Նա «տաքուկ տեղերից» քննադատող չարակամներին ուրախացրեց, ասելով, որ այս անգամ 15 օրից շատ կտեւի իր հացադուլը:
Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հայտարարությունները, որ դուք ձեզ փակուղու առաջ եք կանգնեցրել՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով: Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսօր ոչ ես, ոչ հայ ժողովուրդը փակուղու մեջ չէ: Սեփական փակուղին ստեղծել է իշխող կուսակցությունը եւ նրա թեկնածուն հարգարժան, որը ստի, կեղծիքի, վախի եւ այլ հանգամանքներով փորձեց գողանալ ժողովրդի ձայնը, բայց իրենց պատասխանեց Չարենցը՝ մեր ժողովրդի հետ մեկտեղ»:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակ չգալու, հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չողջունելու հետ կապված հարցին ի պատասխան, նա ասաց, որ նախորդ ծոմից հետո առաջարկել է հանդիպում, մոտ տասը օր առաջ կրկին ասել է, որ պատարստ է հանդիպել նրա հետ: Նա այսօր էլ կրկնեց, որ բաց է ցանկացած հանդիպման համար. «Բոլորն էլ սխալական են, իմ նման: Եթե ինքը ցանկանա, ես մեծ սիրով կհանդիպեմ իրեն հետ՝ Ազատության հրապարակում: Բայց այստեղ արդեն հրավերի մեթոդաբանությունը հնացել է: Հատուկ զանգեր չեմ անում: Ինչ դուք տեսնում եք հրապարակում՝ խորհրդակցություն է, համերգ է, բանավեճ է, ամեն ինչ տեղի է ունենում առանց իմ խնդրանքի: Դրա համար ով պատրաստ է կամավոր գալ, բարեւել՝ ես պատրաստ եմ»:
Կարդացեք նաև
Ամեն օր Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ նամակներ է ստանում: Մենք հետաքրքրվեցիք, թե ինչ են գրում քաղաքացիները նրան. «Երգեր, բանաստեղծություններ, վերլուծություններ, առաջարկներ՝ առանց ստորագրահավաքի, տեղ-տեղ քննադատություններ: Հայ մարդը ազատ է: Գրությունները թե գեղարվեստական են, խիստ վերլուծական եւ քնարական»,- պատասխանեց պարոն Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ մարտի 15-ը իր աղջկա ծննդյան օրն է, եւ նա նախորդ անգամ այդ օրը հացադուլ արեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մարտին է, բայց ոչ 15-ին. «Անցյալ տարի իմ նախաձեռնությունը մեկնարկեց մարտի 15_ին եւ ավարտվեց մարտի 30-ին՝ Շուշիի ծննդյան տարեդարձի նախօրյակն էր: Իմ առաջին հացը ես թույլ տվեցի ինձ մարտի 30-ին: Մարդիկ կային, որ քննադատեցին ինձ, թե ինչո՞ւ 15 օր պահեցիք, չէ՞իք կարող ավելի պահել, եթե սկզբունքային մարդ եք: Մարդիկ, ովքեր մի ժամ չեն կարող մնալ առանց հաց ուտելու կամ խմելու: Դա իմ որոշումն էր: Ասում էին՝ միայն 15 օ՞ր: Հիմա առաջին հերթին տառապում է իմ ընտանիքը՝ Արմենուհին, Կարինը, Վանը, Տարոնը, Շուշին, Արմեն Ռիչարդը եւ նաեւ մեր համաքաղաքացիները: Ես այդ սրտակցութունը զգում եմ: Բայց նրանց համար, ովքեր ինձ քննադատեցին իրենց տաք անկյուններից, ասեմ, որ մի փոքր իմ ընտանիքին ավելի պիտի չարչարեմ, հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի հետ պայքարի մի մասն է: Թող մյուսները՝ չարակամները մի փոքր ուրախանան: Եթե լուծում չլինի, այս անգամ կլինի շատ ու շատ ավելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