Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Թումասյանն ու Տեքստիլի Եղիշեն` Գյումրու ավագանու նիստում ունեցած լեզվակռվի մասին

Մարտ 13,2013 21:24

Երեկ Գյումրու ավագանու նիստի ավարտին   քաղաքի  քարուքանդ փողոցների  թեմայով լեզվակռիվ էր ծավալվել  ավագանու անդամ Եղիշե  Պողոսյանի  և «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի միջև: Այս ամենը  փորձել էր սաստել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` հարցնելով ` «քեզ ի՞նչ եղավ Եղո, ճիշտ է ասում՝ երկրորդական փողոցները վատ  վիճակում են »,  սակայն հարցերը պարզել  են միջանցքում:

Քաղաքապետարանի բաժնի պետերն  ու ավագանու անդամները, քաղաքապետի ելույթի  ժամանակ հերթով լքել էին Սամվել Բալասանյանի առանձնասենյակը `դուրս թափվելով ու տեսնելով, թե  ինչ է կատարվում միջանցքում: Այս ամենը ֆիքսել էին տեղի հեռուստաընկերությունները` ցուցադրելով, որ Գյումրու ավագանու նիստը վերածվել է տղայական կռվի:

Իսկ թե ինչու էր լեզվակռիվ սկսվել  Տեսքիտիլի Եղիշեի ու  Վահան Թումասյանի միջև, ավագանու մի քանի  անդամներ Aravot.am -ի հետ զրույցում  ներկայացրեցին, որ թեթև կոնֆլիկտ էր, ուղղակի գյումրեցեներն են ինտրիգների սիրահար, բանուգործ թողած էդպիսի հարցեր են քննարկում:

Նրանից մեկը  պատմեց, որ խոսք է ընկել Գյումրին մշակութային մայրաքաղաք  դարձնելու մասին, ու Գյումրու քաղաքապետը հորդորել է  շաբաթօրյակներ անցկացնել, տեխնիկայի տրամադրումն էլ  իր կողմից: Ավագանու անդամ Հրայր Կարապետյանը ելույթ է ունեցել, ասելով, որ մի քիչ էլ ժողովուրդը պետք է քաղաքը մաքուր պահի, աղբը փողոցներում չլցնի: Այդ ժամանակ ավագանուն հյուրընկալված Վահան Թումասյանը  ռեպլիկ է  է թողել, թե  փողոց ե՞րբ է մնացել, սաղ քարուքանդ է եղած, որ ժողովուրդն էլ մտածի: Այս դիտարկումը դուր չի եկել ավագանու անդամ Եղիշե Պետրոսյանին, ով, ընդհատելով Վահան  Թումասյանին, ասել է` բարի եղիր, մի խանգարիր  նիստը: Ու այսպես նրանց մեջ լեզվակռիվ է ծավալվել, որը տեղափոխվել է միջանցք ու թեև  ավարտվել է հաշտությամբ, սակայն դարձել է  գյումրեցիների բուռն քննարկման  թեման:

