Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը մերժեց բոլոր միջնորդությունները եւ մտավ խորհրդակցական սենյակ

Մարտ 13,2013 19:17

Ինչպես արդեն  տեղեկացրել ենք՝ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները եւ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես են եկել մի շարք միջնորդություններով, այդ թվում՝ գործի վարույթը կասեցնելու, վկաներ հրավիրելու (մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին), 1988 ընտրատեղամասերից քվեաթերթիկներով լի պարկերը դատարան բերելու եւ բացելու, ու փորձագետներ հրավիրելու վերաբերյալ: Դատարանը մերժեց բոլոր միջնորդությունները:

Եզրափակիչ խոսքով հանդես գալու համար կողմերից յուրաքանչյուրին տրվեց երեսուն րոպե ժամանակ, բացատրություններով հանդես եկան դիմող կողմից՝ Զարուհի Փոստանջյանը, Կարեն Մեժլումյանը, Անդրիաս Ղուկասյանը, պատասխանող կողմից՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ՀՀ նախագահի երկու ներկայացուցիչները՝ Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը:

Մի քանի անգամ ընդհատվեց Զարուհի Փոստանջյանի ելույթը, որը կարծիք հայտնեց, թե Սահամանադրական դատարանը՝ պատասխանող կողմի հետ միասին անգործության է մատնվել եւ 1996 թվականից սկսած մերժել է ընտրական գործընթացին վերաբերող բոլոր դիմումները, ըստ էության, մերժելով նաեւ հասարակությանը:

Զարուհի Փոստանջյանն ասաց նաեւ, որ եթե դատարանն իրենց մերժի, իրենք իրավունքները կպաշտպանեն այլընտրանքային դատարանի՝ Ազատության հրապարակի միջոցով:

Պատասխանող կողմը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հայտնեց, որ սա նախադեպը չունեցող մի դիմում էր՝ հիշատակված 1996 թվականից սկսած, որ երբեւէ նման գործՍԴ ում քննության չի առնվել, եւ որ դիմումատուն իր դիմումի մեջ չի ներառել ապացույցներ, չկան հիմքեր, իսկ կից տեսանյութերն էլ վերաբերվում են սահմանափակ թվով տարածքների:

ՀՀ նախագահի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դիմող կողմը սպառել է որեւէ փաստարկ Սահմանադրական դատարան ներկայացնելու, խնդրեց մերժել դիմումը, նաեւ նկատեց, որ դիմումատուի կողմից բերված բացատրությունների 95%-ն առնչություն չունեն քննության դրված գործի հետ:

Սահմանադրական դատարանը ժամը 19.10-ին ավարտեց իր աշխատանքները՝ մտավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ թե երբ դուրս կգա՝ պարզ չէ: Մինչ այդ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասել էր՝ մնաց մեկ գիշեր եւ մեկ ցերեկ: Դատավորներն այս պահին խորհրդակցական սենյակում են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031