Հատված ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Ռուբինյան, կիսո՞ւմ եք ոմանց տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն աստիճանաբար մարում է։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի իշխանությունն ընդառաջ գնա հրապարակի պահանջներին։
– Չեմ կարծում, որ շարժումը մարման է գնում։ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը նոր փուլ մտցրեց։ Իհարկե, ծայրահեղ քաղաքական քայլ է, ունի եւ դրական, եւ բացասական կողմեր։ Խոսեմ բացասական կողմերից։ Արդեն առիթ ունեցել էի ասելու, որ պիտի նախկին պայքարի փորձն օգտագործել։ Նախորդ պայքարի փորձից ելնելով՝ պետք չէր շարժումը խարսխել Ազատության հրապարակում եւ մաքսիմալ պետք էր տարրալուծել եւ ճկունություն պահպանել։ Սրանք (նկատի ունեմ իշխանությունները) արդեն ապացուցել են, որ գող ու հանցագործ են, սիրում են մթության քողի ներքո գործել։ Եթե հիշում եք, Մարտի 1-ին, հենց վերջին ավազակների նման, մթության մեջ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Ուրեմն հնարավորին չափ պետք է խուսափել գիշերային ակցիաներից, ինչպես նաեւ մեկ տեղում երկար հանգրվանելուց։ Չարժի խարսխվել հրապարակում եւ մարդկային ռեսուրսները մաշեցնող շուրջօրյա հավաքներ կազմակերպել։ Շատ ավելի արդյունավետ ու անվտանգ է տանը քնել-հանգստանալը եւ առավոտյան նոր տեղում, թարմ ուժերով տարբեր միջոցառումներ անցկացնել։ Ցավոք, վերջին զարգացումները տանում են հակառակ հունով՝ պայքարը Օպերայում տեղայնացնելու ու գիշերները ինքնահյուծվելու։
Շուտով սկսվում են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, եւ հարկավոր է շարժումը նաեւ այս ուղղությամբ տարրալուծել եւ տարածել ողջ մայրաքաղաքով։
Կարդացեք նաև
«Ժառանգությունն» իր նախընտրական ցուցակը պետք է «բացի» այն գործիչների առջեւ, ովքեր կստանձնեն խնդիր՝ Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բազմաբնակարան շենքերում, թաղերում, փողոցներում, մասնագիտական, ստեղծագործական եւ այլ՝ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ հավաքված խմբերում հիմնել «Բարեւ, Երեւան» շարժման բջիջներ եւ ծառայեցնել դրանք առաջին հերթին ռեժիմի դեմ պայքարի ընդլայնմանը եւ երկրորդ հերթին՝ միայն բուն քաղաքապետական ընտրությունների կազմակերպմանը։ Որովհետեւ շատ կարեւոր կլինի հաղթանակ տանել Երեւանի ավագանու ընտրություններում եւ Երեւանը խլել ավազակապետության ձեռքից։ Բայց եթե նորից ընտրախախտումների ու կեղծիքների միջոցով (ինչը շատ հավանական է) այնուամենայնիվ պարտադրվի պարտություն այդ պրոցեսում, դրանից պետք է դուրս գալ առնվազն պատրաստի գործունակ «Բարեւ, Երեւան» ցանցի միջոցով, որը պիտի ծառայեցվի հետագա պայքարի համար։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»