Այս առիթով «Շիրակ կենտրոն հ-/կ նախագահ Վահան Թումասյանը իր կայքում  մասնավորապես գրում է.  «Այսօր, չգիտես ինչու, որոշեցի հազար ու մի գործս թողնել ու գնալ մասնակցել Գյումրու ավագանու նիստին, ի դեպ՝ կյանքումս առաջին անգամ: Ասեմ, որ այսօրվա նիստի օրակարգը կապ չուներ որոշմանս հետ: Անկեղծորեն ուզում էի ճանաչել քաղաքիս, այսպես ասած, ընտրյալներին, թե ովքեր են նրանք, ինչ դեմք ու հայացք ունեն և այլն: Այսինքն ստացվեց, որ թեկուզև անուղղակի, ուզում էի տեղական իշխանության հետ քիչ-քիչ հարաբերություններ հաստատել: Ասեմ, որ Գյումրու քաղաքապետարանի շենքի 3-րդ հարկը, այսինքն՝ քաղաքապետի աշխատասենյակի գտնվելու հարկը, առաջին անգամ ոտք դրեցի միայն տեղական մակարդակով իշխանափոխությունից՝ Վարդան Ղուկասյանի հեռանալուց հետո: Ինչևիցե, ասի գնամ ավագանու նիստին, տեսնեմ, գուցե ոտքս խերով լինի, ավագանու անդամները բացի նեղ անձնական շահերից, սկսեն մտածել նաև Գյումրու ավերված փողոցների եւ անտերուդուս թողած տնակային ավանների մասին: Նիստի ավարտից մի քանի րոպե առաջ, երբ ավագանու անդամներից մեկը, իր ելույթում գյումրեցիներին մեղադրելով փողոցները կեղտոտելու համար, առաջարկեց փողոցները չկեղտոտելու կոչով հանդես գալ, համբերությունս հատած` մի փոքրիկ ռեպլիկ արեցի, թե կոչից առաջ գոնե գրեյդերով փողոցների ցեխը հավաքեք: Ու սկսվեց: Ավագանու՝ ինձ համար մինչ այդ պահն անհայտ անդամներից մեկի դուրը չեկավ ռեպլիկս, ու իրեն հոգեհարազատ լեզվաբառապաշարով ինձ սկսեց « բացատրել» նիստերին մասնակցելու կարգը… Ինչևիցե, ամեն ինչ հաշտ ու բարիշ ավարտվեց, ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի… Բայց ճիշտն ասած` Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ընտրողների գոնե մի զգալի մասի կողմնորոշումներն են մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի մնում: Ստացվում է` ես ու իմ թիմակիցներն այսքան տարի վազում ու օգնում ենք նաեւ նրանց (հարյուրավոր ընտանիքների բնակարան ստանալու հարցում ցուցաբերած աջակցություն, արտերկրից տասնյակ հովանավորների հայտնաբերում և վերջիններիս միջոցով գնված 13 բնակարան, 800-ից ավելի ընտանիքների հագուստ, սնունդ և այլ պարագաներ, տասնյակ երեխաների ամենամսյա դրամական օգնություն, 180 ընտանիքի վառելափայտ ու այսպես շարունակ), ում ընտրյալներն այդ ընտրողների իսկ շահերի օգտին արված ռեպլիկի համար, մեղմ ասած, փորձում են «լռեցնել» շարքային ոչ ընտրյալին: Համաձայնե´ք, այնքան էլ ազնիվ չէ»:

Aravot.am-ի  հետ զրույցում ավագանու անդամ Եղիշե Պողոսյանն ասաց, որ որևէ արտառոց միջադեպ չի եղել, և  ինքը  միջամտել է այն պատճառով,  որ Վահանը  ռեպլիկ է թողել ավագանու անդամ Հրայր Կարապետյանի ելույթի  ժամանակ : «Մարդը  խոսում է, ինքը միջամտում է,  դա հաճելի չէ , մոտ նստածն էլ ես էի,  դրա համար ես միջամտեցի, բայց դե՝ անցավ-գնաց, ի՞նչ կռիվ,  ոչ մի արտառոց բան չի եղել մեր մեջ»:

Այդ դեպքում ինչո՞ւ էր դուրս գալիս միջանցք, հարցերն այնտեղ պարզելո՞ւ,  ավագանու անդամը վստահեցրեց, որ  ինքը  մի քիչ նյարդայնացած է եղել ու դուրս է եկել  նյարդերը  հանգստացնելու: Ի դեպ, նշենք, որ ավագանու անդամը մեզ հորդորում էր այլևս չգրել այս մասին , բայց քանի որ անհնարին է չանդրադառնալ, օբյեկտիվ  լինելու համար ստիպված եղանք   հրապարկել նաև նրա պատմածը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031