Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտան Մանուկյանի պաշտպանը ծափահարեց, երբ մեղադրողը պահանջեց 13 տարվա ազատազրկում

Մարտ 13,2013 22:05

   Մեղադրողը մնացածների համար  պահանջեց 2-4 տարվա ազատազրկում:

 

Մարտի 13-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:

Նիստում մեղադրողներ Հայկ  Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես  եկան շուրջ 60 էջ կազմող մեղադրական ճառով: Մեղադրողների ճառի հիմնական  բովանդակությունն այն էր, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետն ավարտած Արտակ Նազարյանը, հիմնական աշխատանք չունենալով, դարձել է պայմանագրային զինծառայող: Ծառայակիցները նրան բնութագրել են որպես բարի, կարեկից անձնավորության, որը սակայն դասակի հրամանատարի, հենակետի ավագի իր աշխատանքում  թերություններ է ունեցել:

Համաձայն մեղադրանքի` Վազգեն  Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտած, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկանը հակակրանք է տածել Ա. Նազարյանի հանդեպ, նսեմացրել նրա արժապատվությունը: Ընդ որում` դա արել է զինվորների աչքի առաջ:    Հակոբ Մանուկյանը տարբեր առիթներով մի քանի անգամ կռվի է բռնվել Արտակ Նազարյանի  հետ, հարվածներ հասցրել նրան:

Առաջադրված մեղադրանքի  համաձայն՝ Նազարյանին նսեմացրել, հարվածել են նաեւ հարեւան հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը եւ  Արտակ  Նազարյանի ենթակա ժամկետային զինծառայողներ Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանը,Ադիբեկ  Հովհաննիսյանը:

Մեղադրողները հայտարարեցին, որ   Արտակ Նազարյանը, ունենալով ներփակ բնավորություն եւ չկարողանալով հաշտվել իր իդեալների խորտակման  հետ, դիմել է ինքնասպանության:

Արտակ Նազարյանի հարազատները ցուցմունք էին տվել, որ Նազարյանը, լինելով հավատացյալ, չէր  կարող ինքնասպանություն գործել: Մեղադրողներն իրենց ճառում պահանջեցին քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ կապիտան Հակոբ Մանուկյանին դատապարտել 13, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, ժամկետային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանին,Մխիթար Մխիթարյանին՝ 4-ական տարվա, իսկ ժամկետային զինծառայող, ներկայումս զորացրված Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարվա ազատազրկման:

Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը   մեղադրողների ճառը համարեց «հանճարեղ» եւ  դրա ավարտից հետո, որպես հեգնանքի նշան, ծափ տվեց: Դատական հաջորդ նիստը նշանակված է  մարտի 26-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031