Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանն ընդունեց, որ հասարակությունում անվստահություն կա ընտրությունների և դրա արդյունքների նկատմամբ: Դրա պատճառն, ըստ մեզ, այն է, որ պետական իշխանության երեք թևերը նույնանում են Նախագահի ինստիտուտի հետ, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ընտրական համակարգի և հակաիրավական ձևով գործում է ի շահ իշխող քաղաքական ուժի և/կամ դրա թեկնածուի, կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:
Դա փաստվեց նաև ԿԸՀ նախագահի գրավոր և բանավոր խոստովանությամբ, այն մասին, որ թեև օրենքով այլ բան է սահմանված, սակայն իրականության մեջ հանձնաժողովի անդամները անուղղակիորեն ներկայացնում են իրենց նշանակողին: Նշված խոստովանությունը հետաքրքրական է նրանով, որ ԿԸՀ անդամներին նշանակել է ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև Նախագահի թեկնածու է, որին էլ, ըստ ԿԸՀ-ի խոստովանության, անուղղակի ձևով ներկայացնում են իրենք: ԿԸՀ-ն, իր հերթին, նշանակել է ԸԸՀ-ների անդամներին, ուստի վերջիններս էլ ենթակա են ԿԸՀ-ին: Ահա և շրջանը փակվեց: Սա է մեր ԿԸՀ անդամների մտածելակերպը, մենթալիտետը և իրավագիտակցությունը:
Ահա´ թե ինչու է, որ Հանրապետության Նախագահը հայտարարում է, որ ընտրություններն ինքն է կազմակերպել, ահա´ թե ինչու է, որ 41 ԸԸՀ-ներն ու ԿԸՀ 7 անդամները իրենց նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումների քննության արդյունքում, որևէ դեպքում ըստ էության չեն իրականացրել իրենց վերահսկողական լիազորությունները, հատկապես` պարտականության մասով, ահա´ թե ինչու է, որ ԿԸՀ նախագահը իր ձեռքն է վերցնում ԸԸՀ-ներին ուղղված դիմումը և հայտարարում, թե դա ինչ-ինչ չափանիշների չի համապատասխանում, զրկելով ԸԸՀ-ների որոշումները ԿԸՀ բողոքարկելու և հարցի քննարկման արդյունքում անաչառ որոշում ստանալու ակնկալիքից, իսկ հետո հայտարարում, որ դիմեիք վարչական դատարան, այն դեպքում, երբ նման իրավունք չկա, ահա´ թե ինչու է, որ ԿԸՀ իրավաբանական վարչության պետը էլ. փոստով նամակներ է ուղարկում բոլոր ԸԸՀ նախագահներին, հայտնելով, որ դիմումները ուղարկեն իրենց և որևէ միջոց չձեռնարկեն, մինչև համապատասխան հրահանգ ստանալը, ահա´ թե ինչու է, որ Հանրապետության Նախագահը ձայների մասով հայտարարում է, որ ինչքան ուզի, այդքան կխփի. 100 տոկոս, 90 տոկոս, 80 տոկոս… և` խփում է, և ահա´ թե ինչու է, որ ԿԸՀ անդամների ու ԸԸՀ-ների մոտ որևէ կասկած ու համապատասխան քայլեր ձեռնարկելու ցանկություն չի առաջանում, որևէ օրինաչափության մեջ չտեղավորվող այնպիսի արդյունքների վերաբերյալ, ինչպեսին են 80, 90 և 100 տոկոս մասնակցությունն ու նույնչափ տոկոսներով քվեարկությունը հօգուտ գործող Նախագահ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի:
Նման պայմաններում է, որ օրինակ 576 ընտրական տեղամասերում, որը Հանրապետության բոլոր ընտրատեղամասերի 30 տոկոսն է կազմում, քվեարկությանը «մասնակցած» 368.776 ընտրողից Սերժ Սարգսյանին ձայն են տվել 315.618 ընտրող, ավելի քան` 85,59 տոկոսը, որը մոտ 10 անգամ գերազանցում է ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները, այն թեկնածուի, որը բոլոր այն տեղամասերում, որտեղ պատշաճ վերահսկողություն է իրականացվել և ընտրողների քանակը չի գերազանցել ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 50, իսկ առկա ընտրողների` 60 տոկոսը, զբաղեցրել է առաջին տեղը, օրինակ, այդպիսի 155 տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ստանալ է ձայների 50 տոկոսից ավելին, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն այդպիսի ընդամենը 40 տեղամասում է 50 տոկոսից ավելի ձայն ստացել:
