Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնության մերժումը ցույց է տալիս, որ այս իշխանությունների խոստումներն ու ծրագրերը ոչինչ չարժեն

Մարտ 14,2013 11:24

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում էին բազմապիսի օգնություններ այն ընտանիքներին, որտեղ 4 եւ ավելի երեխա կա։ Այդ թվում՝ կոմունալ ծախսերի զեղչ 50%-ով, դեղերի անվճար տրամադրում, նպաստներ, նաեւ՝ ձրի բնակարանով ապահովում, գյուղերում ձրի հողատարածքի տրամադրում եւ այլն։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր մերժումը հիմնավորել է նրանով որ այդ առաջարկները չեն բխում հասցեական սոցիալական օգնություն տրամադրելու ռազմավարությունից։ Սա ավելի քան անհեթեթ հիմնավորում է, հատկապես երբ խոսքը ընդամենը 15 հազար բազմազավակ ընտանիքների մասին է, որոնցից ներկայում նպաստներ է ստանում ընդամենը 8 հազարը։ Իսկ «հասցեական սոցիալական օգնության ռազմավարություն» ասվածը մոտ կես տարի առաջ շրջանառության մեջ դրված հերթական բլեֆն է, որով այս կառավարությունը փորձ է անում քողարկել իր խայտառակ սոցիալական քաղաքականությունը։ Բայց եթե այլ սոցիալական խմբերին հատկացվող նպաստների դեպքում կարելի էր ինչ-որ տեղ քննարկել կառավարության այդ մոտեցումը, ապա բազմազավակ ընտանիքների դեպքում դա ուղղակի անընդունելի մոտեցում է, քանի որ գրեթե ժողովրդագրական աղետի եզրին հասցված մեր երկրում կարեւոր է յուրաքանչյուր երեխայի ծնունդը։ Ծնելիության աճի խթանումն այսօր արդեն ազգային անվտանգության խնդիր է, եւ պատահական չէ, որ այն արձանագրված է ՀՀ կառավարության ինչպես նախորդ, այնպես էլ գործող հնգամյա ծրագրերում՝ որպես առաջնահերթություն։ Վերջինում մասնավորապես ասված է. «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը կառուցվելու են երեք կարեւորագույն հենքերի վրա՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն, ծնելիության խթանում եւ երեխաների առողջություն»։

Նույնի մասին հիշատակված է նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, որում մասնավորապես ասված է. «Մեր ջանքերը ուղղելու ենք ապահով Հայաստանի ընկալման ձեւավորմանը, որտեղ մայրանում են իրենց մանկան ապագայի նկատմամբ ունեցած վստահությամբ։ Բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես ապահով հասարակության կարեւորագույն օղակ»։

Սակայն կառավարության կողմից վերը հիշատակված օրենսդրական նախաձեռնության մերժումն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունների խոստումներն ու ծրագրերը ոչինչ չարժեն, դրանք ընդամենը գեղեցիկ ձեւակերպված դատարկաբանություններ են, որոնք հնչեցնելուց անմիջապես հետո մոռացվում են հեղինակների կողմից։ Իսկ բազմազավակ եւ ոչ բազմազավակ ընտանիքներն իրենց խնդիրները լուծում են արտագաղթելով։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031