Հատված ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցից:
– Դաշնակցությունը հայտարարեց, որ շարժման պայքարի հաջորդ հանգրվանը պետք է լինեն Երևանի ավագանու ընտրությունները։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չհերքեց ընտրություններին միասնական ցուցակով գնալու՝ ՀՅԴ–ի, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» միջև բանակցությունների ձախողումը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր դրա պատճառը։
– Նախ՝ մենք միշտ ասել ենք, որ երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և, եթե հիշում եք, որոշակի գործընթացներ սկսվեցին նաև ԱԺ-ում, որտեղ հստակ դրել էինք այն խնդիրները, որոնց շուրջ հնարավոր է բանակցել և ելքեր գտնել։ Պարզ է մի բան՝ նույնիսկ այս տիպի՝ ոչ մրցակցային ընտրություններում, երբ կարծես թե ամեն ինչ կանխորոշված էր, մեր հասարակությունը նախագահական ընտրությունները դիտում է՝ որպես
հնարավորություն, և այն, ինչ կատարվեց, անսպասելի էր բոլորի համար։ Սակայն նույնիսկ այս պայմաններում մենք ունեցանք խայտառակ ընտրություններ և հետընտրական նույնքան լարված իրավիճակ, ինչպես ունեցել էինք սկսած 1996 թվականից՝ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ։ Ակնհայտ է՝ երբ իշխանությունը վերածվում է քաղաքական մենաշնորհի, սա որևէ լավ տեղ չի տանում, և մեր տրամաբանական առաջարկություններից մեկը երկրում սահմանադրական
Կարդացեք նաև
փոփոխությունների հանրաքվե անցկացնելն էր։ Ոչ թե նախաձեռնել նման գործընթաց, աշխատանքային խումբ, այլ ընդդիմության և իշխանության միջև պետք է կայանա քաղաքական համաձայնություն։
Առաջիկայում մենք գնում ենք դեպի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Ի՞նչ կորոշի ժողովուրդը, դա այլ խնդիր է։ Երկրորդը՝ անհրաժեշտ է արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ երեք հիմնական ուղղություններով, առաջինը՝ անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին, քանի որ հայտնի է, թե Հայաստանում ինչ է նշանակում մեծամասնական ընտրակարգը, երկրորդը՝ ընտրացուցակները պետք է հրապարակային լինեն, և մարդիկ իմանան՝ ովքեր են քվեարկել, ովքեր՝ ոչ։ Չի բացառվում ունենալ երկու ցանկ՝ Հայաստանում ներկա ընտրողների ցուցակ, և նրանց ցուցակը, ովքեր Հայաստանում չեն։
Լրջագույն խնդիր է ընտրական հանձնաժողովների կազմավորման ձևը, որովհետև իշխանությունը սրա պատասխանատվությունը փորձում է բարդել ընդդիմության վրա, մինչդեռ համապետական ընտրությունները պետական միջոցառումներ են։ Եվ երրորդը՝ մենք ի վերջո պիտի հասկանանք, որ քաղաքական մենաշնորհը բացարձակ մեծամասնության կողմից առանց պատասխանատվության վերցնելը տանում է փակուղի։ Մենք Հայաստանում պետք է ունենանք իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ, որտեղ ընդդիմությունն ունի օրենքով սահմանված հստակ լիազորություններ, և այդ լիազորություններն իրավունք են տալիս ընդդիմությանը՝ հակակշռել իշխանությանը, զսպել, վերահսկել և ստիպել նրան աշխատել՝ ըստ իր ծրագրերի։
Այստեղ, իհարհե, կար ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, որը դրել էր «Ժառանգությունը», և մերժվեց իշխանության կողմից։ Այնպես որ, ելքերը պետք է միասին գտնել։ Բնական է՝ մենք նաև դիտարկում էինք, որ ձևավորված այս շարժումը (այդ մասին մենք խոսել ենք «Ժառանգության» հետ), պահելով իր բուն նպատակը՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելը, պետք է գնա հետևողական, հանգրվանային քայլերի։ Առիթը կար՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններն էին, և շարժման առաջին հանգրվանային նպատակը պիտի լիներ՝ փորձել ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնել Երևանում և հակակշիռ ստեղծել իշխանությանը։ Կարծես թե, շատ տեսանելի և շատ տրամաբանական քաղաքական նպատակ էր, որով շարժումը նաև կհզորանար և կընդլայնվեր։ Եվ մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ ոչ իշխանական դաշտը համախմբվի այս նպատակի շուրջ և միասնաբար գնա ընտրությունների։
Քանի որ այս խոսակցությունն ակնհայտորեն կար օդի մեջ, և նախնական կոնսուլտացիաներ ունեինք և՛ «Ժառանգության», և՛ ԲՀԿ-ի հետ, փորձեցինք քննարկել այս հարցը։ Եղան երկու հանդիպումներ, ցավոք, քաղաքական ուժերը չկարողացան երեքը միասին գտնել լավագույն լուծումը, այսինքն՝ միասնաբար գնալ ընտրության։ Եթե դա հնարավոր լիներ, չէր բացառվում նաև այլ ոչ իշխանական ուժերի, մտավորականության ներգրավումը համատեղ ցանկում։ Ասեմ, որ Դաշնակցությունն ամեն ինչ արեց, որ սա կայանա՝ առանց ավելորդ հավակնությունների։ Պատճառը մոտեցումների որոշակի տարբերությունն էր. «Ժառանգությունը» ելնում էր այսօրվա իրավիճակից՝ նախագահական ընտրությունների արդյունքներից և Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայներից։ Եվ բնականաբար, իրեն էր տեսնում առաջինը, ԲՀԿ-ն ելնում էր նաև նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և ԱԺ-ում իր ներկայացվածության չափից։ Երկուսն էլ ունեին իրենց փաստարկները, բայց հնարավոր չեղավ սրանք մեկտեղել, և, ինչպես գիտեք, ԲՀԿ-ն արդեն հայտարարել է իր մասնակցության ձևաչափի մասին։
«Ժառանգության» հետ մենք շարունակում ենք որոշակի կապեր պահպանել, սակայն, գոնե այսօրվա դրությամբ, ամենայն հավանականությամբ, մենք ևս ընտրություններին կգնանք առանձին։ Սա, իհարկե, լավագույն լուծումը չէր, բայց սա նաև չի բացառում ընդդիմադիր ուժերի միջև հետընտրական դաշինքի ձևավորման հնարավորությունը։
– Իսկ այս բանակցությունները Ձեզ չհիշեցրի՞ն ԱԺ ընտրություններից առաջ ձևավորված Միասնական շտաբը կամ նախընտրական կոնսուլտացիաները և դրանց արդեն հայտնի հանգուցալուծումը։
– Բնականաբար, հիշեցրին, բայց այդ իմաստով գոնե մեր խիղճը մաքուր է, մեր ճակատը բաց է։ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններից առաջ ևս փորձ արեց առավելագույն կերպով համախմբել ընդդիմադիր դաշտը և գնալ միասնական թեկնածուով, ցավոք, հնարավոր չեղավ, նույնը փորձեցինք անել այս անգամ։ Այլ բան մեզնից ուղղակի կախյալ չէր։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«168 ժամ»