապետականի եւ ՕԵԿ-ի մրցակիցը, ապա այժմ առանձին-առանձին մրցակցելու են ոչ միայն իշխանական ուժերի, այլեւ իրար հետ։
Շատ հնարավոր է, որ քաղաքավարի ժպիտները, «բարեւ-բարլուսի» արտաքուստ բարեկիրթ հաղորդակցությունը, «խնդրեմ-համեցեքը» պահպանվեն (ու դա լավ է)։ Բայց նույնքան հավանական ու նաեւ հասկանալի է, որ Երեւանի ավագանու ընտրություններում դաժան ու անզիջում մրցակցություն է ծավալվելու թե՛ «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի, թե՛ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, թե՛ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի (եթե մասնակցեն) ու վերը նշվածներից բոլորի ու յուրաքանչյուրի միջեւ։
Նկատենք նաեւ, որ թվարկվածներից ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ունեն նաեւ հեռուստաեթերային քարոզչություն իրականացնելու լավ հնարավորություններ։ Մի բան, որ չունեն «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը։
Նմանապես հասկանալի է, որ եթե ընդդիմադիր ու ոչ իշխանական ուժերը մրցակցելու են միմյանց հետ, նրանք միմյանցից «ձայներ» են խլելու։ Ըստ էության, դա կնշանակի, որ առաջիկա ընտրություններում բողոքական ընտրազանգվածի ձայները բաժանվելու են այդ չորս ուժերի միջեւ եւ, որոշակի իմաստով, ուղղակի կարող են ձայները փոշիանալ։
Եթե նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի չմասնակցության պայմաններում «Ժառանգության» թեկնածուն մեծ թվով քվեներ է ստացել, դրանից դեռ չի հետեւում, որ Երեւանի ավագանու ընտրություններում կարող է պատմությունը կրկնվել։ Ամենեւին չի հետեւում, որովհետեւ այս անգամ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն պայքարի մեջ են լինելու, չհաշված ՀԱԿ-ը։
Ավելին՝ չի կարելի «խաղից դուրս» համարել նաեւ Հրանտ Բագրատյանի «Ազատությունը» եւ «Ժառանգության» հպանցիկ դաշնակից «Ազատ դեմոկրատներին»։ Երեւանում այդ երկու ուժերը եւս կարող են նկատելի թվով քաղաքացիների աջակցությունն ակնկալել, իսկ դա նշանակում է՝ «ընդդիմադիր ընտրազանգվածի» ձայների կոտորակման եւս մեկ հնարավորություն։
Հանուն արդարության նկատենք, որ իշխանական թեւում էլ ընտրազանգվածի ձայների կոտորակման հնարավորություն կա։ Առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն առանձին են մասնակցում, այսինքն՝ նրանք էլ են իրարից ձայներ տանելու։ Այստեղ, սակայն, կա մի նրբություն. ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիա են կազմել եւ քաղաքական տեսանկյունից որեւէ բարդություն կամ խնդիր չունեն ընտրություններից հետո Երեւանի ավագանիում միասնաբար հանդես գալու տեսանկյունից։
Նման մի բան անցնում է նաեւ ընդդիմադիր ուժերի մտքով. առանձին մասնակցել ընտրություններին եւ հետո, արդեն Երեւանի ավագանու անդամներ ունենալով, միավորվել։ Սակայն դրա համար դեռ պետք է հասնել նրան, որ բոլոր ոչ իշխանական ուժերը, միասին վերցրած, այդ ընտրություններում ստանան ձայների 51 տոկոսը։ Այնինչ եթե միասնաբար հանդես գալու նման հեռանկարը քիչ թե շատ հավանական էր թվում, ապա առանձին մասնակցության պարագայում գործնականում գրեթե անհնար է լինելու նման հաջողություն ակնկալել։ Կբաժանվեն եւ չեն տիրի։
Եվ, ի դեպ, դեռ մեծ հարց է նաեւ, թե կկարողանա՞ն հայրենի ընդդիմադիրները իրար հետ լեզու գտնել ընտրություններից հետո։ Է՛լ ավելի մեծ հարց է, թե այդ ընտրություններից հետո ի՞նչ դիրք կգրավի ԲՀԿ-ն, եթե ավագանու անցած ընտրություններում ունեցածի չափով կամ գուցե ավելի շատ ձայն ստանա։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»