Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի իշխանություններից հայաստանցի եզդիները արդար դատավճիռ են պահանջում (Տեսանյութ)

Մարտ 13,2013 18:07

cuic 1«Ձեր բանտը Օսվենցիումն է Մերաբի համար», «Տեղափոխե’ք Մերաբին Հայաստան», «Վերջ տվե’ք նրա խոշտանգումներին»: Այսօր այսպիսի բովանդակությամբ ցուցապաստառներով հայաստանաբնակ մի խումբ ազգությամբ եզդիներ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նրանց ազգակիցը` Մերաբը, 2010 թվականից՝ գործընկերոջ սպանությունը պատվիրելու մեղադրանքով ձերբակալված է եւ ներկայումս գտնվում է Ուկրաինայի բանտում: Սակայն Մերաբի հարազատները, ընկերները համոզված են, որ «Մերաբն արդար է եւ սպանության գործը նրա վրա բարդելը պարզապես նրանից ունեցվածքը խլելու համար է արվել»:

Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման: Հարազատները վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարան: Մարտի 28-ին Մերաբի գործով հերթական դատավարությունն է լինելու:

Aravot.am-ի հետ զրույցում Մերաբի հարազատներն ու ընկերները վրդովմունք հայտնեցին, որ Մերաբը լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նրա ճակատագիրը մեր երկրի իշխանություններին չի հետաքրքրում: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը նույնպես որեւէ կերպ չի փորձել միջամտել կամ պաշտպանել իր երկրի քաղաքացու շահերը:

Մերաբի ծնողներին Հայաստանում մասնագիտական օժանդակություն ցուցաբերող Կարեն Ղազարյանը պատմեց, որ դատավարությունն ընթանում է նյութական եւ դատավարական մի շարք օրենքների խախտումներով. «27 վկաներից 22-ը չեն ներկայացել դատարան, մնացած վկաներն էլ դատարանում հերքել են իրենց նախաքննական ցուցմունքները, որոշներն էլ հայտնել են, որ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները բռնությամբ են նրանից կորզվել: Դատաքննությունը ինչ-որ պահի առանց Մեհրաբի եւ նրա պաշտպանների է իրականացվել, նրանց ապօրինաբար դուրս են հանել դատարանի դահլիճից եւ առանց նրա` դատաքննությունը շարունակել»:
Ըստ Կ. Ղազարյանի, այս ակցիաների միջոցով փորձում են «մեր պետության եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որպեսզի հասնենք արդար դատավճռի, արդար դատաքննության»:

Ակցիային ներկա իրավապաշտպան Միքայել Դանիելյանի խոսքերով, Մերաբի գործով ինքը դիմել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Ուկրաինայի դեսկոմիսարին` խնդրանքով, որ նա դիմի Ուկրաինայի իշխանություններին եւ այս գործը Պետդեպարտամենտը վերցնի իր հսկողության տակ. «Որովհետեւ այլ հնարավորություն նրան պաշտպանելու համար այլեւս չկա: Ուկրաինացի մի լրագրող արդեն ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել, քանի որ «youtube»-ում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ սպանվողի տղան պատվիրում է սպանություն եւ քիլլերին ասում է, որ եթե մենթերը քեզ բռնեն, կասես, որ Մերաբն է պատվիրել: 47 հատորանոց գործը Մերաբին տվել են ծանոթանալու 5 ժամում, Մերաբն ուկրաիներեն չգիտի, բայց նրան անգամ թարգմանիչ չեն տվել»:

Ակցիայի մասնակիցների բողոքին արձագանքեցին արտգործնախարարության հյուպատոսական բաժնից: Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ այդ գործով արդեն զբաղվում են: Միքայել Դանիելյանի եւ նախարարության ներկայացուցչի զրույցի մանրամասները` տեսանյութում:

Մերաբի մանկության ընկերոջ` Կարենի խոսքերով, Մերաբը մարդասպան չէ. «Դատավարությունը գնում է առանց վկաների, առանց ապացույցների: Նրա որդուն չեն թողնում մուտք գործի Ուկրաինա: Մարտի 28-ին նրա դատն է, համոզված եմ, որ դռնփակ է լինելու: Նրան մարդասպանություն պատվիրելու մեղադրանք է առաջադրվել եւ ցմահ դատավճիռ են կայացրել, իրականում իր սեփականությունն են ուզում ձեռքից վերցնել: Նա Ուկրաինայում 40 հազար քառակուսի մետր տարածքով կահույքի առեւտրի կենտրոն ունի, որը խլելու համար մեծ պայքար է գնում: Մեր պահանջն է, որ Հայաստանը մասնակցի դատավարությանը եւ հետեւի, որ ամեն ինչ գնա ըստ օրենքի կամ էլ նրան վերադարձնեն Հայաստան եւ այստեղ ընթանա դատավարությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031