Ակնհայտ է, որ 368.776 ընտրողից 315.618 ձայն, կամ ավելի քան 85,59 տոկոս հնարավոր է ստանալ բացառապես լցոնումների, ուղղորդված և կրկնակի քվեարկությունների արդյունքում և նկատի ունենալով այն, որ դա մեկ կամ երկու ընտրատեղամաս չէ, օրինակ` թեկնածուի ծննդավայրը կամ նախնական կալանքի վայր, այլ` 576 ընտրական տեղամաս է, ապա դա խոսում է այն մասին, որ ընտրակեղծիքները կրել են համակարգված, համատարած և զանգվածային բնույթ, և եթե ԿԸՀ-ն ներկայացնում է Նախագահին, իսկ ԸԸՀ-ները ԿԸՀ-ին, կարող է նաև այդպես լինել, ավելի պատկերավոր ասած. եթե գողը տնից լինի, եզը երթիկից էլ կհանվի:
Նման պայմաններում, ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության մասին խոսք չի կարող գնալ:
Ահա թե ինչու ենք պնդում, որ նման ընտրություններով ժողովուրդը փաստացի զրկվել է իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` Սահմանադրությամբ նախատեսված և երաշխավորված ընտրություններով Հանրապետության Նախագահ ընտրվելու և ընտրված լինելով` այդ փաստը ամրագրելու հնարավորությունից:
Դատախազության ներկայացուցիչները իրենց հերթին փաստեցին, որ ընտրական հանձնաժողովների կողմից ընդամենը 3 հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, իսկ այլ անձանց կողմից` 159, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ ընտրությունները կազմակերպողներն իրենց առջև ընտրախախտումները բացահայտելու խնդիր չեն դրել:
Նշված բոլոր հարցերի պատասխանն է նաև ոստիկանության ներկայացուցչի այն հայտարարությունը, որ ընտրություններից առաջ ստեղծվել է ոստիկանության օպերատիվ աշխատակիցներից կազմված օպերատիվ խումբ` ընտրական բնույթի հանցագործությունները բացահայտելու և կանխելու համար, սակայն իր գործունեության արդյունքում ընտրության հետ կապված որևէ հանցագործության, այդ թվում ընտրակաշառքի դեպք չի բացահայտել:
Սա´ է պատկերը, ազգս գիտի, որ ընտրակաշառքի դեպքերը համատարած են եղել, իսկ ոստիկանության օպերատիվ խումբը նման որևէ դեպք չի հայտնաբերում:
Ընտրական գործերով սահմանադրական դատարանը լինելով իրավունքի դատարան, այնուամենայնիվ իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի սույն դատաքննությամբ պարզված և վերը նշված փաստերը: Իրավունքի դատարանը չպետք է մեխանիկորեն անդրադառնա միայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 13-րդ մասում նշված փաստաթղթերի առկայությանը կամ բացակայությանը: Այլ պետք է սույն գործով ներկայացված և հաստատված փաստերի ամբողջականությունը և մասսայականությունը գնահատի:
Այդ կապակցությամբ մեջբերեմ ՀՀ սահմանադրական դտարանի 31.05.2012թ. թիվ ՍԴՈ-1028 որոշմամբ արձանագրված այն դրույթը, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է, այլ ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների:
Ակնհայտ է, որ ՀՀ գործող Նախագահի և նրա շահերը, ըստ ԿԸՀ խոստովանության, անուղղակիորեն ներկայացնող ընտրական հանձնաժողովների կազմակերպած ընտրությունները չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջին, որպիսի պայմաններում գտնում եմ, որ կիրառելի է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 15-րդ մասը, ըստ որի. «Եթե գործի քննության արդյունքում սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները»:
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան