Կառավարությունն ամենաշատը ուկրաինացիներին փող կտա
Հայաստանի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին կառավարությունը 20 միլիոն դրամ կհատկացնի: Այս մասին վաղը կառավարությունն իր հերթակական նիստում որոշում կկայացնի:
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը՝ գումարը բաշխվելու է նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների միջեւ: Այս կազմակերպություններին տրամադրվող գումարը, ըստ կառավարություն ներկայացրած փաստաթղթի, օգտագործվում է ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման նպատակով:
Կարդացեք նաև
Ըստ այդմ` ասորիների «Աթուռ» ասոցիացիային կտրամադրվի 409.000 դրամ, նույնքան գումար էլ`«Ասորական«Աշուր» երիտասարդական կենտրոնին, բելառուսների համայնքի «Բելառուս» հ/կ-ին`818.000 դրամ, «Տեվտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպությանը`818.000 դրամ, «Եզդիների ազգային միությանը»` 409.000, «Եզդիների ազգային կոմիտեին»` եւս 409.000 դրամ: Հունական հասարակական կազմակերպությունների միությանը կառավարությունը կտրամադրի 818.000 դրամ, նույն ծավալի գումար կտրվի նաեւ «Հայաստանի հրեական համայնքին»: «ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամին կփոխանցվի նույնպես 818.000 դրամ, վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական հ/կ-ին` 818.000, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիային`820.000, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ»`818.000 դրամ:
Ի դեպ, «Ուկրաինա» ֆեդերացիայի հաշվեհամարին բացի նշված 820 հազար դրամից՝ կմուտքագրվի եւ 10 մլն դրամ՝ ծրագրերի ֆինանսավորման եւ 1 մլն դրամ՝ ընդհանուր ծախսերի համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