Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ կյանքը առանց սպորտի, մարզական լրագրության չեմ պատկերացնում». Գայանե Աբասյան

Մարտ 13,2013 19:57

«Վերևից կապույտ, ներքևից կապույտ»: Սա 19-ամյա Գայանե Աբասյանի ստեղծագործություններից մեկի վերնագիրն է: Երիտասարդ լրագրող-բանաստեղծուհին դա գրել է 2 տարի առաջ, ինչպես ինքն է ասում՝ իր հասունության շրջանում: «Դա մի շրջան էր, երբ ես անհոգ էի, հանգիստ, խաղաղ: Շուրջս կապույտ էր, կարծես ինչ-որ ճոճանակ լիներ, ու ես հանգիստ ճոճվեի: Ես կարող էի թեթևությամբ նայել այն ամենին, ինչ ժամանակին հնարավոր էր լացի ու ողբերգության առիթ դառնալ»,-ասում է նա: Համոզված է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում կյանքին: Երբ դու թեթև ու խաղաղ ես ապրում, կարողանում ես ուղղել սխալներդ ու ամեն բանից պատմություն չսարքել, ամեն բան շատ ավելի լավ է լինում»: Հավաստիացնում է՝ մինչ այդ այդպիսի զգացողություն, թեթևություն չի ունեցել:

Գայանեի խոսքով՝ ստեղծագործելիս իր առջև նպատակ չի դնում, թե այս հանգը պետք է այսպես լինի, այնպես լինի և այլն: Գրում է այն, ինչ զգում է, հետո ընտրում է ընթերցման արժանի գործեր և տեղադրում բլոգում: «Կան ստեղծագործություններ, որոնք ևս չեմ հրապարակում, կան նաև այնպիսիք, որոնք տեղադրում եմ բլոգում գրելուց որոշ ժամանակ անց, քանի որ այդ պահին մտածում եմ՝ ճիշտ ժամանակը չէ»,-ասում է նա: Իր ստեղծագորություններից առանձնացնում է «Русалка»-ն, որը հիմնված է իրական դեպքերի հիման վրա, մի քիչ փոփոխված է: Հերոսուհին հեղինակն է, ով օգնում է մի տատիկի. «Ես մինչ օրս նրան տեսնում եմ Ամիրյան փողոցում, ինչով կարողանում, օգնում եմ: Արդեն 3 տարի է, նա ինձ ճանաչում է և կոչում«Русалка»:
Գայանեի ընտանիքում կան այլ տաղանդավոր մարդիկ եւս: Նա ժամանակակից գրող Նշան Աբասյանի քույրն է: Չնայած գնահատում է եղբոր աշխատատանքը, սակայն կարծում է, որ իրենք շատ տարբեր են. «Նշանը կարողանում է իր ասելիքը փոքր ծավալի, պատկերավոր նկարագրությունների միջոցով ասել: Ես այդ մակարդակին չեմ հասել, գուցե երբեք չհասնեմ էլ, բայց այդ ոճը կարծես իմն էլ չէ»,-ասում է նա: Ստեղծագործությունների հետ կապված Գայանեն երբեք չի խորհրդակցում իր եղբոր հետ : «Եթե ես ազատորեն գրում եմ, ինչ կարիք կա ցույց տալ նրան և առհասարակ ուրիշին, ով կարող է քեզ ասել՝ այս հատվածը փոխիր և այլն»:
Գայանեն նաև լրագրող է, սովորում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նրա խոսքով՝լրագրությունը ևս իր ներդրումն է ունենում գեղարվեստական ստեղծագործությունների հարցում: Երբեմն նկատելով մի երևույթ՝ մտապահում կամ գրի է առնում, իսկ որոշ ժամանակ անց՝ գեղարվեստորեն մշակում: Նա կարծում է, որ ցանկացած լրագրող պիտի ունենա իր բլոգը. «Ավելի ճիշտ կլինի ասել տիրույթը, որտեղ լրագրողը ազատորեն կկարողանա զետեղել իր այն հոդվածները, գրառումները, կարծիքները, որոնք չեն հրապարակվել այլ լրատվամիջոցներում և որոնք փոփոխման ենթակա չեն»,-ասում է 19-ամյա Գայանե Աբասյանը: Սակայն վերջին շրջանում գրեթե չի թարմացրել այն ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով: Բանն այն է, որ աղջիկը վերջերս իրականացրեց իր երազանքը. այժմ նա մի քանի օրական, բայց մեծ ճանաչում ստացած հայկական սպորտային լրատվամիջոցներից մեկի համահեղինակն է՝ «Sargssyan studio»-ի հետ միասին: Կայքը ստեղծելու հարցում օգնել են իր մտերիմները: «Շնորհակալ եմ Սարգսյան ստուդիային, նաև ընկերներիս, ովքեր անշահախնդիր աջակցում են ինձ»: Նա նաև մեկնաբանում է այն հիմնական նպատակները, որոնք ընկած են եղել լրատվամիջոցը ստեղծելու հարցում: «Եթե մյուս կայքերը մեկնաբանում են միայն սպորտային իրադարձությունը, մենք որոշեցինք, որ մեր մարզասեր հասարակությանը հետաքրքիր է նաև այն, թե ինչ են անում ֆուտբոլիստները խաղից դուրս: Կայքում գործում է նաև Blogging բաժինը: Լրագրողները հետևում են նաև սպորտսմենների՝ սոցցանցերի գրառումներին: Ի դեպ, սպորտային թեմաներով Գայանեն գրել է նաև գեղարվեստական ստեղծագործություններ Մանչեսթեր Յունայթեդի, Բարսելոնայի և Ռելա Մադրիդի վերաբերյալ: Ի դեպ, նա «Ռելա Մադրիդ» ակումբի մոլի երկրպագուն է: Հավաստիացնում է՝ իր լրատվամիջոցում անխտիր պահպանում է անաչառությունն ու օբյեկտիվությունը: Նույնիսկ մի զավեշտալի դեպք է հիշում . « Բարսելոնա-Միլան խաղից հետո ծիծաղելի և ուրախալի էր, որ նյութն այնպես էի գրել, որ անգամ կասկածում էին` Բարսելոնայի երկրպագու եմ, գրել էին .«Հիմա դուք allsport.am եք, թե՞ Barsa.sport»:
Գայանեն նաև գրել է «Ես, հայրս ու ֆուտբոլը» ստեղծագործությունը: Այստեղ խոսվում է այն մասին, թե ինչպես է սկսել սիրել ֆուտբոլը. նրա հայրը ֆուտբոլիստ է եղել: Ստեղծագործությունը, սակայն, դեռևս չի ցանկանում հրապարակել: Գայանեն կարծում է ՝ երազանքները իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, իսկ դրանց համար՝ համապատասխան ցանկություններ: Իր երազանքներից մեկը կատարվել է, հետագայում կցանկանար ունենալ մարզական գործակալություն, որը տարբեր լրատվամիջոցներին կտրամադրեր մարզական լրատվություն: Հավաստիացնում է. «Ես իմ կյանքը առանց սպորտի, մարզական լրագրության չեմ պատկերացնում»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031